Ինչպես հայ որբերը նպաստեցին Եթովպիայի երաժշտության զարգացմանը

Ինչպես հայ որբերը նպաստեցին Եթովպիայի երաժշտության զարգացմանը



Եթովպիայում հայերի ներկայությունը դարավոր պատմություն ունի, որի ամենահետաքրքիր դրվագներից մեկը նշանավոր Հայլե Սելասիե I կայսեր օրոք (1930-74թթ․) եթովպական երաժշտական մշակույթի զարգացման մեջ հայերի կարևոր ներդրումն է։ PAN-ը ներկայացնում է, թե ինչպես հայերը հայտնվեցին Եթովպիայի երաժշտական աշխարհում ու ինչպես նպաստեցին դրա արդիականացմանն ու զարգացմանը։

PanARMENIAN.Net - Նախքան պաշտոնապես կայսր հռչակվելը՝ 1916-1930 թթ․ Հայլե Սելասիեն (իրական անունը՝ Թաֆարի Մաքոննեն Վոլդեմիքաել) Եթովպիայի թագաժառանգ իշխանն ու ռեգենտն էր և երկրի փաստացի ղեկավարը։ Հետաքրքիր է նշել, որ 1930-ական թթ․ Ջամայկայում առաջ եկած ռասթաֆարիական շարժումը, որի նշանավոր ներկայացուցիչը Բոբ Մարլին է, կապված է հենց նրա պաշտամունքի ու անվան հետ (առաջ է եկել Թաֆարի անունից և «ռաս»՝ իշխան տիտողոսից, որը նա կրում է ռեգենտության տարիներին)։

1916թ․ Եթովպիայի փաստացի ղեկավար դառնալուց հետո Թաֆարի Մաքոննենի օրոք սկսվեց երկրի զարգացումն ու արդիականացումը, որի մաս էր կազմում նաև մշակույթի զարգացումը: 1924թ․ ռաս Թաֆարին եվրոպական երկրներ կատարած պաշտոնական ուղևորությունների ճանապարհին կանգ առավ Երուսաղեմում և այստեղ էլ հանդիպեց Ցեղասպանությունից փրկված հայ որբերին, որոնք մեծ դեր պիտի խաղային եթովպական երաժշտության զարգացման մեջ։

Դեռևս 1923 թ․ ապրիլին Թաֆարի Մաքոննենի կինը՝ իշխանուհի Իթեգե Մենենը, այցելել էր Երուսաղեմ և Հայոց պատրիարք Եղիշե Դուրյանին Սուրբ Զատիկի առթիվ շնորհավորելու համար այց կատարել նաև հայկական թաղամաս։ Իշխանուհուն ուղեկցում էր եթովպահայ Արաքսի Յազեճյանը, որը եթովպական արքունիքի կարպետագործության արտադրամասի կառավարիչն էր, իսկ ամուսինը երկրի գաղտնի ծառայությունների ղեկավար էր եղել։ Բացի այդ, իշխանուհի Մենենի մայրը Արաքսիի դստեր՝ Աննայի կնքամայրն էր, և եթովպական արքունիքի հետ այս մերձավոր կապը նաև դեր խաղաց, որ Արաքսիի առաջարկով Մենենն այցելի տեղի հայկական «Արարատյան» որբանոց, որտեղ նրա պատվին հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպվել։ Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից բացված որբանոցում հավաքվել էին Ցեղասպանությունը վերապրած ավելի քան 400՝ հիմնականում վանեցի ու էրզրումցի երեխաներ ու պատանիներ։

