Վաճառվում է «Համբույր»՝ 10,000 կտոր

Վաճառվում է «Համբույր»՝ 10,000 կտոր

Ինչպես են թանգարաններն օգտվում NFT-ի բարիքներից

Այս տարի Վալենտինի օրվա առթիվ սիրահարներն իրար նվիրում էին Գուստավ Կլիմտի «Համբույրը»: Ավստրիայի Բելվեդեր պատկերասրահը Կլիմտի գլուխգործոցը 10,000 մասի էր «բաժանել»:

PanARMENIAN.Net - Ավելի ճիշտ՝ 10,000 NFT-ի: Յուրաքանչյուր NFT-ի արժեքը 2100 դոլար է: Այսինքն, բոլոր կտորները վաճառելուց հետո Կլիմտի «Համբույրը» կշարունակի կախված մնալ Բելվեդերում, բայց ավստրիական պատկերասրահը 21 միլիոն դոլար կաշխատի:

NFT-ն թվային աշխարհում 2021-ի ամենաքննարկված թեման էր: Արվեստի աշխարհը հեղափոխած և վիրտուալ տարածքում իրենց հաղթարշավը սկսած NFT-ները փոխում են արվեստի գործերի և արվեստագետի մասին մարդկանց պատկերացումները: Վիրուսային արագությամբ փոփոխվող այս կրիպտոաշխարհում թանգարանները և պատկերասրահները փորձում են պահպանել իրենց տեղը, դիրքն ու նշանակությունը: Որոշ թանգարաններ NFT աշխարհն իրենց մրցակից են համարում, մյուսները որոշել են օգտվել NFT-ի տված բարիքներից: Ի դեպ, եթե դեռ լավ չեք պատկերացնում, թե ինչ է NFT-ն կամ ինչու են բոլորը դրա մասին խոսում, կարող եք նախ կարդալ մեր տեղեկագիրը և հետո շարունակել թանգարանների թեման:

Թանգարաններն NFT աշխարհում նորեկներ են: Երկու հիմնական նպատակ ունեն՝ ձեռքը պահել ժամանակի զարկերակին և հավելյալ եկամուտ ստանալ: Հարյուր հազարավոր դոլարներ վաստակելը ֆինանսական խնդիրներ ունեցող թանգարանների ու պատկերասրահների համար շատ գայթակղիչ կարող է լինել: Եվ հետո՝ թանգարաններում արվեստի պատմությունն է պահվում, իսկ NFT-ները մի օր անպայման այդ պատմության մասն են դառնալու:

Համավարակի ծանր ամիսներին այս սցենարով շարժվեց Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահը: Բոտիչելլիի և Միքելանջելոյի գլուխգործոցները դարձան NFT-ներ: Միքելանջելոյի «Մադոննա Դոնի» կտավի NFT-ն պատկերասրահը վաճառեց 170.000 դոլարով: Գնորդը իտալացի մի կին էր, որը «Սուրբ Ընտանիք» կտավի NFT-ն որոշել էր նվիրել ամուսնուն:

NFT արշավին միացել է նաև Լոնդոնի ամենամեծ և աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը՝ Բրիտանական թանգարանը: 2021-ի վերջին թանգարանը վաճառքի հանեց ճապոնացի նկարիչ Կացուշիքա Հոքուսայի 200 աշխատանքների NFT-ներ: Աշխատանքների թվում էր նաև Հոքուսայի հայտնի «Մեծ ալիքը», որի NFT-ն վաճառվեց 45 հազար դոլարով: Արվեստաբանները քննադատեցին Բրիտանական թանգարանին, մեղադրեցին «անիմաստ վերարտադրումներին» մշակութային նշանակություն տալու մեջ և պնդեցին, որ թանգարանը կզղջա այս որոշման համար, երբ NFT-ները սկսեն արժեզրկվել: Թանգարանից էլ պատասխանեցին, որ փորձում են սովորել, լսել իրենց այցելուներին, ծանոթանալ նրանց հետաքրքրությունների հետ և քայլել ժամանակին համընթաց:

2022-ը ևս սկսվել է գործակցության նոր ծրագրերով: Իտալական 4 թանգարաններ պատրաստվում են վաճառել Ռաֆայելի, Կարավաջոյի, Մոդիլիանիի ստեղծագործությունների NFT-ները: Արժեքները 100.000-500.000 դոլարի միջակայքում են: Հավաքված գումարն ուղղելու են արվեստի այդ գլուխգործոցների բնօրինակների պահպանմանը:

Իրավիճակը փոքր ինչ այլ է Ռուսաստանում: Թեև շատ թանգարաններ ցանկություն ունեն իրենց ուժերը փորձել NFT-ների աշխարհում, բայց օրենսդրությունը թույլ չի տալիս: Ռուսաստանում կրիպտոարժույթով գործարքներն արգելված են: Խնդրի լուծումը գտել է Էրմիտաժը: Թանգարանը Լեոնարդո դա Վինչիի, Կլոդ Մոնեի, Վինսենթ վան Գոգի, Ջորջոնեի և Վասիլի Կանդինսկու 5 կտավների NFT-ների վաճառքից 450 հազար դոլար է աշխատել: Ամենաթանկը վաճառվել է Լեոնարդո դա Վինչիի կտավի NFT-ն՝ 150 հազար դոլար: Գումարը թանգարանը ստացել է միջնորդների միջոցով:

Այս փուլում NFT-ներ վաճառող թանգարաններն ավելի շատ բացառությունն են, քան օրինաչափությունը, բայց աճի հստակ միտում կա: Շատ թանգարաններ արդեն գիտակցում են, որ մեր թվայնացված կյանքում NFT-ները ժամանակակից արվեստի էվոլյուցիայի հերթական փուլն են: Այս առումով NFT-ները թանգարանների համար կարող են դառնալ նոր սերնդի հետ կապը չկորցնելու կամ համավարակի ֆոնին ֆինանսական տխուր վիճակը շտկելու լավ հարթակ:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---