6  22.05.15 - ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը
Սահմանադրական զարգացումներ՝ «վիրահատական միջամտության» ճանապարհով

Սահմանադրական զարգացումներ՝ «վիրահատական միջամտության» ճանապարհով

Պետք է խորհրդարանական համակարգի այնպիսի մոդել, որում լուծված կլինեն ներքին և արտաքին անվտանգության ու կայունության երաշխավորման խնդիրները։

ՀՀ նախագահին առնթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների շուրջ առկա է ընդհանուր հետաքրքրություն, շատ հաճախ մամուլում տարբեր կարծիքներ են հրապարակվում գործընթացի վերաբերյալ։ Սահմանադրական բարեփոխումների նպատակի, հեռանկարների և կատարվող աշխատանքի մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով նաև հանձնաժողովի անդամ է։

PanARMENIAN.Net - Ներկայումս Հանձնաժողովն ավարտել է սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջին երեք գլուխների մշակման աշխատանքները։ Դրանցում օրգանապես արտացոլված են գործող Սահմանադրության առաջին և երկրորդ գլուխները, որոնք աշխատանքերի արդյունքում վերածվեցին երեք «Սահմանադրական կարգի հիմունքները», «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները» և «Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները» գլուխների։

«Նոր սահմանադրության գլուխների բաժանումը կիրականացվի կառուցվածքային մոտեցմամբ․ մյուս 16 գլուխները ներկայացված են լինելու ըստ պետական իշխանության ինստիտուտների․ դրանք են՝ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության ինստիտուտները, դատարանները, դատախազությունը, քննչական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, Վերահսկիչ պալատը և Կենտրոնական բանկը։ Դրանց հաջորդում են ևս երկու ամփոփ գլուխներ՝ «Հանրաքվե, Սահմանադրության ընդունում և փոփոխություն» և «Եզրափակիչ ու անցումային դրույթները»։ Այս կառուցվածքին համապատասխան առաջին երեք գլուխների վերաբերյալ նախագիծը մշակվել է»,- ասաց Հարությունյանը։

Առաջին երեք գլուխներից բացի՝ մյուսների թեմայով Հանձնաժողովն առայժմ քննարկումներ չի կազմակերպել։ Սակայն, ըստ մասնագետի, ամենապատասխանատու և ամենալուրջ գլուխները հենց առաջին երեքն են, որովհետև սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի գերագույն խնդիրը իրավունքի գերակայության երաշխավորումն է և մարդակենտրոն սահմանադրական մոդելի ձևավորումը։ Իսկ այդ խնդիրների լուծումը գերազանցապես պայմանավորված է այս գլուխների լուծումներով։ Մանրակրկիտ աշխատանքի արդյունքում մշակված առաջին երեք գլուխներն արդեն պաշտոնապես ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետների քննարկմանը։

Հայաստանը, դառնալով Եվրախորհրդի անդամ, միջազգային պարտավորություն ունի որոշակի ուղղություններով օրենսդրությունը քննարկման առարկա դարձնելու Վենետիկի հանձնաժողովում։ Դա վերաբերում է Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններին, ընտրական համակարգին, ՏԻՄ-ին, դատական իշխանությանը և այլն։ Վենետիկի հանձնաժողովը ձևավորել է փորձագետների խումբ, որի հետ անցկացվում է քննարկում, ինչի արդյունքներով մշակված եզրակացության նախագիծը քննության առարկա է դառնում Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին։

«Մայիսի 18-19-ին Վենետիկի հանձնաժողովի 7 փորձագետներ իրենց գրավոր կարծիքներն են ներկայացրել նախագծի առաջին երեք գլուխների վերաբերյալ։ Կազմակերպվել է հանդիպում այս հեղինակների հետ՝ իրենց նկատառումները քննարկելու նպատակով։ Գործող Սահմանադրությամբ այս գլուխները ներառում են 61 հոդված, իսկ ներկայացված նախագծով՝ 86 հոդված՝ նույն իրավակարգավորման առարկայի վերաբերյալ»,- նկատեց ՍԴ նախագահը։

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, ըստ բանախոսի, որոշակիորեն տպավորված էին ներկայացված տարբերակով, սակայն ունեին նաև որոշակի նկատառումներ, որոնք անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել։ Դրանք վերաբերում էին ինչպես առանձին հոդվածներում Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումների հնարավոր ծավալին, այնպես էլ բացարձակ իրավունքների հետ կապված որոշակի ամրագրումներին, ինչպես նաև՝ ռազմական ու արտակարգ դրության ժամանակ հնարավոր սահմանափակումների և չսահմանափակվող իրավունքների շրջանակին։ Մյուս բաժինների առումով Հանձնաժողովի բոլոր անդամներին հանձնարարվել է մինչև մայիսի 26-ը ներկայացնել իրենց նախապատրաստած տարբերակները։

