Հայ-ադրբեջանական «անկլավային պատերազմը». Հայկական տարածքների տրոհման բանաձևը

Հայ-ադրբեջանական «անկլավային պատերազմը». Հայկական տարածքների տրոհման բանաձևը



Հայտնի փաստ է, որ խորհրդային ժամանակաշրջանում Հայկական ԽՍՀ վարչական տարածքում առկա էին ադրբեջանական 3 էքսկլավներ (Հայաստանի համար՝ անկլավ), իսկ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում գոյություն ուներ հայկական Արծվաշեն էքսկլավը (տես կից քարտեզը): Գաղտնիք չէ նաև, որ 90-ական թթ. սկզբին հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում բոլոր չորս անկլավները որպես այդպիսին փաստացի վերացել են:

PanARMENIAN.Net - Ուշագրավ է, որ այսօր էլ հաճախ վարչական քարտեզներում դրանք նշված են, ճիշտ է՝ թե Ադրբեջանում, թե Հայաստանում շարունակվում են նշվել միայն դիմացինի տարածքում առկա էքսկլավ(ներ)ը: Վարչական այդ միավորների փաստացի չգոյության պայմաններում դրանց պատկանելիության իրավաքաղաքական հարցերը թեև հետաքրքիր, սակայն այլ քննության թեմա են: Պակաս հետաքրքիր չեն այդ անկլավների առաջացման պատմությունն ու դրանց համեմատությունը. PAN-ը ներկայացնում է, թե ինչպես ի հայտ եկան այդ միավորները, և ինչ հետևանքներ ունեցավ դրանց վերացումը կողմերի համար:

Հայ-ադրբեջանական պատերազմի սկզբնական փուլում՝ 1990 թ. հունվարի 15-ին հայկական աշխարհազորային ջոկատները գրավեցին Արարատի շրջանում՝ Նախիջևանի սահմանից ոչ հեռու գտնվող ադրբեջանական Քյարքի անկլավը, որի միջով էր անցնում Երևան-Մեղրի ռազմավարական նշանակության մայրուղին: Քյարքի գյուղը հետագայում վերանվանվեց Տիգրանաշեն: 1992 թ. հունիսին հայկական ուժերի ռազմական գործողությունների արդյունքում ճնշվեց նաև Վերին Ասքիպարա (Աքսիպարա) ադրբեջանաբնակ անկլավում տեղակայված կրակակետը, իսկ բնակչությունը բաց թողնված միջանցքով հեռացավ Ադրբեջան: Նույն ժամանակաշրջանում հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին նաև վերջին անկլավի՝ Բարխուդարլը և Սոֆուլու գյուղերի նկատմամբ: Այնուհետև Հայաստանը ցավալի տարածքային կորուստ ունեցավ՝ 1992 թ. 8 օգոստոսին հնգօրյա անյունահեղ մարտերից հետո ընկավ Արծվաշենը: Արծվաշենի անկման պատճառը առայսօր տարբեր կերպ է մեկնաբանվում՝ ուժերի խիստ անհավասարություն և… հայկական ու ադրբեջանական անկլավների լռելյայն փոխանակություն:

Արծվաշենը, Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն և Քյարքին

Դժվար է միանշանակ պնդել՝ արդյո՞ք ստույգ է Արծվաշենի հնարավոր լուռ «փոխանակության» տարբերակը, սակայն նշենք, որ ցանկացած պարագայում հայկական կողմի համար առերևույթ մեկը երեքի դիմաց տարածքային ընդլայնման մեկնաբանությունը սկզբունքորեն սխալ է մեկ պարզ պատճառով՝ առկա է այսպես կոչված «սեփական տարածքը՝ սեփական տարածքների դիմաց» տարբերակը: Ադրբեջանական երեք էքսկլավների ձևավորման պատմությունը ցույց է տալիս, որ դրանց տարածքները ժամանակին Հայաստանի առաջին Հանրապետության, ապա և Խորհրդային Հայաստանի կազմում են եղել ու Հայաստանից արհեստականորեն անջատվել են Խորհրդային Ադրբեջանի հակահայկական տարածքային հավակնությունների բավարարման արդյունքում:

