Հատուկ գործողությունը որպես դաս Բաքվին. Առաջնագիծը շուկա չէ և սակարկությունն այստեղ ավելորդ է

Հատուկ գործողությունը որպես դաս Բաքվին. Առաջնագիծը շուկա չէ և սակարկությունն այստեղ ավելորդ է (վիդեո)

Ղարաբաղը ցույց տվեց, որ վճռական գործողությունները նախապատվելի են երկար խոսակցություններից ու բազմամյա հռետորական հայտարարություններից

Սեփական հանցագործությունը որպես հայկական կողմի դեմ շանտաժի գործիք օգտագործելու ադրբեջանական ղեկավարության հերթական փորձը տապալվեց: Խոսքը նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների խոցած ԼՂՀ ԶՈւ ՄԻ-24 ուղղաթիռի մասին է, որն ուսումնավարժական թռիչք էր կատարում և սպառազինված չէր:

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, 10 օր շարունակ ադրբեջանական ստորաբաժանումները գնդակոծում էին ուղղաթիռի անկման վայրը, թույլ չտալով հայկական կողմին և ԵԱՀԿ առաքելությանը մոտենալ բեկորներին, չնայած միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի, ԱՄՆ, ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ կազմակեպությունների ու երկրների հորդորներին ու կոչերին: Հաշվի չառան նաև այն, որ առաջին իսկ օրը Ստեփանակերտում և Երևանում հայտարարեցին, որ անձնակազմի երեք անդամից մեկը կարող է ողջ լինել:

Ադրբեջանի գործողությունների բարոյականության մասին խոսելն անիմաստ է, քանի որ դեռ նախորդ դարի 80-ականներից ի վեր, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, մինչև օրս ադրբեջանցիներն անտեսում են բոլոր բարոյական օրենքները, երբ խոսքը հայերի մասին է: Սակայն անտեսվում են նաև միջազգային իրավական նորմերը, ինչպես, օրինակ, Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևի կոնվենցիան, որտեղ ասվում է. «Զինված ուժերի անդամներն ու այլ անձինք… վիրավոր կամ հիվանդ, պետք է արժանանան հարգալից վերաբերմունքի և պետք է պաշտպանվեն բոլոր հանգամանքներում: Նրանք պետք է արժանանան մարդասիրական վերաբերմունքի, նրանց մասին պետք է հոգ տանի հակամարտության կողմը, որի հսկողության տակ նրանք կարող են հայտնվել, տարբերություն չդնելով սեռական, ռասայական, ազգային պատկանելության, կրոնի, քաղաքական հայացքների կամ նման ցանկացած այլ չափանիշների միջև: Կյանքից զրկելու կամ նրանց հանդեպ բռնություն գործադրելու ցանկացած փորձ պետք է խստիվ արգելվի: Մասնավորապես, նրանք չպետք է սպանվեն կամ բնաջնջվեն, ենթարկվեն տանջանքների կամ կենսաբանական փորձերի, չի կարելի միտումնավոր զրկել բուժօգնությունից և խնամքից, ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բարենպաստ կլինեն վարակի վտանգի կամ վարակվելու համար»:

Ըստ Ժնևի կոնվենցիայի մեկ այլ հոդվածի. «Յուրաքանչյուր հակամարտող կողմ պետք է նպաստի սպանվածների և վիրավորների որոնումներին, որքանով թույլ են տալիս ռազմական պահանջները, լուրջ վտանգի ենթարկված անձանց բուժօգնության տրամադրմանը, ինչպես նաև զերծ պահի թալանից ու կոպիտ վերաբերմունքից»:

Անշուշտ, Ադրբեջանը սովոր է խախտել միջազգային օրենքներն ու իրավական ակտերը՝ անպատիժ մնալով: Այս անգամ ևս համաշխարհային հանրությունը, ինչպես և սպասելի էր, սահմանափակվեց ուղղաթիռի անկման վայր հայկական կողմի և ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչների մուտքը թույլ տալու հորդորներով և զոհված օդաչուների ընտանիքներին հասցեագրված ցավակցություններով:

