«Ռոսնեֆտը» խնդրել է ՀՀ մասին Լեոնտևի խոսքերը չկապել ընկերության հետ

«Ռոսնեֆտը» խնդրել է ՀՀ մասին Լեոնտևի խոսքերը չկապել ընկերության հետ

PanARMENIAN.Net - «Ռոսնեֆտ» ընկերությունը մեկնաբանել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի «Գլավտեմա» հաղորդման հաղորդավար Միխայիլ Լեոնտևի խոսքերը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ: Ընկերությունում նշել են, որ լրագրողի արտահայտությունները ոչ մի ընդհանուր բան չունեն «Ռոսնեֆտի» դիրքորոշման հետ:

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի «Գլավտեմա»հաղորդումը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հաղորդավարններ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը վերջին մի քանի թողարկումները, մասնավորապես, ապրիլի 26-ի և մայիսի 3-ի թողարկումները, նվիրեցին հայաստանյան իրադարձություններին: Նրանք համեմատականներ են անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի «հեղափոխությունների» միջև, Հայաստանը «ՌԴ համար բեռ» համարելով, և կոչ են արել երկրի իշխանություններին «արյան մեջ խեղդել»՝ բողոքները ճնշելու համար:

«Լրագրող Միխայիլ Լեոնտևի մասնավոր արտահայտությունները ոչ մի ընդհանուր բան չունեն ՀՀ հետ համագործակցության վերաբերյալ «Ռոսնեֆտի» դիրքորոշման հետ: Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և երկրի խորհրդարանի ընտրությունը, իսկ բացի այդ, ակտիվ աշխատում է տարածաշրջանում և երաշխավորում է պայմանագրային պարտավորությունների կատարումը»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Միխայիլ Լեոնտևը նաև «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղարն է:

Ինքը Լեոնտևը ՌԲԿ-ի հետ խոսակցությունում հայտարարել է, որ իր խոսքերը ՀՀ մասին իր անձնական կարծիքն են, ոչ թե ընկերության դիրքորոշումը: «Ես մասնավոր անձ եմ, ես իմ իրավունքներն ունեմ և իմ դիրքորոշումը: Եթե ինձ հրավիրում են որևէ տեղ, այդ թվում «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայան, ես իրավունք ունեմ հայտնելու իմ անձնական դիրքորոշումը, քանի որ ինձ հենց դրա համար էր հրավիրել են: Իմ անձնական կարծիքը, բավականին ծայրահեղ, որպես «Ռոսնեֆտի» դիրքորոշում ներկայացնելը խարդախություն է»,-ասել է Լեոնտևը:

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած արտահայտությունների կապակցությամբ հայտարարություն էր տարածել Ռուսաստանի Հայերի միությունը՝ վրդովմունքն արտահայտելով և նշելով, որ հաղորդավարներն անցել են լրագրողական և մարդկային էթիկայի բոլոր սահմանները: Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ՌԴ քննչական կոմիտեին ուղղված դիմումի տակ, որի մասնակիցները խնդրում են պատասխանատվության ենթարկել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հաղորդավարներին՝ թշնամանք և ատելություն սերմանելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---