Գնդապետ. Առաջին դիրքի խորությամբ ինժեներական աշխատանքները հասցված են 100 %-ի

Գնդապետ. Առաջին դիրքի խորությամբ ինժեներական աշխատանքները հասցված են 100 %-ի

PanARMENIAN.Net - Ինժեներական կահավորվածության վիճակը շփման գծում ապրիլյան պատերազմի օրերին և այսօր տոկոսային հարաբերակցությամբ ներկայացնելու դեպքում, կարելի է ասել, որ այն ժամանակ այդ թիվը եղել է գրեթե 30 տոկոս, այժմ հասել է 100 տոկոսի։ Այսպիսի հայտարարություն է արել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Ներկա դրությամբ ինժեներական կահավորվածությունը հասցվել է կատարյալ վիճակի: Առաջին դիրքի խորությամբ աշխատանքները հասցված են 100 տոկոսի, աշխատանքներ են տարվում ավելի խորը պաշպանության ուղղությամբ», - ասել է Վիկտոր Առուստամյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա ընդգծել է, որ զինատեսակների թարմացման հարցում հայկական կողմը բավական լուրջ առաջընթաց ունի. «Արցախի Հանրապետության կառավարության և նախագահի կողմից արտաբյուջեի գումարներով ռազմական արդյունաբերությունը բավականին զարգացել է»։

Նա նշել է, որ թեև չի կարող հրապարակել, թե ինչ տեսակի զենքերով է հարստացել ռազմարդյունաբերությունը, բայց նշել է, որ դրանք բավականին լուրջ զենքի տեսակներ են։

Անդրադառնալով Թալիշի ուղղությամբ անվտանգության գոտու ստեղծմանը՝ Առուստամյանն ասել է, որ այնտեղ մեծածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, ինչը թույլ չի տալիս Թալիշի ուղղությամբ հրաձգային զենքից կրակ արձակել։

Խոսելով այս պահին սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Վիկտոր Առուստամյանն ասել է, թե դիպուկահարներ են աշխատում հակառակորդի կողմից, ինչի հետևանքով, ցավոք, հայկական կողմը կորուստներ է ունենում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշում ընթացող շինարարական աշխատանքներին, ինչպես նաև տեղում քննարկել համայնքի զարգացմանը վերաբերող մի շարք ծրագրեր: «Թալիշի վերականգնման ծրագիրը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Անցած տարվա ապրիլին, Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով, գյուղի բնակչությունը ստիպված է եղել լքել սեփական տունն ու տեղը: Այսօր մեր խնդիրն է անվտանգության բավարար և սոցիալ-տնտեսական գրավիչ պայմաններ ապահովել, որպեսզի ապագայում թալիշցիներն այլևս հարազատ օջախը լքելու խնդիր չունենան»,- ասել էր Արցախի վարչապետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---