Վերապրածը. Վերադարձ անձեռակերտ դժոխքի մռայլ խորքերից

Վերապրածը. Վերադարձ անձեռակերտ դժոխքի մռայլ խորքերից

Ռեժիսորի ձգտումը իրատեսությանն ինչ-որ չափով ազդում է բովանդակության համոզիչ լինելու վրա

Հունվարի 7-ին տեղի կունենա Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի նոր կինոնկարի՝ «Վերապրածի» երկար սպասված երևանյան պրեմիերան Լեոնարդո դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ: Անցյալ տարի մեքսիկացին արժանի հաղթանակ տոնեց Օսկարի համար մրցավազքում՝ «Բերդմենը» ռեժիսորի վարպետության գագաթնակետն էր, իդեալական բալանս ապահովելով ձևի և բովանդակության միջև: Այդպիսի բալանսը հատուկ չէր Ինյարիտուին՝ նախորդ աշխատանքներում նա միշտ սևեռուն ուշադրություն է դարձրել ձևին, մինչդեռ բովանդակությունը լոկ միջոց է եղել իր տեսլականը հանդիսատեսին հասցնելու համար: «Բերդմենն» այնքան անսովոր էր, որ ակադեմիկոսները շռայլեցին ոսկե արձանիկները: Սակայն մեկ տարի անց Ինյարիտուն արեց այն, ինչ ամենից լավ է ստացվում իր մոտ: Ռեժիսորի ձգտումն իրատեսությանը ինչ-որ չափով ազդում է բովանդակության համոզիչ լինելու վրա: Սակայն, որքան էլ տարօրինակ լինի, դա միայն օգուտ բերեց ֆիլմին:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն իր տպավորություններն է ներկայացնում Ինյարիտուի ֆիլմի դիտումից:

Կինոնկարը մասնակիորեն հիմնված է լեգենդար ամերիկացի գաղութարար Հյու Գլասի կյանքի պատմության վրա: Այդ մարդն առավել հայտնի է նրանով, որ 1823-ին, ծանր վիրավորվելով արջի հետ մենամարտում, կարողացավ 300 կմ անցնել վայրի տեղանքով առանց սննդի պաշարների և սպառազինության, ընդ որում ճանապարհի մի մասն էլ՝ սողալով:

Նկարահանող խմբի մասնակիցները, այդ թվում Լեոնարդո դի Կապրիոն, նշում էին բազմաթիվ հարցազրույցներում այն անմարդկային պայմաններն ու բարդությունները, որոնք ստիպված եղան հաղթահարել: Որպես կինոյի իսկական մոլեռանդ Ինյարիտուն պահանջել է գործընկերներից ու ինքն իրենից անհնարինը՝ առավելագույնս ջնջել սահմանը հանդիսատեսի և էկրանին կատարվողի միջև, ստիպել հանդիսատեսին վերապրել բոլոր այն տանջանքները, որոնց միջով անցել է հերոսը: Նա դրան հասել է նկարահանող խմբի աներկբա հնազանդության շնորհիվ՝ նկարահանումները կատարվել են վայրի հյուսիս-արևելքի դաժան պայմաններում, առանց որևէ արհեստական լուսավորության, իսկ դերասանները ստիպված են եղել անցնել դժոխքի բոլոր շրջաններով՝ անհրաժեշտ դուբլը ստանալու համար:

Այդ ամենը շատ ռեալիստական է դարձնում կինոնկարը: Խստաշունչ կլիման, որը միանգամայն անտարբեր է մարդու տառապանքների հանդեպ, մաշկի տակ մտնող սառնությունը և մահացու վտանգավոր ձմեռային բուքը՝ և կինոթատրոնի լավ ջեռուցվող դահլիճում հանդիսատեսը մրսում է և շատ միայնակ զգում իրեն: Անսահման հիասքանչ բնության նկարահանումները, աստվածային բնապատկերները, որը որսացել է հանճարեղ կինոօպերատոր Էմանուել Լյուբեցկին, ստիպում են կինոդիտողին իրեն այդ վայրի բնության բացահայտողը զգալ: Արյունալի և դաժան բախումները հնդկացիների հետ, որոնք Լյուբեցկին վարպետորոեն նկարահանել է մեկ պլանով, գերազանցում են ցանկացած այլ ֆիլմի էքշն-պատկերները: Գագաթնակետն ու ամենահիշվողը կլինի հսկայական արջի հարձակումը հերոսի վրա՝ մի տեսարան, որն այնքան էլ հեշտ չի լինի տանել հանդիսատեսի համար:

Ինյարիտուն շատ խնամքով է հավաքում մասնիկները՝ ձևի համար ոչ մի ավելորդ բան լինել չի կարող: Օգտագործելով հերոսների դեմքերի խոշոր պլանները հատկապես էմոցիոնալ տեսարաններում, ռեժիսորը հասնում է հանդիսատեսի առավելագույն նույնականացմանը, և դրա հետ մեկտեղ՝ խորը կարեկցանքի: Ռեժիսորը ռիսկի է դիմում՝ հանդիսատեսը կամ անմոռանալի կինոփորձ կստանա, կամ կհեռանա դահլիճից փորձելով մոռանալ այն ամենն, ինչ տեսել է էկրանին: Մեծ դերասան Լեոնարդո դի Կապրիոն անկասկած իր կարիերայի ամենակարևոր ու նշանակալի դերն է կատարել այս ֆիլմում: Անկրկնելի Թոմ Հարդին իրեն հատուկ ամպլուայում այնպիսի զազրելի և միաժամանակ խարիզմատիկ չարագործի է ներկայացնում, որ նրա նախորդ բոլոր ֆիլմերը երկրորդ պլան են մղվում:

Կինոնկարի բովանդակությունը, որն ավանդաբար ֆոնի դեր է կատարում, այնքան շոկ չի առաջացնում, որքան մատուցման ձևը: Սա պատում չէ բնության մասին, որպես բացարձակ չարիքի, որի գաղափարը պատկանում է Ֆոն Տրիերին իր «Հակաքրիստոսով»: Բնությունը «Վերապրածում» ներկայանում է որպես անտարբեր դիտորդ և դաժան պատժող, ինչն ավելի մոտ է Ջեկ Լոնդոնի արկածային վեպերին: Իսկ մարդկային դաժանությունը, որպես բնությանը միանգամայն խորթ երևույթ, անիմաստ և անողոք, առաջին պլան է մղվում՝ հիշեցնելով այդ մասին յուրաքանչյուր հարմար պահի:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---