Ուժի հակառակ կողմը

Ուժի հակառակ կողմը

Տպավորություններ նոր «Աստեղային պատերազմներից»

Երբ չորս տարի առաջ հոլիվուդյան հսկա Disney ընկերությունը ձեռք բերեց լեգենդար Ջորջ Լուկասի Lucasfilm ստուդիան, որի կենտրոնական լոտը «Աստեղային պատերազմներ» մեդիաֆրանշիզն էր, երկրպագուներն անհանգստացած էին ու նյարդայնացած։ Իմանալով ֆրանշիզների հետ վարվելու՝ Disney-ի սովորությունը, կարելի էր սպասել միայն ահռելի գումարներ աշխատող հոսքագծի գործարկում, որի համար կենտրոնականը շահույթն է, իսկ երկրպագուների զգացմունքները երկրորդական են։ 2015թ-ի դեկտեմբերին մեծ էկրաններ բարձրացավ վերագործարկված ֆրանշիզի առաջին ֆիլմը՝ «Ուժն արթնանում է»։ Այստեղ հեղինակներն ամեն ինչ արել էին «Աստեղային պատերազմների» երկրպագուների սիրտը շահելու համար՝ ամեն մի կադրով հղում անելով սիրելի աշխարհի հերոսներին։ Սակայն Disney-ի պլաններն ավելի հավակնոտ էին․ շարունակել ոչ միայն կենտրոնական պատմությունը, այլ ճյուղավորումների տեսքով ներկայացնել այն, ինչ ընդհանուր ֆրանշիզի համար ընդամենը հավելված է։ Այս ուղղությամբ աշխատանքների առաջին փորձը ստացավ Rogue One անվանումը։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը կիսվում է տպավորություններով «Աստեղային պատերազմներ.Ռոգ մեկ» ֆիլմի կինոդիտումից:

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես ապստամբները կարողացան ձեռք բերել Գալակտիկական կայսրության կողմից ստեղծված մասսայական ոչնչացման զենքի՝ «Մահվան աստղի» գծագրերն ու պարզել կայանի թույլ կողմը։ Դա հետագայում թույլ կտա Լյուկ Սքայուոքերին տոնել առաջին հաղթանակը ուժի մութ կողմի դեմ պայքարում։

Արդեն գրեթե 40 տարի ապրող մեդիաֆրանշիզին անծանոթ մարդկանց համար բավականին անսովոր կլինի ընկալել ու, առավել ևս, սիրել նոր ֆիլմը, որովհետև ներկայացվող պատմության ամբողջ հմայքը զգալու համար անհրաժեշտ է ծանոթություն նախորդ յոթ ֆիլմերի հետ։ Այդուհանդերձ, երիտասարդ ռեժիսոր Գարեթ Էդվարդսի նկարահանած «Ռոգ մեկը», որպես առանձին, ընդհանուր սյուժետային գծից ճյուղավորվող, բայց ինքնուրույն կտավ անտեղյակ կինոդիտողին զարմացնելու և հիացնելու բավականին մեծ ներուժ ունի։ Առաջին իսկ կադրերից ստեղծողները հասկացնում են, որ գործ ունենք «Աստեղային պատերազմների» հետ, բայց ոչ այն իմաստով, որն ամեն անգամ պատկերացնում էինք՝ էկրանին ընթերցելով «Վաղուց, շատ վաղուց, հեռու, հեռու գալակտիկայում» տողերը։

