«Գահերի խաղի» փոխարեն

«Գահերի խաղի» փոխարեն

Նոր հեռուստատեսային ֆենոմենն ու դրա առանձնահատկությունները

Ընդամենը 2 եթերաշրջան է մնացել մինչ սիրված «Գահերի խաղը» սերիալի ավարտը: Հոյակապ ֆիլմաշարը ստեղծվել է HBO հեռուստաալիքում, որը վերջին տարիներին ինտենսիվորեն նոր նախագիծ էր որնում հեռանկարում Ջորջ Մարտինի հեղինակած ստեղծագործությունը փոխարինելու համար: Միաժամանակ, հոլիվուդյան վերնախավի երկու ներկայացուցիչ` ռեժիսոր Ջ.Ջ. Աբրամսը և դրամատուրգ Ջոնաթան Նոլանը սեփական նախագիծն են մշակում, հիմնված Մայքլ Քրայթոնի «Վայրի արևմուտքի աշխարհը» (1973թ.) հայտնի ֆանտաստիկ ժապավենի վրա: Շուտով HBO-ն հետաքրքրվեց նախագծով, սերիալների համար հսկայական գումար հատկացնելով` 100 մլն դոլար: Չնայած «ստեղծագործական դժոխքին», որով անցավ կինոնկարը, այն հայտնվեց փոքր էկրանին ճիշտ ժամանակին:

PanARMENIAN.Net - «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալի առաջին 2 էպիզոդը հիացական արձագանքներ ստացավ համաշխարհային մամուլում, քննադատների և հեռուստադիտողի շրջանում: PanARMENIAN.Net ը ներկայացնում է նոր հեռուստատեսային ֆենոմենի որոշ առանձնահատկություններ:

Առանձնահատկություն N1

Սերիալի գործողությունը տեղի է ունենում «Վայրի արևմուտքի աշխարհը» ատրակցիոնների ֆուտուրիստական զբոսայգում, որը բնակեցված է անդրոիդներով: Նրանք գործնականում չեն տարբերվում սովորական մարդկանցից, ապրում են առօրյա կյանքով և չեն կակածում, որ ընդամենը մեքենաներ են: Իսկ արտաքին աշխարհի սովորական մարդիկ (նրանց անվանում են «այցելուներ») կարող են պատկառելի գումարի դիմաց այցելել «Վայրի արևմուտքի աշխարհ»` ամբողջությամբ ընկղմվելով արկածների մթնոլորտի մեջ: Ընդ որում, այցելուներին թույլատրվում է գործնականում ամեն ինչ` նրանք կարող են շփվել «տեղացիների» հետ ըստ իրենց հայեցողության` սպանել, կողոպտել, բռնաբարել, իսկ անդրոիդները չեն կարող վնասել մարդկանց:

Հիմք ընդունելով օրիգինալ ֆիլմի հայեցակարգը` հեղինակները ստեղծել են «հակառակ մատրիցան»: Այստեղ հալածվածների դերում հանդես են գալիս ռոբոտները, որոնք չգիտեն, որ իրենց աշխարհն իրական չէ, իսկ մարդիկ այստեղ դաժան բռնապետներ են, որոնք խաղ են անում իրենց արարածների հետ: Կինոնկարի առաջին իսկ րոպեներից ի հայտ են գալիս արարչի և արարածի միջև փոխհարաբերությունների հետ կապված փիլիսոփայական հարցերը: Բավականին շատ հղումներ կան ժանրի դասական նմուշներին` օրինակ, այն, որ ռոբոտները չեն կարող վնասել մարդուն, անմիջական հղում է Այզեկ Ազիմովի լեգենդար «Ռոբոտատեխնիկայի երեք օրենքը» գրքին: Սակայն, առաջին իսկ էպիզոդից հասկանալի է դառնում, որ ամեն ինչ այդքան պարզ չէ` ի հայտ է գալիս արդեն ֆիլմի երկրորդ առանձնահատկությունը:

Առանձնահատկություն N2

«Վայրի արևմուտքի աշխարհը» շատ արդիական է ժամանակակից աշխարհում: Մեքենայացված ուսուցման և արհեստական ինտելեկտի բուռն զարգացումը ստիպում է հայտնի մարդկանցից շատերին խոսել այն պոտենցիալ վտանգների մասին, որոնց կարող է բախվել մարդկությունն առաջընթացի ճանապարհին: Հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, միլիարդատեր Իլոն Մասկը և մյուսները զգուշացնում են` այս տեխնոլոգիաների անվերահսկելի զարգացումը կարող է անկանխատեսելի լինել:

