Կուլիսներից այն կողմ

Կուլիսներից այն կողմ

Կինոյի աշխարհի «անհայտ» հայերը

Յուրաքանչյուր հայի ծանոթ են հայտնի կինոգործիչներ Ատոմ էգոյանի, Էնդի Սերքիսի, Հյուզ և Էրիկ Բոգոսյան եղբայրների ազգանունները: Սակայն կինոյի աշխարհում մեր հայրենակիցների թիվը չի սահմանափակվում այս հայտնի անուններով: ԶԼՄ-ները օր ու գիշեր նրանց մասին չեն խոսում, սակայն նրանք կատարում են իրենց աշխատանքը ոչ պակաս ջանադրությամբ, քան իրենց հայտնի գործընկերները: Հաճախ մենք իմանում ենք նրանց գոյության մասին միայն ֆիլմերի լուսագրերից:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը ներկայացնում է հայկական ծագումով 5 կինոգործչի, որոնց մասին շատերը չեն լսել:

Դերան Սարաֆյան

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ռիչարդ Ս. Սարաֆյանի որդին ծնվել է 1958-ին Լոս Անջելեսում: Նա նաև լեգենդար Ռոբերտ Օլթմենի զարմիկն է: Դերանի կարիերան շատ յուրօրինակ է զարգացել. 80-ականներին և 90-ականների սկզբին նա նկարահանել է և եղել է այսպես կոչված երկրորդ կարգի ֆիլմերի` վամպիրների մասին «Մեռնել հանուն» (To Die For), Ժան Կլոդ Վան Դամի գլխավոր դերակատարմամբ արյունոտ «Մահվան թույլտվություն» (Death Warrant), կատակերգական «Հրաձիգը» (Gunman) մարտաֆիլմի ու հայտնի ֆրանսիացի Քրիսթոֆեր Լամբերտի գլխավոր դերակատարմամբ «Ծաղիկը ճանապարհի եզրին» (The Road Killers) թրիլերի պրոդյուսերը:

Այնուհետև Սարաֆյանը դարձավ մի շարք հայտնի`«Դոկտոր Հաուս» (House MD), «Եզր» (Fringe), «Ողջ մնալ» (Lost), սերիալների էպիզոդների մի մասի պրոդյուսերն ու բեմադրիչը: Ռեժիսորի վերջին աշխատանքը հորոր ժանրում նկարահանված «Հելմոք Գրոուն» (Hemlock Grove) սերիալն է:

Արթուր Մ.Սարկիսյան

Պրոդյուսեր Արթուր Մ.Սարկիսյանը ծնվել է Հայաստանում, այնուհետև կարիերան նրան հասցրել է Հոլիվուդ: Հիանալի պրոդյուսերական հոտառությունը թույլ տվեց նրան գլխավորել 90-ականների հիթ դարձած «Պիկ ժամը» (Rush Hour) Ջեքի Չանի և Քրիս Թաքերի գլխավոր դերակատարմամբ: 33 մլն դոլար բյուջե ունեցող Բրետ Ռաթների ֆիլմը համաշխարհային ցուցադրման արդյունքում հավաքեց ավելի քան 244 մլն, ինչն էլ կանխորոշեց ֆիլմի հետագա ճակատագիրը: 2001-ին էկրաններ բարձրացավ «Պիկ ժամ 2» (Rush Hour 2) սիքվելը, որը հավաքեց 347 մլն դոլար` 90 մլն դոլար բյուջեի դեպքում: 2007-ին թողարկվեց «Պիկ ժամ 3»-ը (Rush Hour 3), որն այդքան հաջողություն չունեցավ` 140 մլն դոլար բյուջեով այն ամբողջ աշխարհում հավաքեց 258 մլն դոլար:

Վերոնշյալ ֆրանշիզայից բացի Արթուր Մ. Սարկիսյանը նաև «Քանի դեռ դու քնած էիր» (While You Were Sleeping) ռոմանտիկ կատակերգության, ինչպես նաև Բրյուս Ուիլլիսի մասնակցությամբ «Միայնակ հերոսը» (Last Man Standing) մարտաֆիլմի և «Իռլանդացին» (Kill the Irishman) ֆիլմի պրոդյուսերն է:

Գոհար Գազազյան

Գոհարը քասթինգի ամենապահանջված տնօրեններից է հեռուստատեսությունում: Հենց այդ մասնագիտության տեր մարդիկ են որոշում, թե որ դերասանը պետք է մարմնավորի այս կամ այն կոնկրետ դերը, հենց նրանք են բանակցում դերասանների գործակալների հետ և նրանք են անցկացնում առաջին կինոփորձերը: Գոհար Գազազյանը հայտնի` «Քայլող մեռելները» (The Walking Dead), «Կանգնիր և այրվիր» (Halt and Catch Fire), «Լաքի 7» (Lucky 7), «Վեգաս» (Vegas) և «Ֆիրմա» (The Firm) սերիալների էպիզոդներից շատերի քասթինգի տնօրենն է:

Մայքլ Վարդան

Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայտնի դերասան Մայքլ Վարդանը ծնվել է 1968-ին Ֆրանսիայում, հայի և հունգարուհու ընտանիքում: Նկարահանվելով մի քանի եվրոպական կինոժապավեններում, ներառյալ Տավիանի եղբայրների «Ֆլորեալ» (Floréal) ֆիլմը, Վարդանը շուտով գրավեց Հոլիվուդի ուշադրությունը: Նա կատարել է երկրորդ պլանի դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Չհամբուրվածը» (Never Been Kissed), «Լուսանկար մեկ ժամում» (One Hour Photo), «Եթե սկեսուրը հրեշ է» (Monster-in-Law) և այլն: Նրա առավել հայտնի աշխատանքն է Մայքլ Վոնի դերը ամերիկյան «Լրտեսուհին» (Alias) հեռուստասերիալում: Նա նաև հայտնվել է «Ընկերները» (Friends) և «Էլլի Մաքբիլ» (Ally McBeal) սերիալների առանձին էպիզոդներում:

Ֆրանսուա Բերլեան

Ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Բերլեանը ծնվել է 1952-ին հայի և ֆրանսուհու ընտանիքում: Դերասանը հայտնի է դարձել երկրորդ պլանի դերերի կատարմամբ Լուի Մալի («Ցտեսություն, երեխաներ» (Au revoir les enfants), «Միլուն մայիսին» (Milou en mai) և Քաթրին Բրեայի ֆիլմերում: Թեև Բերլեանը գործնականում չի նկարահանվել Ֆրանսիայի սահմաններից դուրս, նա միջազգային ճանաչում է ստացել շնորհիվ նկարահանումների ինչպես հեղինակային «խորիմաստ» ֆիլմերում, այնպես էլ` «Փոխադրողը» (The Transporter) և սիքվելները, «Ոչ ոքի չասես» (Ne le dis à personne) և «Ադրենալին» (Crank) թրիլերներում:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---