Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ-ին Բիլզերյանի՝ Արցախ այցի պատճառով

Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ-ին Բիլզերյանի՝ Արցախ այցի պատճառով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին հայտնի ամերիկահայ միլիոնատեր «Instagram-ի արքա» և Ignite ընկերության հիմնադիր Դեն Բիլզերյանի Արցախ այցի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի վաղ առավոտյան: Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել և հաշվառման կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Երևանից նա մեկնել է Արցախ:Արցախում նա հանդիպել է ուժայինների հետ և կրակել տարբեր զինատեսակներից,այդ թվում նռնականետից:Բիլզերյանն Արցախ էր մեկնել հոր և եղբոր հետ:

«Գիլը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել ԱՄՆ Պետդեպարտամենտին հասցեագրված բողոքի նոտան այդ երկրի քաղաքացի Դեն Բիլզերյանի՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներ ապօրինի այցի կապակցությամբ»,-ասել է Հաջիևը, գրում է «Ինտերֆաքսը»:

Ադրբեջանի ԱԳՆ նոտայում ասվում է նաև, որ Բիլզերյանն Արցախում «զբաղվել է ապօրինի ռեժիմի քարոզչությամբ, հակաիրավական ճանապարհով հրազեն է ձեռք բերել և սադրիչ նպատակներով ցուցադրաբար կրակ է բացել Ադրբեջանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ»:

Ըստ Հաջիևի, ԱՄՆ դիվանագետն իրազեկվել է նաև, որ «ԱՄՆ քաղաքացի հանդիսացող այդ անհատի սանձարձակ և տգետ հայտարարություններն առնչվում են ադրբեջանցի ժողովրդի արժանապատվության և բարոյական արժեքների հետ և հակասում են Ադրբեջանի և ԱՄՆ միջև առկա բարեկամական հարաբերությունների ոգուն»:

Նա նշել է, որ ամերիկացի դիվանագետը տեղեկացվել է նաև, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Բիլզերյանին պատասխանատվության կանչելու համար:

«Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԱՄՆ կառավարությունն ամենայն լրջությամբ կվերաբերվի պաշտոնական Բաքվի մտահոգություններին Բիլզերյանի ապօրինի գործողությունների վերաբերյալ և միջոցներ կձեռնարկի, որպեսզի հետագայում ԱՄՆ քաղաքացիները խուսափեն Ադրբեջանի գրավյալ տարածքներ այցելություններից»,-ասել է Հաջիևը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազության Քննչական վարչությունը քրեական գործէ հարուցել հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի դեմ՝ Արցախ «ապօրինի» մեկնելու համար:Նշվում է, որ Արցախում նա «ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան և այլ հրազեն՝ ցուցադրաբար կրակ բացելով»:Բիլզերյանի դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 228.3 և 318.2 հոդվածներով:

Դեն Բիլզերյանն իրեն ձերբակալելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների որոշումն անվանել է «քաղաքականապես մոտիվացված»: Բիլզերյանն այդ մասին հայտարարել է People ամսագրին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ է հաստատել Ինտերպոլի հետ և կոչ արել մերժել Ադրբեջանի հարցումը, որպես քաղքականապես մոտիվացված:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---