Bitcoin-ի հայ պահապան-տիտանը

Bitcoin-ի հայ պահապան-տիտանը

Ինչպես հայ գիտականը ստեղծեց կրիպտոարժույթը պաշտպանող ալգորիթմը

Հայաստանում գիտության զարգացման, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ու «պետք է»-ների ֆոնին PanARMENIAN.Net-ը խոսել է Firo ընկերության համահիմնադիր, գիտական խորհրդատու Արամ Ջիվանյանի հետ։ Նա պատմել է իր ստեղծած հատուկ կրիպտոգրաֆիկ ալգորիթմի՝ Lelantus-ի մասին, որը թույլ է տալիս ապահովել ֆինանսական գաղտնիություն բլոկչեյն համակարգերում, օրինակ՝ Bitcoin-ի վրա: Ալգորիթմը կրում է հին հունական դիցաբանության տիտաններից մեկի անունը, ով կարող էր շարժվել՝ մնալով անտեսանելի։

PanARMENIAN.Net - Հենց այդ տիտանի նման Lelantus-ը թույլ է տալիս կատարել ֆինանսական տրանզակցիաներ, որոնց մանրամասները (օր․՝ գումարի չափը, փոխանցողը, ստացողը) մնում են անտեսանելի բոլորի համար։

Արամը կիսվել է մեծ բիզնեսի խնդիրների, կրիպտո փողերի, գիտնականի առջև դրված խնդիրների մասին՝ սեփական օրինակով ու աչքի տեսածով։

Այնպես, ինչպես կբացատրես հարազատ տատիկին․ Ինչ է Lelantus-ը, Bitcoin-նն ու կրիպտոարժույթի ֆինանսական գաղտնիությունը

Lelantus-ից խոսելուց առաջ պետք է մի քիչ խոսենք Bitcoin-ից։ Այն էլեկտրոնային փող է, որը թույլ է տալիս էլեկտրոնային համակարգով գումարներ կառավարել, կատարել ֆինանսական փոխանցումներ՝ բացառելով կեղծիքները, օրինակ՝ «կեղծ» փող տպելը, նույն գումարը 2 անգամ ծախսելու հնարավորությունը և այլն։

Ֆինանսական կեղծիքների նկատմամբ Bitcoin-ը կայուն է մեկ ֆունդամենտալ հատկության՝ այդ ցանցի բացարձակ թափանցիկության շնորհիվ․ բոլորը կարող են տեսնել, թե ինչ է կատարվում ցանցում։ Bitcoin-ի ստեղծման օրից մինչև այսօր բոլոր տրանզակցիաների ամբողջ ինֆորմացիան հասանելի է։ Նման թափանցիկության շնորհիվ այդ համակարգում բացառվում են ֆինանսական կեղծիքները։ Բայց սա նաև նշանակում է, որ եթե ես, օրինակ, իմանամ իմ գործատուի Bitcoin-ի հասցեն, կարող եմ հետևել նրա բոլոր ծախսերին ու իմանալ՝ ընկերությունում ով է ամենաբարձր աշխատավարձը ստանում։ Կամ նույն տատիկի օրինակով․ թոռները կարող են տեսնել, թե նա ում է ամենաշատը գումար փոխանցում ու նեղանան իրարից։

Կյանքի բոլոր դրվագներում ֆինանսական գաղտնիությունը ֆունդամենտալ կարևորություն ունի, և եթե ուզում ենք Bitcoin-ում էլ այն ապահովել, հետ ենք գալիս ամենադժվար խնդրին՝ ինչպես անել, որ ոչ ոք չտեսնի՝ ով, ում, ինչքան է փոխանցել, բայց մյուս կողմից՝ փողը կրկնակի չծախսվի, «օդից փող» ստեղծելու ռիսկը չեզոքացվի։ Ֆինանսկան գաղտնիությունը հակազդում է Bitcoin-ի ամենաառանցքային հատկությանը՝ թափանցիկությանը։

Հիմա Lelantus-ի մասին։ Ամենահետաքրքիրն այն է, որ կրիպտոգրաֆիկ ֆանտաստիկ ալգորիթմերով կարելի է լուծում տալ իրար հակազդող այս երկու խնդրին էլ միաժամանակ՝ ապահովել ֆինանսական գաղտնիություն և բոլորին հնարավորություն տալ տեսնելու, որ այդ գաղտնիության քողի տակ ֆինանսական կեղծիքներ տեղի չեն ունենում։ Այս խնդիրները ձևակերպելուց արդեն սկսում է երևալ կրիպտոգրաֆիա գիտության գեղեցկությունը և հնարավորությունները: Lelantus-ը լուծում է այս խնդիրների համար՝ մրցունակ և արդյունավետ, որն արդեն բավական լայն կիրառություն է գտել իրական ընկերություններում։

2 տարի աշխատել մի ալգորիթմի վրա․ Ի՞նչ է սա նշանակում ու ինչքանո՞վ տիտանական ջանք է

