// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Հայերին սիրելու» համար հալածվող ադրբեջանցի ուսուցիչ. Գիտակցել եմ, թե ինչ հետևանքներ կարող են լինել

«Հայերին սիրելու» համար հալածվող ադրբեջանցի ուսուցիչ. Գիտակցել եմ, թե ինչ հետևանքներ կարող են լինել

PanARMENIAN.Net - Բաքվի թիվ 220 դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչ Ռովշան Ազիզովը, որին ազատել են աշխատանքից հայերի հանդեպ հանդուրժողականություն քարոզելու համար, հայտարարել է, որ մտադիր չէ հանձնվել և կշարունակի քարոզել ադրբեջանցիների շրջանում երկու ժողովրդների բարեկամության գաղափարը:

Ազիզովը, որը հատուկ տեսանյութեր է պատրաստում՝ որպես ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության կողմնակից: Ազիզովն աշակերտուհիներից մեկին հայկական տարազ էր հագցրել, լուսանկարել նրան Բաքվի հայկական եկեղեցու ֆոնին և հրապարակել էր լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում, ինչը լուրջ բողոքների առիթ է դարձել Ադրբեջանում: Սոցցանցերում բողոքներ էին տարածվել այդ ուսուցչի դեմ, որտեղ ասվում էր, որ նա ինքն է բացահայտ խոստովանում, որ աշակերտների շրջանում հայերի հանդեպ հանդուրժողականությունէ սերմանում:

PanARMENIAN.Net ը զրուցել է ուսուցչի հետ, իմացել, թե ինչպես է նրա մոտ առաջացել աշակերտների շրջանում հայերի հանդեպ սեր քարոզելու գաղափարը, ինչպես նաև նրա ծրագրերի մասին:

«Ես երեխաներին հանդուրժողականություն եմ սովորեցրել, ժողովրդավարություն, հավասարություն, եղբայրություն: Մենք պետք է հանդուրժող լինենք այլ ժողովրդների, այդ թվում հայերի հանդեպ, մենք պետք է այլ ժողովրդներին այնպես վերաբերվենք, ինչպես կցանկանայինք, որ մեզ վերաբերվեն: Հայերն ու ադրբեջանցիները պետք է խաղաղ ապրեն, այդ երկրու երկրները կարող են կողք կողքի գոյատևել: Մենք կարող ենք խաղաղ գոյակցել՝ չհեղելով միմյանց արյունը: Պատերազմը խնդրի լուծում չէ»,-ասել է Ազիզովը:

Պատասխանելով այն հարցին՝ թե գիտակցում էր նա արդյոք ռիսկը, որին գնում է, ադրբեջանական հանրության հնարավոր արձագանքը, երիտասարդ ուսուցիչն ասել է, որ գիտակցաբար է դրան գնացել:

«Ես հասկացա, որ ինչ-որ մեկը պետք է քայլ անի և ասի մի բան, որը կբացի մարդկանց աչքերը: Ես գիտեմ, որ մենք կարող ենք դադարեցնել պատերազմն ու կարգավորել հակամարտությունը՝ առանց պատերազմի: Ադրբեջանցիները բարի ժողովուրդ են, ես վստահ եմ, նրանք մի օր կհասկանան, որ ես ճիշտ եմ վարվում և ճշմարտությունն եմ ասում»,-ասել է Ազիզովը:

Ըստ նրա, յուրաքանչյուր ազգի պետք է վերաբերվել սիրով ու կարեկցանքով, անկախ նրանից որ ռասային են նրանք պատկանում կամ ինչ կրոն են դավանում: Նա շեշտել է, որ հայերը, ինչպես և ադրբեջանցիները, պետք է ևս մեկ քայլ անեն և սովորեն հարգանքով վերաբերվել միմյանց:

Պատմելով դպրոցում իր գործունեության մասին՝ ուսուցիչը նշել է, որ իր աշակերտների ծնողները գիտեին նրա մոտեցման մասին և թե ինչ է նա սովորեցնում երեխաներին:

«Դժվարությամբ ինձ կհավատաք, բայց ծնողները լիակատար աջակցություն են ցուցաբերել ինձ: Ես սովորեցրել եմ երեխաներին, որ մեր հարաբերությունները հարևան երկրների հետ պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության վրա»,-ասել է Ազիզովն ու հավելել, որ դեռևս կապ է պահպանում աշակերտների հետ: «Նրանք ինձ ասում են, որ չնայած ինձ առանց պատճառի ազատել են աշխատանքից, նրանք միևնույն է սիրում են ինձ և միշտ տարածելու են սիրո, խաղաղության և կարեկցանքի մասին իմ գաղափարները»: Նրա խոսքերով, ոչ ոք չի կարող խանգարել իրեն. «Ես կվերափոխեմ մարդկանց գիտակցությունը և, թեև իմ կյանքը հիմա վտանգված է, իմ պայքարը շարունակվելու է»:

«Ինձ մեծ վտանգ է սպառնում, բայց չեմ կարծում, որ ինձ կձերբակալեն, կառավարությունը նման սխալ չի գործի: Կարծում եմ, որ հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է Ադրբեջանի շահերից»,-ասել է նա:

Խոսելով ապագայի վերաբերյալ իր ծրագրերի մասին՝ Ազիզովը նշել է, որ մնալու է Ադրբեջանում:

«Ես կմնամ Ադրբեջանում այնքան, մինչև որ մարդիկ հասկանան ինձ: Ես պայքարելու եմ հանուն խաղաղության մինչև արյան վերջին կաթիլը, նույնիսկ կյանքիս գնով: Վստահ եմ, որ Աստված ինձ հետ է, և եթե ես մեռնեմ, վախկոտի պես չեմ մեռնի»,-ասել է երիտասարդ ուսուցիչն Ադրբեջանից:

 Ուշագրավ
Նիդերլանդների ու Թուրքիայի հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում
Նա ասել է, որ 1,5 մլն հայերի սպանածների ժառանգներն են թուրքերը
Տեսանյութը նկարահանվել է Հայաստանի մետաղաձուլական արտադրամասերից մեկում