«Կեցցե Կեսարը». Սիրո խոստովանություն և ատելության դրսևորում

«Կեցցե Կեսարը». Սիրո խոստովանություն և ատելության դրսևորում



Մարտի 10-ին Երևանի կինոթատրոնների էկրաններ կբարձրանա Քոեն եղբայրների «Կեցցե Կեսարը» ֆիլմը: Հումորի յուրօրինակ զգացումը` «սև» ու ֆատալիզմով շաղախված, մեծ տանդեմի այցեքարտն է: Ու թեև եղբայրների աշխատանքը սովորականից քիչ է որպես կատակերգություն ներկայացվում, իրականում դրանք ցանկացած դրամայից էլ լուրջ են: «Կեցցե Կեսարը» միաժամանակ սիրո խոստովանություն է և ատելության դրսևորում հոլիվուդյան արտադրանքի հանդեպ, որն ատում ենք միայն թղթադրամ տպելու համար նախատեսված անհոգի հոսքագծի վերածվելու, և սիրում` իսկական հեղինակներին առանց սահմանափակումների արարելու հնարավորություն տալու համար:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net –ն իր տպավորություններն է ներկայացնում ֆիլմից:

Կինոնկարը պատմում է Էդդի Մեննիքսի (Ջոշ Բրոլին) մեկ օրվա մասին: Նա ֆիկսեր է, որն աշխատում է 1950-ականների Հոլիվուդում և լուծում է աստղերի բազում խնդիրները: Մի անգամ ուղղակի նկարահանման հարթակից անհետանում է «Կեցցե Կեսարը» ֆիլմի գլխավոր դերատակարը: Ոչ կինը, ոչ բազմաթիվ սիրուհիները չգիտեն, թե ուր է նա: «Ապագա» անունով մի կազմակերպություն գրություն է ուղարկում`$100.000 փրկագին պահանջելով: Մեննիքսը պետք է աստղին լրագրողներից շուտ գտնի:

Իթան և Ջոել Քոենները իրենց պատմությունների համար գործնականում միշտ նշանակալի և կարևոր ժամանակաշրջան են ընտրում ԱՄՆ պատմությունից` լինի դա պատերազմը Վիետնամում, Սառը պատերազմի իռացիոնալ պարանոյայի դարաշրջանը, թե մռայլ, սոված Մեծ դեպրեսիան: Նոր կինոնկարում ընտրված դարաշրջանը զուտ ֆոն չէ, այլ հիմքն է, առանցքային գիծն ու գլխավոր գործող անձը: Հանդիսատեսի առջև իր ամբողջ հասակով մեկ բարձրանում է նախորդ դարի 50-ականների Հոլիվուդը` խոշոր ստուդիաների տաղավարներում ստեղծվում են վիթխարի պատմական ֆիլմեր և թեթևամիտ մյուզիքլներ, իսկ այսպես կոչված «ոսկե դարի» քողի տակ ձևավորվում է ապագա ամենակուլ հոսքագիծը, որը «կոտրելու» է ստեղծագործ մարդկանց` ստիպելով նրանց կինո նկարահանել զանգվածների համար, ոչ թե իրենց ճաշակով:

Քոենները հիանալի ծանոթ են Հոլիվուդի «ներքին խոհանոցին»` հոսքագծի կառավարման լծակը միշտ ամենազոր պրոդյուսերի ձեռքում է: Նա է ղեկավարում համակարգի աշխատանքը, նկարահանող խմբի, ռեժիսորի գործողությունները և միայն ինքն իրավունք ունի հաշվետու լինել բարձր վերադասին` ի դեմս ստուդիաները ղեկավարող մեծամեծների: Քոենները տարբեր դետալներից խնամքով կազմում են խճանկարը` մի մրջնանոց, որտեղ հազարավոր մարդիկ աշխատում են հանուն մեկ նպատակի` որ պրոդյուսերները գոհ մնան: Այդ համակարգի գեթ մեկ դետալի կորուստը կարող է փլուզել ամբողջ համակարգը:

Շատ սրամիտ, տեղ-տեղ նույնիսկ ոչ այնքան հասկանալի երգիծանքի միջոցով ռեժիսորները ծաղրում են ստեղծագործական ընթացքի այն սխեման, որտեղ գլխավորը ոչ թե արարիչն է` ֆիլմի բեմադրիչը, այլ անհոգի ու անկուշտ մենեջերները, որոնց միակ նպատակն ապագա ֆիլմի մեծ հասույթն է: Ատելությունն այդ մոտեցման հանդեպ կարմիր թելի պես անցնում է ամբողջ ֆիլմի միջով` իր կարիերայի ընթացքում Քոեններին հաջողվել է հեռու մնալ հոլիվուդյան մեքենայից` միևնույն ժամանակ արտադրելով կոմերցիոն հաջողություն ունեցող և «պաշտամունքային» ֆիլմեր, քանի որ միշտ առաջնորդվել են ստեղծագործ մոտեցմամբ:

Ջորջ Քլունիի, Ջոշ Բրոլինի և նույնիսկ Չենինգ Տատումի (այս ֆիլմում նա հիասքանչ է) հիանալի դերասանական աշխատանքի շնորհիվ բեմադրիչները կարողացել են միաժամանակ սեր խոստովանել իրենց ատելության օբյեկտին: Ռեժիսորներին հաջողվել է ֆիլմում Հոլիվուդի «ոսկե դարին» այնքան հղումներ անել, որ դրանցով կարելի է հետևել ամերիկյան կինոյի անցած գրեթե ամբողջ էվոլյուցիային: Այստեղ և 1951 թ. Մարվին Լերոյի «Յո երթաս»-ն է, և Ուիլյամ Վայլերի լեգենդար «Բեն Գուրը»(1959), և նույնիսկ Սթենլի Կուբրիկի «Սպարտակը» (1960: Թեթև կինոնկարների թվում են հղումները 1945 թվականի «Բարձրացնել խարիսխը» երաժշտական կատակերգությանը, ինչպես նաև 1952 թ. «Միլիոն դոլար ջրահարսի համար» կենսագրական ժապավենին, որը պատմում է հայտնի ավստրալացի լողորդուհի, ջրացատկորդ և դերասանուհի Աննետ Քելլերմանի մասին: Այդ հղումներն այնքան համոզիչ են ու այնքան ճշգրիտ են կրկնում օրիգինալը, որ Քոենների նոր ֆիլմը կարող է իսկական նվեր դառնալ կինոյի իսկական սիրահարների համար:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---