Human Rights Watch․ Ադրբեջանը ԼՂ խաղաղ բնակչության ուղղությամբ կասետային զենք է կիրառել

Human Rights Watch․ Ադրբեջանը ԼՂ խաղաղ բնակչության ուղղությամբ կասետային զենք է կիրառել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակաբար օգտագործել է արգելված կասետային զինամթերք Արցախի բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Human Rights Watch-ը, որի մասնագետներն աշխատել են տեղում և նման զինամթերքի կիրառման ապացույցներ հավաքագրել։

Նրանք արձանագրել են Ադրբեջանի կողմից կասետային զենքի կիրառման 4 դեպք, այդ թվում՝ իսրայելական արտադրության LAR-160 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներով։

Թեև Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմն օգտագործում է կասետային զենքեր, Human Rights Watch-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից դաշտային փաստահավաք աշխատանքների համար մուտքի թույլտվություն դեռ չի տրվել։

Կառույցը կասետային զենքի թիրախ դարձած երեք թաղամասի հարևանությամբ ռազմական տեխնիկա կամ օբյեկտ չի հայտնաբերել, սակայն նշվում է, որ եթե անգամ լինեին, դա չի արդարացնում պատերազմական օրենքներով արգելված այս զինամթերքի կիրառումը։

Կասետային զինամթերքը բաղկացած է կոնտեյներից, որն օդում բացվում է և տարածության վրա սփռում բազմաթիվ ռազմամթերք: Այն կարող է կիրառվել օդից նետման կամ հրետանու և հրթիռների միջոցով, հատկապես վնասում է քաղաքացիական բնակչությանը։

Կասետային զինամթերքի կիրառումն արգելված է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքով, այլև 2008 թվականին ընդունված Կլաստերային Զինամթերքի Մասին Միջազգային Կոնվենցիայով։ Դրանով խստիվ արգելվում է կասետային զինամթերքի կիրառումը, տեղափոխումը, արտադրությունը, պահումը և պահեստավորումը։ Այն ստորագրել է 100-ից ավելի երկիր։ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ իր երկրի տարածքում չի արտադրում, պաշար չի հավաքում և չի օգտագործում նման տեսակի զինամթերք, բայց տարածաշրջանային անվտանգությամբ պայմանավորված դեռ չի ստորագրել կոնվենցիան՝ ակնկալելով փոխադարձության սկզբունքը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---