14,000 մարդ՝ անգործ կամ պարապուրդում

14,000 մարդ՝ անգործ կամ պարապուրդում

Խոշոր բիզնեսը՝ ապրիլյան կարանտինի օրերին

ՀՀ-ում ինչպես և ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով բազմաթիվ մարդիկ պարապուրդի են մատնվել կամ գործազուրկ դարձել։ Չնայած Կառավարության՝ կարանտինի ժամանակ աշխատողներ չկրճատելու, նրանց պարապուրդի չուղարկելու հորդորներին և ֆինանսական աջակցության ծրագրերին՝ երկրի խոշոր հարկատուները 2020-ի ապրիլին աշխատանքից ազատել կամ պարապուրդի են ուղարկել առնվազն 14,000 աշխատակցի։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն այս տվյալը ստացել է՝ ուսումնասիրելով 2020-ի 1-ին եռամսյակի խոշոր 1000 հարկատուի ցանկը։ Այդ հազարից առանձնացրել ենք այն 830-ին, որոնք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ փոխանցում են կատարել թե մարտին, թե ապրիլին։

Հիմնադրամին փոխանցվում է 1000 դրամ՝ յուրաքանչյուր 1 աշխատողի համար։ Հետևաբար՝ 100 հազար դրամ փոխանցած ընկերությունն ունի 100 աշխատող։ նշենք նաև, որ կրճատումը չի նշանակում աշխատանքից ազատում․ աշխատողները կարող են, օրինակ, պարապուրդի կամ չվճարվող արձակուրդ ուղարկված լինել։

Նշված 830 ընկերությունը մարտին կատարել էր վճարում 197 հազար աշխատողի համար, ապրիլին՝ 183 հազար հոգու համար։ Նվազումը կազմել է մոտ 14,000 մարդ։ Նրանցից ոչ բոլորն են, սակայն, զանգվածային կրճատումներ արել, մի մասի կրճատումներն ու ավելացումներն էլ տեղավորվում են սովորական աշխատանքային գործընթացի տրամաբանություոնւմ։ Փոքրերին ֆիլտրելու համար ցանկից առանձնացրինք 40-ից ավել աշխատող ունեցող 567 ընկերություն, որոնց ապահովել են աշխատողների ու դրանց թվաքանակի կրճատման առյուծի բաժինը՝ համապատասխանաբար 192,000 փոխանցում մարտին և 14,000-ով պակաս ապրիլին։

100 և ավելի աշխատողի նվազում արձանագրած ընկերությունները 30-ն են։ « Չեմպիոններն» այստեղ տեքստիլային ընկերություններն են՝ 2 տարբեր կազմակերպությունով գործող Վանաձորի «Գլորիան» ապրիլին 2463-ով, իսկ «Ալեքս տեքստիլը»՝ 961-ով պակաս աշխատողի համար է վճարել, քան մարտին։ Տուժածներից է նաև սպասարկման, զվարճանքի ու ռեստորան-սրճարանների ոլորտը. «Օնիրա Քլաբը» 722-ով ավելի քիչ աշխատողի համար է փոխանցում կատարել, «Պիցցա Տաշիրը»՝ 562, «Հայր և որդի Երեմյանները»՝ 558 հոգու։ Խոշոր նվազումներ են եղել նաև , «Ոսկե կար», «Լենտեքս», «Զվարթնոց Հոլդինգ», «Սարտեքս», «Վիէլվի Սենթր», «Վեգա ուոլրդ», «Սիթի», «Զիգզագ», «Վիվարո Գրուպ», «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և այլ ընկերություններում։

30 ընկերություն գումարային մոտ 10 հազարով պակաս աշխատողի համար է վճարել։ Մայիսին ընկերությւնների զգալի մասը վերականգնել է աշխատանքը՝ բնականաբար, հետ վերցնելով աշխատակիցներին: Դրանց թվում էր նաև «Գլորիան», որը հունիսի սկզբին կրկին փակվեց՝ արդեն պարետատան հրամանով։

Եղել են նաև ընկերություններ, որոնք, հակառակը, ավելի շատ մարդկանց համար են փոխանցումներ արել, հետևաբար՝ նոր աշխատողներ են ընդունել։ Նմանատիպ 22 ընկերություն գործի է ընդունել 11 և ավելի մարդու՝ ընդհանուր առմամբ, մոտ 670 աշխատատեղ ստեղծելով։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արթուր Մանուկյանը հունիսի 3-ին հայտարարել էր, որ 2020-ի 4 ամսվա տվյալներով 12,000 աշխատող է ազատվել աշխատանքից։ Նրա խոսքով՝ պատկերն այս առումով այնքան էլ վատը չէ, ավելի մեծ տոկոս է կազմում այն աշխատողների թիվը, որոնք կան, բայց փաստացի աշխատավարձ չեն ստանում։ Սակայն ակնհայտ է, որ փոխնախարարի հնչեցրած թվերը կարող են էապես տարբերվել իրականությունից, քանի որ միայն մեր նշած գործատուների մասով առկա է 14,000-անոց կրճատում։

Ըստ տվյալների՝ Հայաստանում ապրիլի 1-ին պաշտոնապես մոտ 86 հազար գործազուրկ և աշխատանք փնտրող է գրանցված եղել։

Նիկոլայ Թորոսյան, Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---