«Թագուհին, երբ տեսավ մեզ, չկրցավ իր հուզումը զսպել և սկսավ բարձրաձայն լալ։ Շուտով զինք հյուրանոց տարին։ Ես զարմացած էի և հուսախաբ․ զարմացած էի, որ անծանոթ սև թագուհի մը կուգար մեզի համար, ուրեմն՝ կը գթար մեզի և կը սիրեր մեզ, իսկ հուսախաբ էի, որ հանդիսությունը ավարտված էր տակավին չսկսած․․․»,- այսպես է իր հուշերում նկարագրել Եթովպիայի իշխանուհու այցը որբերից մեկը՝ Նոյեմզար Մալխասյան-Վարդանյանը։ Իշխանուհի Մենենն այնուհետև նվիրատվություն է կատարում հայկական որբանոցների համար ու խոստանում իր երկրում շարժում սկսել ի նպաստ հայ որբերի: Վերադառնալիս նա հորդորում է ամուսնուն ինչ-որ կերպ օգնել հայ որբերին։ Հաջորդ տարի Երուսաղեմում Թաֆարի Մաքոննենը նույնպես այցելեց Հայոց պատրիարքարանը, որտեղ նրան դիմավորողների թվում էր նաև «Արարատյան» որբանոցի փողային նվագախումբը՝ 40 հայ պատանիներից բաղկացած «ֆանֆառի խում¬բը», ինչպես իրենց անվանում էին դրա անդամները: Իշխան Թաֆարին խորապես հիացած է մնում այդ խմբի կատարողական արվեստով, և տեղեկանալով, որ այդ պատանիները Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներից փրկված որբեր են, իսկ որբանոցը ծանր ֆինանսական խնդիրներ ունի, հենց տեղում ցանկություն է հայտնում որդեգրել նրանց ու իր հետ տանել Եթովպիա՝ կայսերական նվագախումբ ձևավորելու համար։ Որբանոցի ղեկավարությունը չէր կարող հրաժարվել այդ առաջարկությունից, մանավանդ որ Հայոց պատրիարքի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ Թաֆարի իշխանը պարտավորվեց հոգալ խմբի ճանապարհածախսը, իսկ Եթովպիայում ապահովել նրանց կեցության պայմաններով ու թոշակով։

1924 թ․ սեպտեմբերի 6-ին արդեն պատանի երաժիշտներն իրենց տեսուչի հետ միասին Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում էին, որտեղ նրանց դիմավորեցին պաշտոնյաներ և հայ համայնքի անդամները։ Ժամանման հաջորդ օրը նվագախմբի անդամներին ընդունեց իշխան Թաֆարին՝ հայտնելով, որ նրանց ամեն կերպ աջակցելու է։ Այդ խմբի հիման վրա էլ շուտով ձևավորվեց Եթովպիայի կայսերական փողային նվագախումբը, որը տեղացիների կողմից երկրի պաշտոնական լեզվով՝ ամհարերենով, կոչվեց «Արբա լիջոչ» («40 տղաներ»)։

«Արբա լիջոչ» նվագախմբի ղեկավարը դարձյալ Եթովպիա ներգաղթած Ցեղասպանությունը վերապրած Գևորգ Նալբանդյանը (1887-1963 թթ․), որը երաժշտախմբեր ղեկավարելու փորձ ուներ արդեն։ Նրա ղեկավարությամբ հայկական խումբը շատ արագ մեծ հարգանք ու լայն ժողովրդականություն սկսեց վայելել արքունիքում և երկրում։ Շուտով իշխան Թաֆարիի առաջարկով Գևորգ Նալբանդյանը 1926 թ․ գրում է երկրի առաջին ազգային հիմնի երաժշտությունը, որը «40 մանուկներ»-ի կողմից կատարվեց 1930 նոյեմբերի 2-ին՝ ռաս Թաֆարիի՝ Հայլե Սելասիե պատվանունով որպես կայսր թագադրման արարողության ժամանակ։

Եթովպացի ու ոչ եթովպացի մասնագետների համոզմամբ՝ «Արբա լիջոչ» նվագախմբի և նրա առանձին անդամների գործունեությունը մեծապես նպաստեց Եթովպիայում երաժշտական արվեստի զարգացմանն ու արդիական ուղղությունների մշակմանը։ Նախքան նրանց գալը թեև կային առանձին փողային երաժիշտներ, սակայն հիմնականում տարածված էին ժողովրդական երաժշտությանը համապատասխան փայտյա հարվածային ու լարային ավանդական գործիքները։ Հայ երաժիշտները բազմաթիվ համերգներ տվեցին նաև հանրային վայրերում, ու տեղական երաժիշտները սկսեցին վարժվել և աստիճանաբար յուրացնել թե նոր գործիքներով կատարողական արվեստը, թե դրանց ժամանակակից երաժշտական ուղղությունները։

