Robo Sapiens

Robo Sapiens

Կխլե՞ն արդյոք ռոբոտները քո աշխատանքը

Ոչ հեռավոր 2018֊ին համացանցում մեծ արագությամբ տարածվում էր ոլորտում առաջատար Boston Dynamics֊ի ռոբոտների մասին պատմող տեսանյութը։

PanARMENIAN.Net - Մարդիկ «տանջում էին» իրենց ստեղծած ռոբոտներին և տեսանկարահանում դա։ Տեսանյութերի ոգեշնչված վիդեոմեմերից մեկի ռուսերեն տարբերակն էլ ալտերնատիվ էր առաջարկում՝ ռոբոտները դժգոհում էին «կաշվե պարկերի» վերաբերմունքից և, ի վերջո, ապստամբություն բարձրացնում։ Այս մեկնաբանությունն, իհարկե, հումոր էր, բայց լրջանանք։ Պատկերացրեք, մեկնել եք հանգստի և հյուրանոցում ձեզ դիմավորում է ռոբոտ֊բեռնակիրը։ Մինչև կբարձրանաք սենյակ ռոբոտ֊մաքրուհին կպատրաստի ձեր անկողինը և կմաքրի հատակը։ Բարում ռոբոտ֊բարմենի հեղինակային կոկտեյլը կվայելեք, իսկ եթե հանկարծ ձեզ լավ չզգաք, ապա օգնության կհասնի ռոբոտ֊բժիշկը։

Սա ո՛չ ֆանտաստիկ ֆիլմից հատված է և ո՛չ էլ ապագայի կանխատեսում։ Սա մեր կողքին արդեն գոյություն ունեցող իրականությունն է։ Առաջիկա 15 տարիներին աշխատավայրերի 40%֊ում մարդկանց գուցե փոխարինեն ռոբոտները։ Եվ հենց այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը՝ ո՞ւր են կորելու և ի՞նչ են անելու մարդ֊բեռնակիրը, բարմենն ու բժիշկը։

Արհեստական vs Բանական

Աշխատանքի ռոբոտիզացիան նորություն չէ, բայց դրա արագ աճող տեմպը և արհեստական բանականության գրանցած հաջողությունները վերջին տարիներին սկսել են անհանգստացել բանական մարդուն։ Իսկ անհանգստանալու կարիք իսկապես կա։ Եթե առաջ ռոբոտները գանձապահի կամ մաքրուհու աշխատանքն էին անում, հիմա աչք են ծակում ոչ միայն աշխատանքի ծավալները, այլ նաև բարդությունը։

Օրեր առաջ ռոբոտն առաջին անգամ առանց մարդու միջամտության բարդ վիրահատություն է արել։ Վիրահատարանի սեղանին այս անգամ խոզ էր պարկած, բայց մասնագետների խոսքով արդյունքները տպավորիչ են և հեռու չէ այն օրը, որ ռոբոտները կկարողանան փոխարինել նաև որոշ բժիշկների։ Ամենալավ վիրաբույժներն էլ օբյեկտիվ պատճառներով չեն կարող ռոբոտի ճշգրտությամբ աշխատել։

Հիվանդանոցների և ռոբոտների մասին խոսելիս իհարկե չենք կարող մոռանալ Ռոբինի մասին։ Արմատներով հայ Ռոբին ռոբոտը հայկական առաջին արհեստական բանականություն ունեցող ռոբոտն է, որը գրավել է նաև միջազգային շուկան։ Խոշոր ու բարի աչքերով Ռոբինն իր անմիջական զրույցներով օգնում է հոսպիտալացված երեխաներին հաղթահարել սթրեսը։

Աշխատանքի ավտոմատացումը հատկապես թրենդային դարձավ կորոնավիրուսի տարածումից հետո։ Համավարակի պատճառով մեծ կազմակերպությունները նախընտրում էին կրճատել աշխատողների թիվը և հնարավորության դեպքում նրանց փոխարինել ռոբոտներով։ Որոշ մասնագետներ կարծում են, որ սա նաև երկարաժամկետ ներդրում է, որովհետև մեկ ռոբոտը կարող է միանգամից մի քանի աշխատակցի փոխարինել։

Կանխատեսումներ

Ռոբոտներն արդեն ամենուր են։ Ամենաանհավանական թվացող աշխատանքներն այսօր արդեն ավտոմատացման փուլում են։ Սաուդյան Արաբիայում օրինակ Մեքքայի մեծ մզկիթի մասին ձեզ ռոբոտ֊գիդերը կպատմեն։ Միացյալ Նահանգներում ռազմական ռոբոտները տարածքներ են ականազերծում, Չինաստանում անցկացվելիք օլիմպիական խաղերին էլ 90 վայրկյանում կոկտեյլ կպատրաստեն ռոբոտ֊բարմենները։ Ֆերմերների հոգսն էլ թեթևացնելու համար բերքահավաքի գործը ռոբոտների ուսերին է։

Տարբեր տվյալներով 2030-ին միայն արդյունաբերության ոլորտում ռոբոտներն աշխատանքից կզրկեն առնվազն 20 միլիոն մարդու։ Այսօր արդեն մարդկանց 37%֊ն անհանգստացած է, որ ավտոմատացման պատճառով կկորցնի աշխատանքը։ Աշխատանք չունենալու ամենաբարձր ռիսկը սպառնում է Z սերունդին։ Եթե արդեն անհանգստացաք և ուզում եք իմանալ, թե քանի տոկոս է ձեր՝ աշխատանքը կորցնելու հավանականությունը ապա կարող եք այցելել Will Robots Take My Job կայք և գտնել անհանգստացնող հարցերի պատասխանները։

Կա նաև մեդալի հակառակ կողմը։ Ավտոմատացումը միայն աշխատանքներ «խլելու» համար չէ։ Ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման ճանապարհին նաև նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Եթե չվախենաք նոր հմտություններ և գիտելիքներ ստանալ, գուցե կարողանաք նոր մասնագիտացում ձեռք բերել և քայլել ժամանակին համընթաց։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---