Ուշացած փառքը

Ուշացած փառքը

Ով է Մոնատիկը և ինչու նրա համերգը Երևանում չի կայանա

Սեպտեմբերի 30-ին Երևանի Հրազդան մարզադաշտին հարակից ավտոկայանատեղիում պետք է անցկացվեր առաջին UpEvn Open Air 2017 երիտասարդական փառատոնը, որի շրջանակում ելույթ էին ունենալու դիջեյներ, երգիչներ և երաժիշտներ Հայաստանից, Եվրոպայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Նրանց թվում պետք է լինեին նաև ռուսաստանցի ռեփեր, Presnya Family երաժշտական լեյբլի հիմնադիր Kravz-ը և ուկրաինացի երգիչ, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր Monatik-ը: Վերջին պահին սակայն, սեպտեմբերի 28-ի երեկոյան կազմակերպիչները հայտնեցին, որ համերգը չի կայանալու:

PanARMENIAN.Net - Կազմակերպիչների տարածած հաղորդագրության համաձայն, վաճառվեց ոչ ավելի քան 200 տոմս, և «նման մեծ միջոցառումը չի կարող իրականանալ առանց պետական և հովանավորչական աջակցության ու տոմսերի վաճառքի ցածր ակտիվության դեպքում»:

Այնուամենայնիվ, PanARMENIAN.Net ը հետաքրքիր փաստեր էր հավաքել ուկրաինացի կատարողի մասին՝ բացատրելով, թե ինչով էր գրավիչ լինելու 31-ամյա կատարող Դմիտրի Մոնատիկի համերգը (այո, այո, Մոնատիկը տարօրինակ բառ չէ, որը նա որպես կեղծանուն է վերցրել, դա նրա ազգանունն է), որին երբեմն Իվան Դորնի հետ են համեմատում, քանի որ երկուսն էլ Ուկրաինայից են և կատարում են ռիթմիկ երգեր: Սակայն, եթե Դորնը վաղ է սկսել ու շատ բուռն, Մոնատիկի մոտ ամեն ինչ շատ ավելի դանդաղ է ընթացել և ոչ այնքան հարթ:

Մինչև հայտնի հիթերի կատարող դառնալը Մոնատիկն ինչ ասես չի փորձել: 2003-ին նա ընդունվել է Անձնակազմի կառավարման միջտարածաշրջանային ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետ, սակայն չի ավարտել: Ընթացքում նա հասկացել է, որ արդարադատությունն իր բնագավառը չէ: 2008-ին երգիչը մասնակցել է «Աստղերի ֆաբրիկա - 2» ուկրաինական հեռուստանախագծի քասթինգին, սակայն չի ընտրվել: 2010-ին նա մասնակցել է «Պարում են բոլորը» ուկրաինական նախագծի 3-րդ եթերաշրջանի քասթինգին, ընտրվել է, մասնակցել, սակայն լավագույն 20-յակի մեջ չի ընդգրկվել: Նույն տարում Մոնատիկը մասնակցել է «X-ֆակտորի» առաջին եթերաշրջանին և այստեղ է, որ լիովին դրսևորել է իրեն: 2011-ին Նիկոլայ Բայչենկոյի և D’Arts բալետի հետ համատեղ Մոնատիկն արդեն թողարկում է բջջային հեռախոսով նկարահանված դեբյուտային «ՏայՈւլետայու» հոլովակը, որը լավ արձագանքներ ստացավ:

2015-ին M1 ուկրաինական երաժշտական ալիքը Մոնատիկին «Տարվա հայտնագործություն» համարեց: 2016-ին երգիչը դարձավ ուկրաինական «Ձայնը. Երեխաներ» նախագծի ուղղորդողներից մեկը: Նույն տարում նա արժանացավ Տարվա լավագույն երգիչ կոչմանը M1-ի Music Awards-ում: Ի դեպ, նույն անվանակարգում ներկայացված էր նաև Իվան Դորնը, սակայն հաղթեց Մոնատիկը: Իր կարճատև կարիերայի ընթացքում Մոնատիկը հասցրեց 2 ալբոմ ձայնագրել՝ «Այսօրվա սաունդտրեկը» 2013-ին և «Հնչում է» ալբոմը 2016-ին: Նույն տարում տեղի ունեցավ նրա «Հանգստյան օր», «Պտտում է», «Հավերժություն» և «Քուն» հոլովակների պրեմիերան, որոնցից վերջինը նկարահանվել է ռեփեր L’One-ի մասնակցությամբ:

Այժմ նա ոչ միայն երգում ու պարում է, այլ նաև երգեր է գրում ինչպես իր, այնպես էլ հայտնի ռուսաստանցի երգիչներ Դիմա Բիլանի, Սվետլանա Լոբոդայի, Աննա Սեդոկովայի, Սերյոգայի և այլոց համար:

Լսելով Մոնատիկի երգերը՝ ինչպես իր, այնպես էլ այլ արտիստների համար գրված, կարելի է հասկանալ, որ նա առանձնապես չի կարևորում երգերի տեքստերը, ինչ-որ խորը իմաստ չի հաղորդում դրանց, բայց դժվար է թերագնահատել նրա երգերի ռիթմն ու բիթի որակը՝ նրա երգերը շատ բարդ է նստած լսել, քեզանից անկախ պարել ես ուզում, դե կամ, առնվազն ուսերդ ռիթմի տակ շարժել: Իսկ դա միանգամայն բավարար է երիտասարդական հիթեր կատարողի համար:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---