Հանրային քննարկման է ներկայացվել մի նախագիծ, որով առաջարկվում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող) բուժօգնությունն ու սպասարկումը Հայաստանի բուժհիմնարկներում։
Նախագիծը ներկայացրել է վարչապետի աշխատակազմը։
Վարչապետի աշխատակազմն առաջարկում է լրացում կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում։
Քանի որ, ըստ գրծող օրենքի նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա և նրան ևս անձնական բժիշկ հատկացնել։
Նախագիծը պետք է ներկայացվի կառավարության հաստատմանը, հետո քվեարկության դրվի Ազգային ժողովում։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը, ի պատասխան շրջանառվող լուրերի, թե պետպատվերով բուժումը սառեցվել է, պարզաբանել է, որ այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական վիճակը, այսինքն` ավելի մեծ թվով քաղաքացիներին սպասարկելու հանգամանքը, որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են։ ԱՆ-ից հայտնել էին նաև, որ յուրաքանչյուր տարվա համար քաղաքացիների պետպատվերով բուժման համար որոշակի գումար է հատկացվում։