Մշակույթի ուրվականը

Մշակույթի ուրվականը

Օսմանյան կայսրության հայկական, հունական, ասորական ու հրեական ժառանգությունը գույքագրվել է

Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հատուկ նախագծի շրջանակում հայերի, հույների ասորիների և հրեաների կառուցած եկեղեցիների, սինագոգների, վանքերի, դպրոցների, հիվանդանոցների ու գերեզմանատների գույքագրում է անցկացրել ու քարտեզագրել:

PanARMENIAN.Net - Մոտ 2,5 տարի տևած աշխատանքների արդյունքում ցուցակագրվել է 10.000 կառույց, որից 4.600 հայկական է, 4.100-ը` հունական, 650-ը` ասորական, 300-ը` հրեական: Հիմնադրամն այս բոլոր կառույցները ներառող ինտերակտիվ քարտեզ է կազմել, որը հասանելի է Turkiyekulturvarliklari.com կայքում: Աշխատանքներն իրականացրել են հետազոտողներ Վահագն Քեշիշյանը, Նորա և Զաքարիա Միլդանօղլուները, Նորայր Օլգարը, Մուստաֆա Բաթմանը, Էզգի Դենիզ Բերքը, Թունա Բաշըբեքը, Մերվե Քուրթը և այլք:

Վերջինիս խոսքով՝ նպատակներից մեկն առաջին հերթին իրազեկվացության բարձրացումն է, տեղեկատվության տարածումը.

«Հարյուրավոր տարիներ այս հողի վրա կողք կողքի ապրել են տարբեր ազգեր, սակայն պաշտոնական պատմությունը որպես մշակութային ժառանգություն մեզ ներկայացնում է միայն մուսուլմանական հաստատությունները: Երբ ցանկանաս որևէ ուսումնասիրություն կատարել, արխիվներում որևէ ինֆորմացիա չես կարող գտնել, օրինակ, հայկական կամ հունական մշակութային ժառանգության մասին: Պաշտոնական պատմության կողքին կա մեկ այլ պատմություն, և դա վերաբերում է բազմամշակութային հասարակությանն ու ժառանգությանը: Մեր նպատակը հենց այս փաստը բարձրաձայնելն է», - պատմել է նա «Ակոսին»:

Ներքին Ֆենեսե հայկական եկեղեցի

Հետազոտողները կանգուն մնացած կառույցներից բացի կազմել են նաև քանդված, ավերված, չպահպանվող, որպես պահեստ ու ախոռ օգտագործվող կամ մզկիթի վերածված կառույցների ցուցակ: Քարտեզից ակնհայտ երևում է, թe ինչքան մեծ թիվ են կազմել հայկական դպրոցները, եկեղեցիներն ու ընդհանրապես հայկական կառույցները:

«Երբ մարդը տեսնի, որ ավելի քան 4000 հայկական՝ հանրային և գյուղական հասատություն կա այդ արածքում, ակամա ինքն իրեն հարց կտա՝ իսկ որտեղ է այդ ժողովուրդը հիմա: Այսինքն՝ եթե եղել են դպրոցներ, եկեղեցիներ, կրթօջախներ, ուրեմն ակնհայտ է, որ շատ հայեր են եղել, որ հիմա չկան: Սա նշան ու ապացույցն է, որ հայերն էլ այս երկրի մի մասն են եղել: Սա հենց այն նյութական ապացույցն է, որ Ցեղասպանություն եղել է»,- նշում է Քուրթը:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալի, 1923-ից հետո մնացած 913 կառույցից 464-ն ամբողջովին անհետացել է, 252-ն ավերակ է, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունի։

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին աշխատանքի վերաբերյալ մանրամասներ են պատմել նախագծի մասնակիցներ Զեյնեփ Օղուզը և Վահագն Քեշիշյանը` նշելով, որ սա իր բնույթով եզակի աշխատանք է, քանի որ մինչև օրս Թուրքիայի քրիստոնեկան կառույցների վերաբերյալ նմանատիպ համապարփակ ուսումնասիրություն չէր կատարվել:

Զեյնեփ Օղուզը նշել է, որ մի շարք վայրերում և՛ հայերին, և՛ հույներին պատկանող հսկայական շինություններ կան։

«Սրանց մի մասը մզկիթի է վերածված, մնացած մասը գրանցված, բայց վատ վիճակում է։ Նաև ավերված շինություններներ տեսանք։ Որոշ տեղերում միայն երկու սյուն է մնացել, որոշ տեղերում էլ՝ միայն քարեր։ Որոշ գյուղեր կանգուն են իրենց փողոցներով, տներով։ Որոշ գյուղեր ամբողջությամբ դատարկված են, բայց շինությունները կանգուն են։ Սրանք վայրեր են, որտեղ կարելի է փաստագրել գյուղական կյանքը։ Ավերակներ այցելությունների ընթացքում ականատես եղանք խեթերի ժամանակներից մնացած շինություններին` միահյուսված 19-րդ դարի շինությունների ավերակների։ Չգիտենք, թե 19-րդ դարից մնացած մի շարք շինությունների տակ ինչ է թաքնված»։

Վահագն Քեշիշյանն էլ հավելել է, թե բազմաթիվ քարանձավներ կան, քարակերտ, փորագրված եկեղեցիներ. «Մեծ կամ փոքր քարանձավները նախնական շրջանում օգտագործվել են որպես ապաստարան և սրբավայր, հետագա տարիներին վերածվել են եկեղեցիների»:

Մասնագետը նշել է, որ պատմական հուշարձաններին ամենամեծ վնասը հասցնում են գանձ որոնողները. «Ամենուր փորել են՝ անգամ պատերի ներքևի հատվածները։ Ոմանք եկեղեցիները տների են վերածել։ Վանքեր չեն մնացել։ Շատ տեղերում մատնանշում էին դրոշի գտնված վայրը, երբ հարցնում էինք վանքի տեղը։ Արդեն հանգել էինք մի եզրահանգման. եթե գյուղի մուտքին կամ ելքին բարձր բլուր կա և բլրի վրա էլ դրոշ կա, ապա վանքի ավերակներ կան այդտեղ»։

Հրանտ Դինքի անվան հիմնադրամի աշխատակիցները նշում են, որ Անատոլիայի մշակութային ժառանգության քարտեզը դեռևս ամբողջական չէ, և աշխատանքը շարունակվում է: Կայքը հնարավորություն է տալիս լրացումներ կատարել և քարտեզի վրա նոր հուշարձաններ ավելացնելու առաջարկներ ներկայացնել:

Օզվաթան Թաշլըք հունական եկեղեցի

«Նախագծի հետագա ընթացքը կախված է կայքի օգտատերերից: Հուսով ենք, որ քարտեզը կտա հետազոտողների, ուսանողների, ճանապարհորդների և պարզապես իրենց հայրենիքը կարոտած մարդկանց բազմաթիվ հարցերի պատասխանները: Վերջիններս էլ իրենց հերթին սեփական առաջարկություններով, լրացումներով ու շտկումներով կնպաստեն դրա զարգացմանն ու ընդլայնմանը»:

Նախաձեռնության մասնակիցները տեղեկացրել են, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվելու, քանի որ 2-րդ փուլուվ նախատեսում են մեկնել Թուրքիայի տարբեր շրջաններ և մեկ-մեկ ստուգել բոլոր այն կառույցները, որոնց մասին տեղեկություններ են հավաքագրել:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---