Հայաստանի առաջին Հանրապետության շրջանում Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանային խնդիրները չկարգավորվեցին, ինչը բեռ դարձավ արդեն Խորհրդային Հայաստանի համար 1920-30-ական թթ.: Հայաստանի հետ նույն խորհրդային համակարգում գտնվելը չխանգարեց Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ շարունակել տարածքային մեծ ու փոքր հավակնություններ ունենալ նրա նկատմամբ: Հայաստանի խորհրդայնացումից հետո նախկին Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառը փաստացի բաժանվել էր Հայկական ԽՍՀ Դիլիջանի և Ադրբեջանական ԽՍՀ Ղազախի գավառների միջև, սակայն սահմանազատման հարցը մնաց չլուծված։

Ղազախի գավառի՝ ազգագրական առումով հայկական մասն ընդգրկում էր ժամանակակից Տավուշի մարզի գրեթե ամբողջ տարածքը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի հյուսիսային բնակավայրերը, ինչպես նաև Արծվաշեն (1920թ․՝ Բաշգյուղ կամ Բաշքենդ) խոշոր գյուղն իր շրջակայքով։ Ընդ որում, փաստերը ցույց են տալիս, որ Արծվաշենի հետ Հայաստանի Հանրապետության մաս են կազմել նաև Տավուշ գետի վտակ Ախնջայի ակունքների շրջանը և Ասրիկ գետի վերին հոսանքի ձախափնյա շրջանը (Արծվաշենից և Թթուջրի լեռնանցքին հարող սահմանագլխից մինչև ներկայիս Տավուշի մարզի ծայրարևելյան սահմանագլուխը՝ Չինարի գյուղից արևելք, ընկած տարածքը)։ Նշված տարածքը կազմել է շուրջ 250 քառ․ կմ։

Տավուշում հայ-ադրբեջանական սահմանային վեճը սուր էր ոչ միայն առանձին բնակավայրերի նկատմամբ հսկողություն հաստատելու, այլև գյուղատնտեսական հողատարածքների ու անտառների օգտագործման առումով։ Ադրբեջանական կողմը ձգտում էր դեռևս չճշգրտված վարչական սահմանի երկայքով, որտեղ որ հնարավոր էր, Հայաստանի տարածքից պոկել և իր գյուղերի տիրապետմանը հանձնել հազարավոր հեկտար հողատարածքներ ու անտառներ։

ՀԽՍՀ և ԱԽՍՀ սահմանը 1928 թվականին. Արծվաշենն ու ՀՀ-ն ցամաքային կապ ունեն

1923-29 թթ․ Անդրկովկասյան Դաշնության ղեկավար մարմնի՝ կենտրոնական գործադիր կոմիտեի վերահսկողությամբ հողային և անտառային վեճերը լուծող հանձնաժողով կազմվեց, որն էլ «լուծում էր տալիս» տարածքային վեճերին՝ բացառապես ի վնաս Հայաստանի։ Ընդ որում, հողատարածքների «փոխանակում» էր կատարվում միակողմանիորեն հենց Հայաստանի տարածքի հաշվին՝ Ադրբեջանի հավակնած տարածքների մի մասը երկար վեճերի ու բանակցությունների արդյունքում թողնելով հայկական կողմին, իսկ մյուս մասը փոխանցելով Ադրբեջանին։ Այսպես, 1927 թ․ հունվարին ընդունված որոշմամբ Բաշքենդից դեպի Դիլիջան ընկած վերոնշյալ տարածքը (շուրջ 12 հազար հեկտար), որը հողաբաժանության փաստաթղթերում տեղի թյուրքաբնակ Շինիխ և Այրում գյուղերի անունով էր կոչվում, տրվեց Ադրբեջանի Ղազախի գավառին: Արդյունքում հայկական գյուղը հայտնվեց անկլավային իրավիճակում: Որպես «փոխզիջում»՝ 1929 թ․ փետրվարին Անդրկովկասի կենտգործկոմի նախագահության որոշմամբ Բաշքենդը Հայաստանի հետ էր կապվելու մի նեղ հողաշերտով, որն էլ, սակայն, հետագայում՝ ամենայն հավանականությամբ 30-ական թթ., անցավ Ադրբեջանին՝ Արծվաշենը լիովին վերածելով Հայկական ԽՍՀ էքսկլավի (անկլավ Ադրբեջանի տարածքում)։