«Այստեղ պետք է լուծենք այն բարդ խնդիրը, որ մեզ առաջադրեց ՀՀ նախագահը հայեցակարգին հավանություն տալու ժամանակ։ Նա նշեց, որ համաձայն է պաշտպանել ժողովրդավարական զարգացումների ուղղվածությունը, միայն այն մտահոգությամբ, որ գտնվեն լուծումներ ներքին և արտաքին անվտանգության երաշխիքների ապահովման և կառավարման կայունությունը երաշխավորելու հարցում։ Հայեցակարգը ներկայացնելու ժամանակ նշվել էր, որ երկրի քաղաքական ուժերի միջև անհրաժեշտ քաղաքական փոխհամաձայնության պարագայում նշված խնդիրների համարժեք լուծումներ կարող են գտնվել կառավարման խորհրդարանական համակարգի ներդրման պայմաններում, ինչն առավելապես քաղաքական ընտրության խնդիր է», - շեշտեց Հարությունյանը։

Քաղաքական կուսակցությունների միջև փոխհամաձայնության մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ, ըստ ՍՀ նախագահի, քննարկումներ առայժմ չեն եղել։ Սակայն մայիսի 28-29-ին արդեն հիմնական հարցերի վերաբերյալ Հանձնաժողովն իր դիրքորոշումները կհստակեցնի և հունիսի սկզբից մինչև հունիսի 12-ը կկազմակերպվեն հանդիպումներ այն 14 քաղաքական ուժերի հետ, որոնք հայտ կամ նկատառումներ են ներկայացրել բովանդակային որոշակի քննարկումների վերաբերյալ։

«Սահմանադրական զարգացումներին չի կարելի մոտենալ մեխանիկնորեն, դրանք անընդհատ գործընթաց պետք է լինեն, իսկ դրանց իրականացման հնարավորությունները՝ նախատեսված Սահմանադրությամբ և իրացվելիք։ Դժբախտաբար մեզ մոտ ստեղծվել է իրավիճակ, երբ էվոկյուցիոն, դինամիկ սահմանադրական զարգացումների հնարավորությունները խիստ սահմանափակված են։ Մենք չունենք օրգանական օրենքներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ երաշխավորել այդ զարգացումները, չունենք իշխանությունների սահմանադրական լիազորությունների հարցով վեճերի լուծման ինստիտուտ, մեկնաբանության ինստիտուտ և այլն։ Այս պարագայում պարտադրված ենք սահմանադրական զարգացումներն իրականացնել միայն «վիրահատական միջամտության»՝ նման փոփոխությունների ճանապարհով։ Եթե այդ ճանապարհը մենք արհեստականորեն փակենք, ապա Սահմանադրությունն ինքը զարգացման խթանից կդառնա արգելակման միջոց»։

Այսինքն՝ սահմանադրական զարգացումները պետք է պայմանավորված լինեն նրանց անհրաժեշտությամբ, այլ ոչ թե իշխանությունների ցանկությամբ։ Հանձնաժողովի աշխատանքի էությունն է՝ կարողանալ ներկայացնել խորհրդարանական համակարգի այնպիսի մոդել, որում լուծված կլինեն ներքին և արտաքին անվտանգության ու կայնության երաշխավորման խնդիրները։ Աշխատանքները պետք է ավարտվեն արդեն 2015թ․ աշնանը, սակայն հանրաքվեի անցկացման ժամկետների մասին Գագիկ Հարությունյանը չցանկացավ կանխատեսումներ անել։

«Նոր Սահմանադրությունը պետք է լուծի մի շարք առանցքային հարցեր, որոնք անհրաժեշտ են երկրին և ժողովրդին։ Առաջինը՝ ես չէի ցանկանա, որ իմ ու ձեր երեխաներն ապրեն մի երկրում, որտեղ տասնամյակներ նրանց ճակատագիրը պայմանավորված կլինի առանձին սուբյեկտների սուբյեկտիվ հատկանիշներով։ Երկրորդ՝ չէի ցանկանա, որ իրավունքի գերակայության սկզբունքը ընկալվեր, ճանաչվեր, իրացվեր այն մակարդակով, ինչ որ այսօր է։ Երրորդ՝ չէի ցանկանա, որ սահմանադրականության այն դեֆիցիտը, որ մենք ունենք այսօր լիներ նաև մեր հաջորդ սերունդների համար, որովհետև Սահմանադրության, նրա արժեբանության ու մեր հասարակական կյանքի միջև այսօր բավականին խզումներ են առկա։ Չորրորդ՝ չէի ցանկանա, որ լիներ այնպիսի սահմանադրական կարգ, որի պարագայում հնարավոր կլիներ ստվերային իշխանություն, ինչին միշտ հանգեցնում է սահմանադրականության դեֆիցիտն ու իշխանության կրողների հայեցողության սահմանների ոչ հստակությանը»,- հավելեց ՍԴ նախագահը։

Նրա համոզմամբ՝ սահմանադրական փոփոխությունները իշխանությունների վերարտադրության խնդիր չեն հետապնդում․ եթե գործող իշխանությունը նպատակ ունենա վերարտադրության, ապա դրա հնարավորությունները շատ ավելի մեծ են գործող համակարգի պարագայում, քան փոփոխվելու դեպքում։ Սակայն եթե կրկին ունենանք իրական կյանքի հետ քիչ առնչություն ունեցող Սահմանադրություն, ապա ողջ աշխատանքն անիմաստ է

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---