2018-ին ակնհայտ էր, որ մեր Firo (նախկին Zcoin) ընկերությունը ձախողման կդատապարտվի, եթե չկարողանանք անցնել ավելի նորարար ու մրցունակ տեխնոլոգիաների։ Հենց դա էլ եղել է ամենակարևոր մոտիվացիան ու հիմնական ֆակտորը՝ Lelantus-ի նախնական գաղափարին հանգելու։

2018-ի վերջին ալգորիթմի նախնական տարբերակն ուրվագծվեց ինձ մոտ, բայց կրիպտոգրաֆիկ նոր ալգորիթմ ներկայացնելը չափազանց պատասխանատու գործ է. փոքրիկ սխալը կարող է բերել միլիոնավոր դոլարների կորստի (իմիջիայլոց, մի անգամ մենք արդեն անցել ենք դրա միջով, Lelantus-ի իմպլեմենտացիայի մեջ թողած սխալն օգտագործելով, հաքերները համակարգից գողացել են հսկայական գումարներ)։ Ալգորիթմի մշակման սկզբնական փուլից կարևորել եմ կրիտիկան, աշխատել եմ կապեր գտնել ու կարծիքների փոխանակման հնարավորություն ստեղծել նման խնդիրների վրա աշխատող աշխարհի ամենահայտնի կրիպտոգրաֆերներից մի քանիսի հետ։ Դա ամենադժվար քայլերից մեկն էր, բայց ստացվեց, երևի բիզնեսում ունեցածս փորձն է նաև օգնել դա իրականություն դարձնել։ 2019-ի գարնանը Բեռլինում՝ Zero-Knowledge Summit-ում առաջին անգամ ներկայացվելուց անմիջապես հետո Lelantus-ը սկսեց մեծ հետաքրքրություն առաջացնել։ Բնականաբար, դրան զուգահեռ երևացին նաև թերությունները․ օրինակ՝ ինչն է պակաս, ինչն է պետք լավացնել։ Դարձավ երկու տարի անընդհատ շարունակվող աշխատանք՝ ալգորիթմը մշտապես կատարելագործելու ուղղությամբ։

Իսրայելական նորաստեղծ Beam ընկերությունը, որը $6 մլն-ի վենչուրային ֆինանսավորում է ստացել գաղտնիություն ապահովող կրիպտոարժույթ մշակելու համար, այսօր իր ճարտարապետությունը «հենել» է հենց Lelantus-ի վրա։

2 տարի տևած մեր աշխատանքի առաջին փուլն ավարտված է։ Հիմա մի քանի մրցակից ունենք, և այդ մրցակցությունը շատ արագ է աճում, քանի որ աշխարհի բոլոր կրիպտոգրաֆերների համար ամենահետաքրքիր խնդիրներից է բլոկչեյնի վրա գաղտնիության տարբեր արդյունավետ շերտեր կառուցելը՝ առողջապահականից մինչև ֆինանսական խնդիրներ լուծելու համար։

Ձախողումը որպես մոտիվացիա

Lelantus-ի վրա սկսեցինք աշխատել 2018-ին՝ իրական մեծ ձախողումից հետո։ Բայց սկզբից գանք։ Ես այս ընկերության հետ սկսել եմ աշխատել որպես խորհրդատու կրիպտոգրաֆիայի ոլորտում։ Այդ ժամանակ սեփական ալգորիթմ մշակելու խնդիր չկար, դա չափից դուրս ամբիցիոզ ու անիրական էր թվում։ Իմ խնդիրն էր հասկանալ` գոյություն ունեցող մի կոնկրետ ալգորիթմ որքանով կարող է օգտագործվել՝ մեր մրցունակությունը բարձրացնելու համար։ Ես պիտի ասեի՝ կարող է օգտագործվել, թե՝ ոչ։ 2 ամիս հետազոտությունից հետո ասացի՝ կարող է, ուրախացանք, սկսեցինք պլանավորել ընկերության ու ամբողջ բիզնեսի հետագա անելիքները, դրանից մեկ ամիս անց հասկացա, որ տեղը տեղին եմ սխալվել՝չէր կարող։ Սխալվել էի, իսկ ընկերությունը կանգնել էր կենսական կարևորության փաստի առաջ։

Այդպես, իրավիճակը տեղը տեղին փչացնելուց հետո ինձ մոտ առաջացավ ավելի մեծ արդյունք ստեղծելու մոտիվացիա։ Ընդհանրապես, առաջին անգամ չէ, որ կայնքումս մեծ հաջողությունը հետևել է ուղղակի 0-ից ելք գտնելու մոտիվացիային։

Firo-ի հիմնադիր Ռուբեն Յապի հետ՝ Լաս Վեգասում, Lelantus-ի հերթական պրեզենտացիայից հետո