Վերջին տարիներին զուտ գիտական հետաքրքրությունից բացի այդ թեման հայտնվել է նաև կինոգործիչների ուշադրության կենտրոնում: Ֆատալիստական «Տերմինատորի» փոխարեն ժամանակակից հեղինակները հղում են անում ավելի ակտուալ և կյանքին մոտիկ զարգացումներին` դա և ձախողված «Տրանսցենդենտությունն» է և հոյակապ «Մեքենայից» ֆիլմը, որոնք զգուշացնում են հնարավոր վտանգի մասին տարբեր եղանակներով: «Վայրի արևմուտքի աշխարհը» դանդաղ է մոտենում դրան, բայց հիմնավոր: Ստրուկ ռոբոտները պարբերաբար անկանխատեսելի վարք են դրսևորում` նրանց մոտ «արգելված» մտքեր են հայտնվում, «սխալներ» ծածկագրում, որոնք հետագայում կարող են մարդկանց համար ողբալի հետևանքների հանգեցնել: Ոմանք կարող են սերիալը բավականին կանխատեսելի համարել (չէ որ ամեն ինչ գնում է դեպի մեքենաների ապստամբություն): Սակայն, ծանոթ լինելով հեղինակների անուններին ու հեղինակությանը, վստահաբար կարելի է ասել, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Անցնենք երրորդ առանձնահատկությանը:

Առանձնահատկություն N3

Սերիալի հեղինակներ Ջ.Ջ. Աբրամսը և Ջոնաթան Նոլանը հայտնի են Հոլիվուդում որպես մեծ «խաբեբաներ»: Իրենց լավագույն ստեղծագործություններում նրանք հմտորեն ուղղորդում են կինոդիտողին` սխալ ճանապարհով տանելով նրան և անսպասելիորեն գաղտնի ուղիներ բացելով, որոնց մասին նա չէր էլ կասկածում: Լեգենդար «Ողջ մնալ» շոուի հեղինակ Աբրամսը շատ է սիրում գլուխկոտրուկներ, իսկ Ջոնաթան Նոլանը (հայտնի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի եղբայրը) կարողանում է կազմել այդպիսիք: Նոլանն ընդհանրապես համարվում է ամենախորամանկ դրամատուրգներից մեկը` «Հիշիր» քրեական դրամայի նրա սցենարը նույնիսկ ներկայացվել է «Օսկարի»: Նա եղբոր հետ համատեղ աշխատել է «Սկիզբը» և «Ինտերսթելեր» գլուխկոտրուկ ֆանտաստիկ ֆիլմերի սցենարների վրա:

Ուստի պարզամիտ կլինի մտածել, որ նման հավակնոտ նախագծում, որտեղ 5-6 եթերաշրջան է նախատեսված, Աբրամսն ու Նոլանը կանխատեսելի կլինեն: Արդեն առաջին իսկ էպիզոդից նրանք ինտրիգներ են կառուցում և ծուղակներ լարում, որոնք կաշխատեն պատեհ պահին` բավական է հիշատակել միայն անանուն Սևազգեստ մարդու կերպարը Էդ Հարիսի փայլուն կատարմամբ, որը ուղիղ հղում է Սթիվեն Քինգի «Մութ աշտարակին», որի էկրանավորումից Աբրամսը վերջերս հրաժարվեց:

Առանձնահատկություն N4

Հեռուստատեսային ձևաչափում հեղինակները կարող են թույլ տալ իրենց այն ամենն, ինչ այսօր գործնականում անընդունելի է մեծ էկրանի համար: «Վայրի արևմուտքի աշխարհը» ներկայացվում է որպես փոխարինում «Գահերի խաղին»: Եվ դա հաստատվում է հենց սկզբից. խիստ իրատեսական իրադարձություններ, արյունալի սպանություններ, բազում անկողնային տեսարաններ: Բյուջեի տեսակետից ալիքի անասելի շռայլությունը թույլ է տվել ստեղծել համոզիչ և մասշտաբային դեկորացիաներ, իսկ վիզուալ էֆեկտները ոչնչով չեն զիջում Հոլիվուդի լավագույն բլոկբասթերներին:

Հեղինակներն ընտրել են միայն լավագույնը` հիանալի երաժշտական ուղեկցություն (կոմպոզիտոր Ռամին Ջավադին նաև «Գահերի խաղի» երաժշտության հեղինակն է), հարստացված հայտնի ստեղծագործությունների անսպասելի քավեր տարբերակներով, հուսալքության մթնոլորտ և իրադարձություններին մասնակից լինելու զգացողություն, փոխհրաձգության տեսարան, նկարահանված մեկ պլանով` առանց մոնտաժային կպումների, ինչպես «Իսկական դետեկտիվի» առաջին եթերաշրջանում: Այս ամենն իրոք փայլուն ապագա է խոստանում այս առանձնահատուկ, հեղինակային նախագծին:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---