Թեև 1936-41 թթ․ Եթովպիայի իտալական օկուպացիայի ժամանակ «Արբա լիջոչ»-ի գործունեությունը դադարեց, բայց Գևորգ Նալբանդյանը, ինչպես նաև առանձին անդամներ շարունակեցին իրենց գործունեությունը նաև պատերազմի ավարտից հետո։ Ի դեպ, Իտալա-եթովպական պատերազմի ժամանակ հայ երաժիշտները իրենց մեքենաներով մեծ դեր խաղացին եթովպական բանակի մատակարաման մեջ՝ նույնիսկ զոհեր տալով։ Բացի կայսերական նվագախմբից, Գևորգ Նալբանդյանի ղեկավարությամբ ստեղծվել է նաև եթովպական կայսերական գվարդիայի զինվորական նվագախումբը․ ուներ կապիտանի կոչում։ 1946-ից ղեկավարել է Ադիս Աբեբայի քաղաքային թատրոնի երաժշտախումբը։ Իսկ «Արբա լիջոչ»-ի անդամներից Կարապետ Հաքալմազյանը դեռևս 1928-ին սկսում է ղեկավարել մայրաքաղաքի ոստիկանության նվագախումբը։ Հայ երաժիշտներից հայտնի էին նաև Հակոբ Մանուկյանը, որը 1950-60-ական թթ․ ղեկավարել է ոստիկանության նվագախումբը, Ազատ Թոփալյանը և ուրիշներ։ 1952-ին Կարպիս Հայկազյանն էլ բացել է Եթովպիայի առաջին ձայնագրման ստուդիան։

Գևոգ Նալբանդյանը 1954-ին հիմնադրել է նաև Ադիս Աբեբայի համալսարանին կից Յարեդ երաժշտական դպրոցը և մեծ դերակատարություն է ունեցել երաժիշտների նոր սերնդի պատրաստման, ինչպես նաև եթովպական երաժշտության արդիականացման գործում։ Նալբանդյանը փաստացի հիմք է դրել եթովպական ազգային և մոդեռն եվրոպական երաժշտության ստեղծագործական համադրման մեթոդաբանական սկզբունքներին։

Գևորգ Նալբանդյանի այդ գործը շարունակել ու նոր մակարդակի է հասցրել նրա եղբորորդին՝ Ներսես Նալբանդյանը, որը 1930-ական թթ․ վերջին էր եկել Եթովպիա։ 1949 թ․ հետո, երբ Գևորգ Նալբանդյանը դադարեցրեց ակտիվ գործունեությունը, Հայլե Սելասիե կայսեր առաջարկով նա ղեկավարեց կայսերական նվագախումբը։ Լինելով երաժիշտ-կատարող (նվագում էր դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն), դիրիժոր, կոմպոզիտոր ու երաժշտության ուսուցիչ՝ հետագա տարիներին նա ղեկավարել կամ գործունեություն է ծավալել Եթովպիայի փաստացի բոլոր կարևոր երաժշտական հաստատություններում՝ Ադիս Աբեբայի քաղաքային թատրոն, Հայլե Սելասիե կայսերական թատրոն, Յարեդ երաժշտական դպրոց։ Սակայն նրա մեծագույն ներդրումը եթովպական արդի երաժշտության առաջատար ուղղության՝ եթովպական ջազի (Ethio-Jazz) ակունքների մշակմանը նպաստելն է։

Հետևելով Գևորգ Նալբանդյանին՝ նա կարողացավ եթովպական ավանդական երաժշտության ոճական ու գործիքային հիմքի մեջ ներդաշնակորեն ներդնել արևմտյան դասական ու ջազ երաժշտության սկզբունքերը (ներառյալ փողային գործիքների օգտագործումը)՝ պահպանելով ինքնատիպությունը։ Մասնագետների համոզմամբ՝ հենց այդ սկզբունքները նպաստեցին 1950-60-ական թթ․ լայն տարածում ու համաշխարհային ճանաչում գտած եթովպական ջազի առաջացմանն ու զարգացմանը։շ

Կարդացեք նաև. Հայկական Եգիպտոս․ Ինչպես հայ վեզիրները խելքի բերեցին Ֆաթիմյան խալիֆայությունը

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---