9  06.05.12 - ԱԺ ընտրություններ. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը ձեռնոց է նետում Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին

Ռոբերտ Քոչարյանը ձեռնոց է նետում Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին

Ռոբերտ Քոչարյանը հասարակությանը հստակ ազդանշան է տվել, որ Քոչարյան-Սարգսյան բազմամյա տանդեմը լուրջ ճեղքվածք է տվել, եթե այն ընդհանրապես գոյություն ունի

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը: Լուրերն այն մասին, որ Քոչարյանը հանդես կգա հայտարարությամբ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, պտտվում էին արդեն մի քանի օր, և ընտրություններից երեք օր առաջ այն հայտնվեց: Հարցազրույցն առատ է երկրում ստեղծված իրավիճակի կոշտ գնահատականներով, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության հասցեին քննադատությամբ, ինչպես նաև պարունակում է պարզաբանումներ հայկական ԶԼՄ-ներում իր մասին հրապարակումների և լուրերի վերաբերյալ:

PanARMENIAN.Net - Եթե իր նախկին հարցազրույցներում նախկին նախագահը միայն անուղղակի էր քննադատում գործող իշխանություններին ի դեմս Սերժ Սարգսյանի, ապա նոր հարցազրույցում նա արդեն չի թաքցրել իր բացահայտ դժգոհությունն ինչպես երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից, այնպես էլ գործող իշխանություններից:

Միաժամանակ, Քոչարյանը նշել է, որ նա ցանկություն չունի ինչ-որ կերպ խառնվել խորհրդարանական նախընտրական քարոզարշավին: Թեև առիթը բաց չի թողել խոցել իրեն փոխարինողին, ով ակտիվ մասնակցում է նախընտրական քարոզչությանն իր հարազատ ՀՀԿ-ում, նշելով. « Ընդհանրապես, կարծում եմ, որ դա նախագահի գործը չէ (ոչ նախկին, ոչ էլ գործող)… Ես սերտ համագործակցություն եմ ունեցել տարբեր կուսակցությունների հետ, բայց երբեք չեմ հաստատել այնպիսի կապեր, որոնք դուրս կլինեին քաղաքական գործընկերության շրջանակներից: Վստահ եմ, որ մեր իրողությունների պարագայում կուսակցական ներգրավվածություն չունենալը թույլ է տալիս նախագահին` լինել լիարժեք արբիտրի և քաղաքական մրցակցության երաշխավորի դերում»:

Փաստորեն դրանով հանդերձ Քոչարյանը կասկած է հայտնել Սերժ Սարգսյանի՝ երկրում քաղաքական մրցակցության երաշխավոր լինելու կարողության առիթով, լինելով միաժամանակ ՀՀԿ առաջնորդը և գլխավոր ագիտատորը:

Քոչարյանը հերքել է նաև գործող իշխանության հետ անդրկուլիսյան պայմանավորվածություն և Հայաստանի կառավարման մեջ ստվերային մասնակցություն ունենալը: «Որևէ անդրկուլիսյան պայմանավորվածություն իշխանության հետ ես չունեմ և չէի էլ կարող ունենալ: Իշխանությունը ուղիղ և հրապարակային պատասխանատվություն է կրում իր գործունեության արդյունքների համար, ու երկրի կառավարմանը մասնակցելու նպատակով ձեռք բերված ցանկացած ստվերային պայմանավորվածություն պարզապես վնասակար է, քանի որ խեղաթյուրում է իշխանության և պատասխանատվության միջև առկա ուղղակի կապը: Եվ անհատների ով լինելն այստեղ որևէ նշանակություն չունի»,- ասել է նա:

Նախկին նախագահը չի շրջանցել ԶԼՄ-ներում և հասարակության մեջ շրջանառվող լուրերը իր և «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության միջև կապերի մասին, պնդումները, որ ԲՀԿ-ն «Քոչարյանի կուսակցությունն է»: «Եթե այն իմը լիներ, ապա 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երևի թե այնտեղ, այլ ոչ թե ՀՀԿ-ում կհայտնվեին նախարարների և մարզպետների մեծամասնությունը»,- հեգնանքով նշել է նա: Միաժամանակ նա հավելել է, որ ուրախ է ԲՀԿ հաջողությունների և ժողովրդականության զգալի աճի համար:

«Կարծում եմ, դա լուրջ ազդեցություն կունենա հաջորդ գումարման Ազգային ժողովում կուսակցության ներկայացվածության չափի վրա»,- բազմանշանակ նշել է նա:

Ինչ վերաբերվում է ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի անդամակցությանը ԲՀԿ-ին, ապա Քոչարյանի խոսքով Օսկանյանը ցանկանում էր ԲՀԿ-ի մեջ մտնել դեռ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, և նա այդ ժամանակ ետ է պահել նրան դրանից: Ես չէի ուզում արտգործնախարար փոխել այն պահին, երբ իմ նախագահական ժամկետի ավարտին մնացել էր 9 ամիս: Ուրախ եմ, որ Օսկանյանն այն ժամանակ հասկացավ ինձ: Ի դեպ, եթե ԲՀԿ «պատկանելությունը» որոշվում է ցուցակում ինձ հետ երկար տարիներ աշխատած մեկ նախարարի ներկայությամբ, ապա կառաջարկեմ նայել ՀՀԿ ցուցակին:

