Պեսկով․ Մոսկվան կապի մեջ է Անկարայի հետ ԼՂ-ում իրավիճակի հարցով

Պեսկով․ Մոսկվան կապի մեջ է Անկարայի հետ ԼՂ-ում իրավիճակի հարցով

PanARMENIAN.Net - Մոսկվան կապի մեջ է Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երեկ շփումներ են եղել Անկարայի հետ ԱԳ նախարարության գծով։ Ուստի այստեղ ևս ռուսական կողմը կապի մեջ է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում է արդյոք հեռախոսազրույց ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ԼՂ հարցով, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը հավելել է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց կլինի անհրաժեշտության դեպքում։

Ավելի վաղ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։

Պեսկովը նշել է նաև, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում «լրջագույն մտահոգության առիթ է հանդիսացել» ՌԴ և այլ երկրների համար։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, իր հերթին, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ Այդ մասին նա գրառում է կատարել «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում, տեղեկացնում է գործակալությունը։

«Հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ հանգուցալուծում որոնելու և ճգնաժամը հաղթահարելու համար՝ ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափը, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են ու մերձավոր գործընկերները»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---