ՀՀ-ն ՄԱԿ-ում Ցեղասպանության կանխարգելման բանաձև է ներկայացնում

ՀՀ-ն ՄԱԿ-ում Ցեղասպանության կանխարգելման բանաձև  է ներկայացնում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման բանաձև, որով Կոնվենցիայի ընդունման 70-ամյակը նշվելու է գործողությունների հստակ առաջարկություններով և անդրադարձ է կատարվելու այս ուղղությամբ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների գործունեությանը: Այդ մասին ՄԱԿ-ում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև: Որպես դրա շարունակություն` կրկին մեր նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր: Ինչպես վերջերս նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մայքլ Մյոլլերը. «Հայաստանն առաջատար դեր է ստանձնել 1948 թվականին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի կիրառման պաշտպանության գործում»,-ասել է նախարարը:

Նա հավելել է, որ աշխարհի տարբեր մասերում՝ հենց մեր աչքերի առջև, կատարվող էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունները, բացահայտ կերպով ի ցույց են դնում, որ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից» և կանխարգելման օրակարգի վերակենդանացմանն ուղղված միջազգային ջանքերի կրկնապատկումը շարունակում է հրամայական մնալ:

«Դեկտեմբերի 9-ին մենք Երևանում հյուրընկալելու ենք Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը։ Այն կարևոր հարթակ կհանդիսանա այս զազրելի հանցագործության դեմ մեր միասնական պայքարի վճռականության արտացոլման, դրա շուրջ իրազեկվածության բարձրացման և կրթության խրախուսման միջոցով ցեղասպանությունների կանխարգելման համար»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։

2015 թվականի մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”): Հայաստանի նախաձեռնած բանաձևում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին: Բանաձևի համաձայն, նախատեսվում է նաև ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների համաշխարհային ցանցի ստեղծում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---