Ինչպես գիտնականը կարող է լուծել բիզնես խնդիրներ ու բիզնեսի խնդիրները

Իմ կյանքում միշտ ավելի մեծ տեղ է ունեցել բիզնեսն ու բիզնեսի ցանկությունը։ Օրինակ՝ 2013-ից գիտաշխատող եմ եղել Ամերիկյան համալսարանում, բայց այնտեղ էի կոնկրետ մեկ բիզես-երազանքով․ ուզում էի, որ մեր աշխատանքի արդյունքում Samsung-ը ՀՀ-ում բացի իր հետազոտական կենտրոնը։ Այդ ցանկությունն է եղել իմ հիմնական մոտիվացիան, դրայվը՝ անընդհատ գիտական արդյունքների հասնելու համար։ Գիտական ամբիցիաներ երբեք չեմ ունեցել, բիզնես կոնկրետ նպատակներից է բխել գիտությամբ զբաղվելու ու գիտական նորարություններ ստեղծելու կենսական անհրաժեշտությունը։

Samsung-ի հետ մեր լաբորատորիայի հաջող համագործակցության ու ստացված գիտական արդյունքների հիմքում այն կարևոր փաստն էր, որ որպես գիտնական, մեզ կարողացել էինք դնել գործընկեր կազմակերպության «բիզնես կոշիկների» մեջ, կարողացել ենք ճիշտ լեզվով խոսել ու ցույց տալ մեր գիտական աշխատանքի բիզնես կարևորությունը. դա երկարաժամկետ հաջող համագործակցության հիմքերից մեկն էր։

2014-ին Samsung-ի կողմից պատվիրակություն եկավ Հայաստանում մեծ առանձին մասնաճյուղ բացելու հնարավորությունն ուսումնասիրելու։ Հարցրին, թե քանի տարում 200-հոգանոց մասնաճյուղ հնարավոր կարելի ստեղծել, ասացինք՝ դա տարիների խնդիր է, պատասխանեցին՝ մասնաճյուղ բացելը արդարացված ներդրում չի լինի։ Այդ պահից գիտական հետազոտությունները Samsung-ի հետ շարունակելու իմ մոտիվացիան համարյա 0 դարձավ։ 2015-ին ստեղծեցի իմ առաջին ընկերությունը։

Արամը 2015-ին ստեղծել է Skycryptor ընկերությունը. ասում է՝ այն ձախողումների, կանգ չառնելու ու սովորելու ճանապարհ էր, բայց եղել են նաև կարևոր հաջողություններ՝ ներդրումներ Եվրոպայից, մեծ ընկերությունների վաճառելու առաջին հաջող փորձեր արտասահմանում, հետաքրքիր համագործակցություններ։ Իսկ իրենց պրոդուկտը 2 տարվա ընթացքում մի քանի անգամ փոխվել է։

Skycryptor-ի խորհրդատու ներդրող, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եղբոր՝ Գիյոմ Սարկոզիի ու Տրամ Նգույենի հետ

Երանի նրանց, ովքեր հավատում են առանց տեսնելու․ Ինչու վստահել ապագայի ֆինանսական համակարգին

Յուվալ Նոյ Հարարին իր «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը» գրքում ասում էր՝ ներկա ֆինանսական համակարգը փաստացի ստեղծվել է վստահության վրա, ի՞նչի վրա է ստեղծվում ապագայինը։ Հարցրել ենք՝ որն է ապագայի համակարգի առասպելը։

Գործող ֆինանսական համակարգում կա վստահելի 3-րդ կողմը, որը միշտ ներկա է որպես միջնորդ՝ գործարք կատարող ցանկացած երկուսի միջև։ Այդ միջնորդները, խոշոր բանկերը, ժամանակի ընթացքում սկսել են ինչ-որ առումով տիրել աշխարհին։ Իսկ զարգացող բլոկչեյն համակարգի նորարարությունն այն է, որ առաջարկում է լուծումներ, որտեղ կարիք չկա վստահելի երրորդ կողմի։ Փաստացի վստահությունն անձից տեղափոխվում է մաթեմատիկական ալգորիթմերին ու համակարգին։ Եթե մաթեմատիկական ալգորիթմերը վստահելի և անվտանգ են, ուրեմն համակարգն էլ է այդպիսին։ Եթե պատկերացնենք ապագայի ֆինանսական համակարգ, որտեղ չկա վստահելի երրորդ կողմ, որտեղ համակարգի մասնակիցներից յուրաքանչյուրն անմիջական վերահսկողություն ունի իր գումարների վրա, գուցե այդ համակարգը ստեղծի տնտեսական նոր մոդելներ, բերի փողի ապակենտրոնացմանը, ավելի հավասարաչափ բաշխմանը հասարակության մեջ։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
Հայկական 3 ստարտափ՝ միաեղջյուր դառնալու ճանապարհին
Codesignal-ի համահիմնադիրը` սխալների ու MIT միակ առավելության մասին
 Ուշադրության կենտրոնում
Google-ում, Facebook-ում տեղադրվող գովազդներն ուզում են հարկել

Google-ում, Facebook-ում տեղադրվող գովազդներն ուզում են հարկել Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի

 Բաժնի այլ նյութերը
Zoom-ն ապահով չէ Ինչով փոխարինել հայտնի հավելվածը
Կորոնավիրուսը՝ համակարգչի «աչքերով» Հայերը բժշկի գործը թեթևացնող գործիք են ստեղծում
Հայ պատանիները կոդ կգրեն ՆԱՍԱ-ի համար ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
---