Հարցազրույցից երևում է Քոչարյանի դժգոհությունը կապված նրա հետ, որ գործող իշխանությանը պետք չեն նրա խորհուրդները: «Իմ հարաբերություններն իշխանության հետ միանշանակ չեն: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական: Ի դեպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաև նախագահին: Ինձ ընդդիմություն չեմ համարում և հարթ անձնական հարաբերություններ եմ պահպանել իմ կառավարման շրջանում իշխանության մեջ եղած և այժմ էլ պաշտոններ ունեցող շատերի հետ: Պաշտոնաթողությունիցս հետո մոտ մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձել եմ օգտակար լինել խորհուրդներով: Հետո հասկացա, որ իմ փորձն ու գիտելիքները պահանջված չեն և դադարեցի դա անել: Վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ քննարկում եմ ունեցել 2008 թվականին, կարծեմ` նոյեմբեր ամսին»,- նշել է նա:

Դրա հետ կապված Քոչարյանը հատուկ ուշադրություն է դարձրել երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակին, ընդգծելով, որ հիասթափված է իշխանությունների գործունեության տնտեսական արդյունքներով: «Յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել: Այդ փաստը ինքն արձանագրում է ամեն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս: Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թե կյանքը լավացել է: Ի վերջո, դա վերածվում է անտարբերության և հասարակական համընդհանուր անվստահության: Իսկ դրանք ամենևին էլ մեծ գործեր անելու տրամադրություններ չեն:

Երկրի տնտեսական և քաղաքական առողջության «ձայնաազդանշանային համակարգը» արտագաղթն է: Դրա սպառնացող չափերը` ֆունդամենտալ խնդիրների գոյության ամենաճշգրիտ ցուցիչն են: Մարդիկ լավից չեն փախչում»,- ասել է նա:

Սակայն իր հարցազրույցում Քոչարյանն այդպես էլ ուղիղ պատասխան չի տվել հայ հասարակությանը հուզող հարցին՝ պատրաստվում է նա արդյոք վերադառնալ մեծ քաղաքականություն: Նա միայն հայտարարել է, որ «Հայաստանում այսօր փոփոխությունների հասարակական մեծ սպասում կա, իսկ դա նշանակում է, որ հասարակության անտարբերության աստիճանը անդառնալի չէ, ու այդ հանգամանքը խիստ դրական է: Որքանով են մարդիկ կապում այդ փոփոխությունները ակտիվ քաղաքականություն իմ վերադարձի հետ` սա է ինձ հետաքրքրող հարցը: Առայժմ լիարժեք պատասխան ես չունեմ»:

«Արդեն 3 տարի է աշխատում եմ շատ լուրջ ռուսական ընկերությունում, փորձում եմ օգտակար լինել դրան, և ինձ համար այդ գործը հետաքրքիր է: Ուշադիր հետևում եմ հայաստանյան անցուդարձին (ապրում եմ այստեղ, թեև հաճախ ճանապարհորդում եմ): Փորձում եմ չներքաշվել ներքաղաքական գործընթացների մեջ»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է Վլադիմիր Պուտինի հետ պարբերական հանդիպումներին, ապա Քոչարյանը դրանք բացատրել է «առանձնահատուկ անձնական փոխըմբռնմամբ»: «Վերլուծեք այդ 8 տարիները և կտեսնեք, որ ոչ թե խոսքերով, այլ գործերով երկկողմ հարաբերությունների ամուր հիմքեր են դրվել, հատկապես` տնտեսական դաշտում:

Տարօրինակ չէ՞ր լինի արդյո՞ք, եթե այդ հարաբերությունները շարունակական չլինեին: Հուսով եմ` չեք կարծում, թե նախագահները միայն պաշտոնական հարաբերությունների վրա կենտրոնացած ռոբոտներ են»,- նշել է նա:

Ամփոփելով այդ հարցազրույցի արդյունքները կարելի է նշել, որ Քոչարյանը հստակ ազդանշան է տվել, որ Քոչարյան-Սարգսյան բազմամյա տանդեմը, որը ձևավորվել էր Լեռնային Ղարաբաղում և շարունակվել Հայաստանում, լուրջ ճեղքվածք է տվել, եթե այն ընդհանրապես գոյություն ունի: Ավելի ակնհայտ են դառնում մեծ քաղաքականություն վերադառնալու և նախագահի պաշտոնը վերադարձնելու Քոչարյանի հավակնությունները: Վլադիմիր Պուտինը, ում հետ առանձնահատուկ անձնական հարաբերությունների մասին Քոչարյանը նշել է հարցազրույցում, դա արդեն պաշտոնապես ձևակերպել է:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
Հղումներ թեմայով.
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---