Սակայն Ղարաբաղում, սեփական դառը փորձից ելնելով, վաղուց են հասկացել, որ Բաքուն միանշանակ անտեսում է ինչպես բոլոր կոչերը, այնպես էլ տրամաբանության ձայնը, և որոշեցին գործել ինքնուրույն:

Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Դեպքի վայրից տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Հատուկ գործողության արդյունքում, որը Երևանում և Ստեփանակերտում փայլուն անվանեցին, ԼՂՀ ՊԲ-ն կորուստներ չի կրել:

Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին առնվազն հինգ սպանված ադրբեջանցի զինվորի մասին: Մեծ կորուստների մասին հակառակորդի շարքերում Facebook-յան իր էջում հայտնեց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ ղարաբաղյան կողմը ստիպված էր հատուկ գործողության դիմել, քանի որ բոլոր ձեռնարկված միջոցներն ապարդյուն էին:

«Մինչև օրս հայկական կողմը փորձում էր տարբեր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Կարմիր խաչի ու ԵԱՀԿ-ի միջնորդությամբ զննել ուղղաթիռի անկման վայրն ու պարզել օդաչուների ճակատագիրը։ Սակայն ադրբեջանական կողմն ամեն կերպ խոչընդոտում էր դրան՝ կրակի տակ պահելով տեղանքն ու անգամ թույլ չտալով ԵԱՀԿ պատվիրակությանը դիտարկում անցկացնել այդ վայրում»,- նշել է նա: Մովսես Հակոբյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը ևս փորձել է տարհանել օդաչուների դիերը, քանի որ դրանք ավելի մոտ էին իրենց դիրքերին:

Հատուկ գործողության մասին տեղեկատվությանն Ադրբեջանն արձագանքեց օպերատիվ և ավանդաբար անտրամաբանորեն՝ հայտարարելով, որ իրենք բանակի շարքերում կորուստներ չունեն, իսկ հայերը, իբր, «ընդհանրապես ոչ մի գործողություն չեն իրականացրել և «ուրիշ մարդկանց դիերը կներկայացնեն որպես անձնակազմի անդամների մասունքներ»: Սակայն, անշուշտ, մոտ օրերս մենք դեռ կլսենք ադրբեջանական բանակում «ոչ մարտական» կորուստների մասին:

Ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հրապարակեց տեսանյութ՝ ներկայացնելով նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինների տարհանման գործողության մանրամասները:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարություն տարածեց՝ մեկնաբանելով հայկական կողմից անցկացրած հատուկ գործողությունը ժխտելու Բաքվի փորձերը:

«Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկող լրատվամիջոցների՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկ նշանակության գործողությունն իրականացվել է այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առաջնային գծում կրած իր կորուստների վերաբերյալ, դրանք ներկայացնելով որպես հայ դիպուկահարների կողմից արձակված կրակոցների արդյունք: Հիշեցման կարգով հավելենք, որ նման բովանդակությամբ հաղորդագրություններից մեկն Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մամուլում տարածվել է նոյեմբերի 20-ին: Սա ադրբեջանական քարոզչությանը հատուկ մարտավարական հնարք է, որով հերթական անգամ փորձ է արվում պարտակել սեփական անճարակությունը»,- ասված է ԼՂՀ ՊՆ տարածած հայտարարությունում:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:

Այսպիսով, այս պահի դրությամբ կարելի է վստահորեն արձանագրել, որ Բաքվի բոլոր ջանքերը, այդ թվում հայ օդաչուների դիերն ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելուն միտվածները, ձախողվեցին: Այս անգամ Ադրբեջանին չհաջողվեց սակարկության միջոցով հետ ստանալ իր գործակալներին:

Ղարաբաղն իր հերթին ցույց տվեց, որ վճռական գործողությունները նախապատվելի են երկար խոսակցություններից ու բազմամյա հռետորական հայտարարություններից: Եվ միջազգային հանրությունը, հատկապես՝ միջնորդները, պետք է դասեր քաղեն այս ամենից, դադարեն «դիվանագիտություն խաղալ», քաջություն ունենան ու վճռական գործողություններով ստիպեն Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը, միջնորդների պահանջն ու սեփական պարտավորությունները:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---