Միջազգային հանրության «մտահոգված հոգոցները» և ադրբեջանական ականանետերն ու հաուբիցները

Միջազգային հանրության «մտահոգված հոգոցները» և ադրբեջանական ականանետերն ու հաուբիցները

Հայկական կողմը, հերթական անգամ հասկանալով, որ պետք չէ հույսը դնել միջնորդների ու տերությունների վրա, հայտարարել է, որ ինքը կստիպի լռեցնել ադրբեջանցիներին

Որքան շատ են լռում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ շահագրգռված տերությունները, միջազգային կազմակերպությունները, միջնորդներն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնքան ավելի շատ է վերահսկողությունից դուրս գալիս Ադրբեջանը` ջանալով իրավիճակը հակամարտության գոտում հասցնել լիարժեք պատերազմի:

PanARMENIAN.Net - Այն, որ Ադրբեջանի գործողություններին համարժեք արձագանքի բացակայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում կհանգեցնի լարվածության էլ ավելի սրմանը, գրվել և ասվել է բազմիցս: Ինչպես ասում են, ինչն էլ պահանջվում էր ապացուցել:

Անպատժելիությամբ թևավորված պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ խափանել է խաղաղ բանակցությունները, զուգահեռաբար վտանգավոր մի իրավիճակ ստեղծելով առաջնագծում` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և Հայաստանի հետ սահմանին:

Տարիների հաստատում ստացած ադրբեջանցիների համոզումը «թե իրենց համար ոչ մի հետևանք չի լինի», մղում էր Ադրբեջանին գնալով լկտիանալ, արդեն բոլորովին չքաշվելով միջազգային հանրությունից:

1994-ին Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց ադրբեջանական ԶՈւ-ն կանոնավոր կերպով խախտել է «հրադադարը»` գնդակոծելով ոչ միայն հայկական կողմի ԶՈւ դիրքերը, այլ նաև գյուղերն ու քաղաքացիական բնակչությանը: Գնդակոծել է ինքնաձիգերից, գնդացիրներից, դիպուկահարների հրացաններից: Չէ՞ որ «միևնույն է` ոչ մի հետևանք չի լինի»:

2014-ին նշված Բիշքեկի արձանագրության 20-ամյակն Ադրբեջանը որոշեց «նշել»՝ էլ ավելի սրելով իրավիճակն ու խոշորացնելով կիրառվող զենքի տրամաչափը: 2014-ի դեկտեմբերին տարիների ընթացքում առաջին անգամ հայկական դիրքերը գնդակոծվեցին 60 և 82 մմ ականանետերից: Եվ ոչինչ: Մտահոգված միջազգային հանրությունը հոգոց հանեց` կոչ անելով կողմերին չխախտել հրադադարը, ու լռեց:

2014-ի նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ-ն խոցեց ԼՂՀ ՊԲ ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծից ոչ հեռու: Ուղղաթիռը, որը սպառազինություն չուներ, խոցվեց և ընկավ չեզոք գոտում: Դրանում անձնակազմի 3 անդամ կար, որոնցից մեկը, ըստ որոշ տվյալների, կարող էր ողջ մնացած լինել: 10 օր շարունակ ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չէր տալիս հայկական ուժերին մոտենալ ուղղաթիռին և տարհանել զոհվածների մարմինները` «չէ որ ադրբեջանցիների համար դա ոչ մի հետևանք չէր ունենալու»:

Նոյեմբերի 22-ին ԼՂՀ ՊԲ-ն հայտարարեց ուղղաթիռի կործանման վայրում հատուկ գործողություն անցկացնելու մասին: Տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ «հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության»: Դեպքի վայրից տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Այս անգամ Ադրբեջանը չհամարձակվեց լրջորեն խոչընդոտել հատուկ գործողությանը` «բա որ որոշակի հետևանքներ լինեին»:

Սակայն ականանետերը շարունակում էին կրակել, ընդ որում՝ առանց որևէ հետևանքի ադրբեջանական կողմի համար: Միջնորդներն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակում էին ակտիվորեն «չհասկանալ», թե ով է լարվածության սրման մեղավորը:

Իսկ Ադրբեջանը շարունակեց հող նախապատրաստել և 2015-ի հունվարին արդեն գործի դրվեցին նռնականետերը: Միջազգային միջնորդները կրկին մտահոգված հոգոցներ հանեցին:

Օգոստոսին արդեն գործի դրվեցին թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքները: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման ենթարկվեց ԼՂՀ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում ստացան ՊԲ զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը: Կան նաև վիրավորներ:

Ադրբեջանական կողմը գնալով ավելի ակտիվ է խոշորացնում տրամաչափը, արդեն ոչ թե փորձելով, թե ինչպիսին կլինի միջազգային արձագանքը, այլ համոզված լինելով, որ «միևնույն է՝ ոչինչ չի լինելու»: Ականանետերի տրամաչափը, օրինակ, արդեն 120 մմ է:

Իսկ սեպտեմբերի 26-ին կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ադրբեջանական կողմը կիրառեց 122-միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ:

Իսկ ի՞նչ են ասում միջնորդները

Միջնորդները նույն միջազգային հանրության հետ մեկտեղ շարունակում են անել այն, ինչ անում էին միշտ` հոգոց հանում, գլուխները տարուբերում և մատ թափ տալիս:

Ճիշտ է, այս անգամ նրանք բացահայտ հայտարարեցին, որ «չգիտեն, թե ով է մեղավոր»:

«Մենք անկարող ենք հստակ հասկանալ, թե որտեղից է ծագել բռնությունը, քանի որ ամեն կողմը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի շուրջ, ինչպես քննարկել էին նախագահները»,- ասել են միջնորդներն իրենց հայտարարության մեջ:

Ավելի ուշ Մինսկի խումբը որոշեց, այնուամենայնիվ, կես քայլ առաջ անել` խոստովանելով, որ «Հայաստանը համաձայն է քննարկել մեխանիզմի մանրամասները, կոչ ենք անում Ադրբեջանին նույն կերպ վարվել»: Վերապահումով կարելի է համարել, որ սրանով համանախագահները խոստովանում են, որ Բաքուն է գլխավոր սադրիչը, բայց շատ մեծ վերապահումով:

Մինչդեռ, հայկական կողմը հերթական անգամ հասկանալով, որ չարժէ հույսը դնել միջնորդների ու տերությունների վրա, հայտարարեց, որ ինքը կստիպի ադրբեջանցիներին լռել: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հակառակորդի կողմից իրադրության հետևողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաև միջազգային հանրության անհասցե քննադատությունը և մտահոգություններն անընդունելի են:

«Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը»,- ընդգծվեց հայտարարությունում:

Թող հետո չասեն, որ չեն զգուշացրել:

Իսկ միջազգային հանրությունը շարունակում է մատ թափ տալ` բոլոր վրա:

Իսկ քանի որ մատ թափ տալուց Բաքուն հազիվ թե վախենա, ի՞նչ պետք է ակնկալի հայկական կողմը` «Գրա՞դ», «Ուրագա՞ն» թե «Սմե՞րչ»:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---