Հայաստանի առաջին Հանրապետության կազմում է գտնվել նաև Տավուշի մարզի Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների միջև սեպաձև խրված Ներքին (թրք․՝ Աշաղը) Ասքիփարայի (հայկական Ոսկեպարի աղավաղված տարբերակը) ենթաշրջանը՝ Ն․ Ասքիփարայի հարևան Բաղանիս-Այրում, Ղուշչու-Այրում, Մազամ և Խեյրիմլը գյուղերով՝ շուրջ 60 քառ․ կմ։ 1920-ական թթ․ արդեն այդ ենթաշրջանը տրվում է Ադրբեջանի ենթակայությանը։ Վերջինս հավակնում էր նաև հայկական Ոսկեպար գյուղից արևմուտք գտնվող Վերին (Յուխարը) Ասքիփարա գյուղի տարածքին՝ դրանով իսկ նպատակ ունենալով տարանջատել Հայաստանի հյուսիսարևելյան շրջանները և հարմար պայմաններ ստեղծել իր զավթողական քաղաքականությունը շարունակելու համար։ Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ասքիփարա գյուղերի՝ անկլավի վերածման ստույգ ժամանակը դժվար է որոշել:Այդ գյուղերը՝ ընդհանուր շուրջ 3300 հա տարածքով, Անդրդաշնության Կենտգործկոմի սահմանային վեճերը լուծող հանձնաժողովի 1929 թ․ հուլիսին կայացված որոշմամբ ճանաչվեցին որպես Հայկական ԽՍՀ մաս, սակայն որոշ փաստերի համաձայն՝ այդ տարածքները 1930-ական թթ. կեսերին վերջնականապես հանձնվել են Ադրբեջանին: Ամենայն հավանականությամբ, Վերին Ասքիպարան ադրբեջանական էքսկլավ է դարձել 1933-34 թթ., իսկ Բարխուդարլը և Սոֆուլու գյուղերը՝ ավելի ուշ, բայց նախքան 1936 թվականը:

Հայաստանի առաջին հանրապետության սահմանները. ադրբեջանական բոլոր էքսկլավները ՀՀ կազմում են, Արծվաշենի հետ ցամաքային կապ կա

Քյարքի անկլավի ստեղծման ստույգ ժամանակը ևս հայտնի չէ: Սակայն առկա աղբյուրները և տարբեր տարիներին հրատարակված վարչական քարտեզների համեմատությունը վկայում են, որ այն ևս, հավանաբար 1940-ականների վերջին կամայականորեն անջատվել է Հայաստանից ու դրվել Նախիջևանի ենթակայության տակ: Հայտնի է, որ 1926 թ․ դեկտեմբերին Խորհրդային Հայաստանում մարդահամարի անցկացման ընթացքում ի թիվս այլ վիճելի բնակավայրերի, Քյարքիում ևս Հայաստանի կենտրոնական վիճակագրական վարչության աշխատակիցների աշխատանքներին խոչընդոտել էին ադրբեջանցիները՝ դրսևորելով գյուղի նկատմամբ իրենց հավակնությունը: Հարկ է նշել, որ Ադրբեջանի ենթակայությանը հայկական տարածքների հանձնումը հիմնականում տեղի է ունեցել Անդրկովկասի կուսակցական կամ պետական մարմինների միակողմանի ու կամայական որոշումներով՝ գրեթե հաշվի չառնելով Հայաստանի իշխանությունների ու տեղի հայ բնակիչների շահերն ու պահանջները:

Հոդվածի պատրաստման համար հիմնական աղբյուր է հանդիսացել ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից վերջերս հրապարակված «Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի տարածքային կորուստները 1920-30-ական թվականներին» արժեքավոր աշխատությունը (հեղինակներ՝ Կարեն Խաչատրյան, Համո Սուքիասյան, Գեղամ Բադալյան, Եր., 2015):

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Դադիվանքի նոր աղոթողների անցյալը
Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
Թիկունքի կամավորների փորձն ու գործը
 Ուշադրության կենտրոնում
ՊԲ նախկին հրամանատարը՝ Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

ՊԲ նախկին հրամանատարը՝ Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է hրամանագիրը

 Բաժնի այլ նյութերը
Բոլորի աչքից հեռու, բոլորի աչքի առջև Մզկիթ դարձած տաճարների Թուրքիան
«Քամուն տվեցին հայկական բարոյական արժեքները» Հայ կնոջ մեքսիկական արկածներն ու ապտակի ուժը
Հայ մուրացկանի կես միլիոնն ու քրոջ և պատգամավորի կռիվը Մերի Գուզելյանի կյանքն ու մահը Բոստոնում