Գործադիրը կաջակցի 24-500 մլն դրամ շրջանառությամբ բիզնեսին

Գործադիրը կաջակցի 24-500 մլն դրամ շրջանառությամբ բիզնեսին

PanARMENIAN.Net - 2019-ի ընթացքում 24-500 մլն դրամ շրջանառություն ունեցած ընկերությունները կարող են օգտվել Կառավարության աջակցությունից, եթե գործունեություն են ծավալում մշակող արդյունաբերության, կացության և հանրային սննդի կազմակերպման, փոխադրումների և պահեստային տնտեսությունների կազմակերպման, զբոսաշրջային, սպասարկման և առողջապահական ոլորտներում:

«Կազմակերպությունների ընտրությունը կատարում է ոչ թե բանկային համակարգը, այլ ընտրվում են իրենց բնորոշ այնպիսի օբյեկտիվ չափորոշիչներով, որոնք առկա են եղել 2019-ի ընթացքում. կազմակերպությունը որևէ ժամկետանց պարտավորություն չպետք է ունենա և պետք է լինի օրինապահ հարկատու»,- ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նշված եղանակով վարկային միջոցները կարող են վերցվել, եթե ընկերությունները վճարում են աշխատակիցների աշխատավարձը (3 ամսվա համար՝ յուրաքանչյուրին 300,000 դրամի սահմանաներում), եթե վճարվում են պետական հարկեր կամ տուրքեր, ձեռք է բերվում հումք, կատարվում են կոմունալ վճարումներ, փոխանցում վարձակալության վճարներ:

«Այս կազմակերպություններն իրենց 2019-ի շրջանառության 10 տոկոսի չափով կարող են դիմել, ըստ էության, պետական ֆինանսավորման հաշվին դառնալով ավտոմատ եղանակով վարկավորվող: Առևտրային բանկերը որևէ վարկի վերադարձելիության ռիսկ չեն վերցնում, այստեղ կազմակերպությունը դիմում է պետական միջոցներով ֆինանսավորման համար՝ ներկայացնելով միայն շահառու ֆիզիկական անձի՝ տվյալ բիզնեսի անձնական երաշխավորությունը»,-ասել է Խաչատրյանը:

Ըստ նախարարի՝ ծրագիրը հնարավորություն է տալիս, որ յուրաքանչյուր ընկերություն դիմի 2.4 մլն դրամից մինչև 50 մլն դրամ վարկավորման համար: Վարկավորումն առաջարկվում է 3 տարվա համար, առաջին երկու տարին 0%-ով, երրորդը՝ 12% դրամային տոկոսադրույքով: Վարկառու կազմակերպությունը, կառավարության նախնական որոշմամբ, 6 ամիս վարկի մարում չի իրականացնի:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Կառավարությունը լրացուցիչ աջակցության տարբերակներ է ներկայացնու բիզնեսին՝ վիրուսի հետևանքով առաջացող հնարավոր ճգնաժամը հաղթահարելու համար:

Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 25-ով: Ապաքինվել է 18 անձ, փաստացի բուժվում է 272-ը։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
ՌԴ-ում սահմանափակումների ռեժիմը չի ազդելու ՀՀ-ի վրա
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ուսումնասիրում է ալկոգելի շուկան՝ խախտումների մասին ահազանգերի հիմքով
Փաշինյանն ասել է, որ կորոնավիրուսից հետո ավելի ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կհասցնեն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնել
«Պատրաստ ենք անբարենպաստ զարգացման դեպքում «հանգստացնել» ֆինանսական շուկան»,- ասել է նա