Սաֆարյան. I եռամսյակում ՀՀ չի այցելել մոտ 175,000 զբոսաշրջիկ, II եռամսյակն ավելի վատը կլինի

Սաֆարյան. I եռամսյակում ՀՀ չի այցելել մոտ 175,000 զբոսաշրջիկ, II եռամսյակն ավելի վատը կլինի

PanARMENIAN.Net - 2020-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ չի այցելել մոտ 175,000 զբոսաշրջիկ, հայտարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

«Երկրորդ եռամսյակի պատկերն ավելի վատը կարող է լինել, քանի որ փակ սահմաններ են, թռիչքները դադարեցված են, զբոսաշրջային այցելություններ չեն լինելու: Սա նշանակում է, որ այն ֆինանսական մուտքերը, որոնք ՀՀ-ն ունենում էր զբոսաշրջության միջոցով, չեն լինելու»,- նշել է նա:

Սաֆարյանի խոսքով՝ դեռևս հնարավոր չէ ասել, թե ոլորտն ինչ կորուստներ կկրի, բայց եթե հաշվարկվի մեկ զբոսաշրջիկի շնչին ընկնող արժեքով՝ առաջին եռամսյակի համար դա կլինի մոտ 175,000 մարդ՝ բազմապատկած $770, որը մեկ զբոսաշրջիկի միջինացված ծախսն է ՀՀ-ում:

Սաֆարյանը հայտնել է նաև, որ այս պահին երկրում գործող հյուրանոցների հետ գործակցության շրջանակում դրանք կարող են գնառաջարկ ներկայացնել և կորոնավիրուսի կասկածով մեկուսացվածների համար որպես կացարան ծառայել:

Անդրադառնալով անվտնագության հարցին՝ նա նշել է, որ վերջին տվյալներով ՀՀ-ում զբոսաշրջիկներ գրեթե չկան, բազմաթիվ հյուրանոցներ կոնսերվացված են, սպասարկում չեն իրականացնում, իսկ այն հյուրանոցները, որտեղ մեկուսացվածներ կան, ախտահանվել և ախտահանվում են առողջապահության նախարարության համապատասխան ցուցմամբ: Դրանք հետագայում այլ զբոսաշրջիկների համար որևէ ռիսկ չեն կարող ներկայացնել:

Խոսելով ներքին զբոսաշրջության ոլորտի մասին, Սաֆարյանը նշել է, որ այն «փրկելու» անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ փակ սահմանների առկայության դեպքում քաղաքացիները ճանապարհորդելու են ՀՀ տարածքում:

«Հետևաբար, դա այն կարևոր օղակներից մեկը կարող է լինել, որը զբոսաշրջության ոլորտին որոշակի գործունեության ձև կտրամադրի և հնարավորություն կտա որոշակի կարիքներ բավարարել»,- նշել է նա:

Սաֆարյանը նաև հիշեցրել է, որ Կառավարության մշակած աջակցության փաթեթներից որոշները վերաբերում են նաև զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալողներին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Երկրում մինչև մարտի 31-ը տեղաշարժման խիստ սահմանափակումներ են գործում, մարդիկ կարող են տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում՝ տեղաշարժման թերթիկ լրացնելով: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից վերականգնվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---