Նոր ֆիլմն ամուր կերպով, օրգանապես կապված է ընդհանուր պատմության հետ։ Ավելին, առանց այստեղ ներկայացված իրադարձությունների չէր լինի «Նոր հույսը» («Աստեղային պատերազմների» շարքում առաջին ֆիլմը՝ նկարահանված հեռավոր 1977թ-ին), սակայն Էդվարդսը պատմությանը մոտենում է բոլորովին այլ տեսանկյունից։ Հիմնական ֆրանշիզի գունազարդ, մասշտաբային, կարելի է ասել՝ հեքիաթային անտուրաժի փոխարեն մենք գործ ունենք, թեկուզ ֆանտաստիկ, բայց իրական աշխարհին շատ ավելի մոտ, այսպես կոչված՝ «մութ» կողմի հետ։ Էդվարդսն ուսումնասիրում է «Աստեղային պատերազմների» աշխարհի՝ իր և մեզ համար անհայտ անկյունները, լավ գիդի նման ուղեկցում է մեզ վայրեր, որոնց գոյության մասին մենք գուցե գուշակում էինք, բայց երբեք չէինք տեսել։ Ռեժիսորը բացահայտում է սիրված աշխարհի «ներքին խոհանոցը», մռայլ ու դաժան սենյակները, ցույց է տալիս իրադարձություններ, վայրեր, մարդկանց, որոնք էպիզոդից էպիզոդ Սքայուոքերների ընտանիքի հետ կապված սյուժետային հեղեղի մեջ երբեք չեն մտել, բայց վտակների նման ճյուղավորվել են, իրավիճակ փոխել, որոնց կարևորությունը, հաճախ, շատ ավելի մեծ է, քան նոր եռագրության քաղաքական խարդավանքները, կամ հնի անդադար պատերազմն ու ընտանեկան դրամատիզմը։

Առաջին և երկրորդ ակտերում Էդվարդսը, որպես ֆրանշիզի երկրպագու, անընդհատ շոշափում, կարելի է ասել՝ շոյում, «տնտղում» է իրեն վստահված աշխարհը՝ դանդաղ, առանց շտապելու թռչելով լոկացիայից լոկացիա, մանկական հրճվանքով ցուցադրելով սիրված կերպարներին, կամ կիսաակնարկներով հասկացնելով, որ գործ ունենք նույն աշխարհի հետ, բայց հայտնվել ենք նրա մութ խորխորատներում։ Այստեղ ապրում ու պայքարում են սովորական մարդիկ, այստեղ Ուժը, որը սնում է ջեդայներին ու սիթհերին, գրեթե իրեն չի արտահայտում։ Սակայն այստեղ կա մեկ այլ ուժ՝ պայքարի, անձնազոհության ու նվիրվածության, ինչի շնորհիվ նույն այդ սովորական մարդիկ, զոհելով իրենց կյանքը, նպաստում են ապագա հաղթանակին։ «Ռոգ մեկը» փակում է «Նոր հույսի» գլխավոր բացերը՝ պատմելով այն տղամարդկանց ու կանանց մասին, ում արյան ու կյանքի գնով հետագայում հնարավոր կլինի տոնել առաջին խոշոր հաղթանակն ու բեկում մտցնել գալակտիկական պատերազմում։

Էդվարդսի խիստ կենտրոնացվածությունը աշխարհի խորքերը բացահայտելու վրա, սակայն, հետագայում ստիպեց Disney-ին մասշտաբային վերանկարահանումներ իրականացնել՝ հրավիրելով Թոնի Գիլրոյին։ Հենց վերջինիս ձեռամբ պատմության երրորդ ակտում գործ ունենք արդեն անդադար գործողության հետ թե ցամաքում, ու թե տիեզերքում․ ճակատամարտեր, որոնք ուղիղ հղումներ են կատարում Վիետնամի պատերազմի մասին լավագույն ֆիլմերին ու միանգամից տեղափոխվում տիեզերք՝ հիշեցնելով, որ դիտում ես ոչ թե Օլիվեր Սթոունի հերթական ռազմական դրաման, այլ «Աստեղային պատերազմների» նոր մասը։ Բնականաբար, սյուժետային բացեր ու ծիծաղելի սխալներ այստեղ կան․ ֆրանշիզը երբեք առանձնապես չի փայլել դրամատուրգիական վարպետությամբ ու խորությամբ։ Սակայն կախարդանքի այն զգացումը, ջերմությունը, որի ուղեկցությամբ կինոդիտողը դուրս է գալիս դահլիճից, կարծես մանկության մի պատառիկի հետ առնչված, արժեն, որպեսզի այս ֆիլմը դիտվի։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---