Հայ աստղերի համար անակնկալ չէր Սոնա Շահգելդյանի մեծ հաջողությունը

Հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար

«Նովայա վոլնա» մրցույթի գոյության 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ երգչուհին: Այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը` նա հաղթեց ընտրական փուլում, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլին: Սոնայի հիանալի վոկալային տվյալների և ձայնի անսովոր տեմբրի մասին վաղուց էին խոսում: Սակայն հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար: Ժյուրին ավանդաբար իր հիացմունքն էր հայտնում Հայաստանից ժամանած երգիչներին, սակայն ամեն անգամ նրանց չէր բավականացնում մի քանի, կամ նույնիսկ մեկ միավոր հաղթանակի համար: Այդպես եղավ նաև Ռազմիկ Ամյանի դեպքում, որը մասնակցեց մրցույթին 2006-ին, երբ բոլորը հիացմունքով էին խոսում երգչի յուրահատուկ ձայնի մասին, սակայն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Մոտավորապես նույն իրավիճակն էր Մհերի դեպքում` նա մասնակցեց մրցույթին 2008 թվականին: Այն ժամանակ նա արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին, սակայն առաջին տեղը չգրավեց:

PanARMENIAN.Net - Սակայն Սոնա Շահգելդյանն իսկական ֆուրոր առաջացրեց վերջին մրցութային օրը: Այդ օրը նա յուրօրինակ ռեկորդ սահմանեց` ստանալով ժյուրիի բոլոր անդամների միաձայն բարձրագույն գնահատականը (բոլորը նրան 11 միավոր տվեցին): Այդպիսով Սոնան դարձավ «Նովայա վոլնա 2010»-ի հաղթողը, հավաքելով 288 միավոր և ստանալով նվիրական արձանիկն ու արժանանալով 50 000 եվրո մրցանակի:

Սոնա Շահգելդյանի հաղթանակը ակտիվ քննարկումների առիթ հանդիսացավ հայ երգիչների շրջանում: Մասնավորապես, երգչուհի Լիանան մրցույթում Սոնայի հաղթանակի գրավականներից մեկը համարեց նրա աշխատասիրությունը: «Կարծում եմ, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սոնա Շահգելդյանը տաղանդավոր երգչուհի է: Նրա ելույթը Յուրմալայում լավագույնն էր մասնակիցների թվում: Ես գտնում եմ, որ դա Սոնայի կատարած մեծ աշխատանքի արդյունքն է, որը ստացավ իր արժանի գնահատականը»,-ասել է Լիանան: Խիստ ժյուրին գնահատեց նաև ռիթմիկ և աշխույժ «Կորուստ թե գանձ» երգը, որը կազմակերպիչները չգիտես ինչու համառորեն անվնաում էին «Հորուստ թե գանձ», ինչը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ տվեց:

Խոսակցությունների առիթ տվեց նաև «Նովայա վոլնա» մրցույթի մուսա Ալլա Պուգաչովայի բացակայությունը: Ռուսական մամուլն այդ առիթով իրարամերժ նյութեր էր հրապարակում: «Կռուտոյը նրան ավելի փոքր հոնորար էր առաջարկել, քան նախորդ տարիներին, դա դուր չեկավ Ալլային, նա նույնիսկ ասաց, որ եթե ուսանողուհի էլ լիներ, չէր համաձայնվի երգել նման գումարի դիմաց»,-ասում էին երգչուհու շրջապատում,-գրում է ռուսական ինտերնետ պորտալներից մեկը: Իսկ մրցույթի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը արժանի ելք գտավ այդ իրավիճակից. «Ամեն տարի պահպանվում է մրցույթի ինտրիգը` կմասնակցի՞ Ալլա Պուգաչովան թե ոչ, կընդգրկվի՞ Ռայմոնդ Պաուլսը ժյուրիի կազմում: Իրականում, նույնիսկ լավ է անտեղյակ պահել հանրությանը: Թող գան և տեսնեն»,-ասել է նա:

Սակայն, լուրերը լուրեր, բայց համաշխարհային շոու-բիզնեսի ներկայացուցիչների պակաս Յուրմալայի բեմում չէր զգացվում: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Ձինտարի» համերգասրահն ընդունեց համաշխարհային անունով արտիստների: Մրցույթը բացեց ամերիկուհի Թոնի Բրեքսթոնը: Նա կատարեց մի քանի նոր և սիրված երգեր` ուրախացնելով իր բոլոր երկրպագուներին: Մրցույթի փակմանը երգեց ֆրանսիացի աստղ Լարա Ֆաբիանը: Կատարելով երեգ հայտնի երգ` նա երգեց հատուկ իր համար «Նովայա վոլնա» մրցույթի հիմնադիրներից մեկի` կոմպոզիտոր Իգոր Կռուտոյի գրած մեղեդին: Այդ կատարման ժամանակ հայերին ևս մեկ անակնկալ էր սպասում: «Այս մեղեդիում դուդուկի պարտիան կատարելու համար ես հրավիրել եմ այդ գործիքի անզուգական վարպետ, մեծն Ջիվան Գասպարյանին»,-ասաց Իգոր Կռուտոյը և բեմ հրավիրեց Գասպարյանին, որտեղ էլ նա հանդես եկավ իր թոռան`նույնպես Ջիվան Գասպարյանի հետ` ստիպելով հանդիսատեսին արտասվելու չափ հուզվել:

Ինչ վերաբերում է «Սոնա Շահգելդյանի կյանքին մրցույթից հետո», ապա առաջինն, ինչը նա խոստացավ անել, դա դրամական պարգևի մի մասը անտուն կենդանիներին նվիրավաբերելն էր:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---