Բագրատյանը՝ Փաշինյանին. Այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր

Բագրատյանը՝ Փաշինյանին.  Այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ՀՀ կառավարության հունիսի 11-ի նիստում ընդունած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու որոշմանը, որն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից:

Ըստ նրա, նախագիծը հավուր պատշաճի չի քննարկվել ընդունվելուց առաջ, և այս համակարգում «անդառնալիության կետ չկա», ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Զարգացման մեր մակարդակում, երբ մասնավոր սպառումը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ն, նման հանդուգն կուտակում կատարելը տրամաբանական չէ։ Մենք թաղված ենք միջնաժամկետ և միջին երկարաժամկետ (համենայն դեպս 45 տարուց պակաս) պարտքերի մեջ։ Բայց արի ու տես երկարաժամկետ պարտք ենք տալիս։ ՀՀ այսօրվա բյուջեն հիմնականում պետական ոլորտում զբաղվածների աշխատավարձն է ու կենսաթոշակները։ Երբ մենք բյուջեից 5-6%- հանում ենք, ապա հարաբերականորեն իջեցնում ենք այս մարդկանց աշխատավարձը կամ թոշակը։ Ստացվում է այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր (որոնք այսօր աշխատում են)։ Սա անթույլատրելի է։ Սովորաբար աշխատողներն են պահում չաշխատողներին», - նկատել է նա:

Ըստ նրա, փողը դուրս է տարվում 45 տարով, բայց ներդրվում է միջնաժամկետ արժեթղթերում (մինչև 10 տարի) կամ էլ միջին երկարաժամկետներում (մինչև 20 տարի)։

«Այդ դեպքում ի՞նչու ենք 45 տարով տալիս։ Ի՞նդու չենք կապիտալիզացնում յուրաքանչյուր 10 կամ 20 տարին մեկ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին որ աշխարհում 30 տարուց բարձր ռեգուլյար արժեթղթեր չկան։ Նայեք ԱՄՆ-ին. 10 տարին մեկ կապիտալիզացնում է։ Նույնիսկ Չիլին, որից իբր թե համակարգը փոխառել ենք։ 20 տարուց մի փոքր ավել (ի դեպ, Չիլին վերջերս մտցրել է աշխանքային կենսաթոշակ, մերձբալթյան հանրապատություններն իրենց վերջին տարիների ցածր տնտեսական աճը բացատրում են կուտակայինով)։ 45 տարի տնտեսական հորիզոն չկա, քանզի շղթայական ինդեքսները այդքան երկար ժամկետի համար գնաճի կամ արժույթի փոխարժեքի մեծ տատանումներ են տալիս։ 45 տարի հետո մենք չենք կարող իրար հանդիպել և ասել, ով էր ճիշտ և ով էր սխալ։ Մենք պարզապես չենք լինի», - գրել է նա:

Բագրատյանը հավելել է, որ Facebook-ում հրապարակում չէր անի այս թեմայով, եթե Փաշինյանը պատասխաներ նրա հեռախոսազանգերին և լսեր իրեն:

Կառավարությունը հունիսի 11-ի նիստում թեժ մթնոլորտում ընդունել է հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու որոշումը․ Աշխատավարձի 10%-ի ծավալով կուտակային ֆոնդ արվելիք ներդրման 2,5%-ը կվճարի քաղաքացին, 7,5%-ը՝ պետությունը։

Նախկինում գործող կարգի համաձայն, համակարգի մասնակիցն ու պետությունն անում էին հավասարաչափ ներդրումներ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---