Չդառնալ Մակաբույծ

Չդառնալ Մակաբույծ

Ինչպես կորեական կինոն պետության օգնությամբ գրավեց աշխարհը

Եթե 20 տարի առաջ հայ և ոչ միայն հայ դեռահասների ննջասենյակի պատերին Էմինեմը, Բրիթնի Սփիրսն ու ամերիկյան մշակույթի այլ ներկայացուցիչներ էին, ապա այսօր դեռահասների սենյակներ, սմարթֆոններ և սոցցանցի էջեր ներխուժել են կորեացի երգիչներն ու դերասանները: Կորեական բումը տարածվել է ամբողջ աշխարհում: Դեռահասների կուռքերը գունավոր մազերով ու մատնահարդարմամբ տղաներն են:

PanARMENIAN.Net - 2019-ից համաշխարհային կինոաշխարհը հարավկորեական «Մակաբույծն» էր քննարկում, 2021-ին ռեկորդներ էր գրանցում «Կաղամարի խաղը»: 2022-ի երկու ամիսների ընթացքում հարավկորեացիները սեփական ռեկորդները գերազանցում են «Մենք բոլորս մահացած ենք» սերիալով: Կորեական աննախադեպ հաջողությունը ո՛չ երջանիկ պատահականություն է, ո՛չ էլ երկու, երեք կամ անգամ տասը տարվա աշխատանք: Այսօրվա օսկարներն ու ռեկորդներն արդեն մի քանի տասնամյակ շարունակվող պետություն-ֆիլմարտադրող գործակցության պտուղներն են:

Հարավային Կորեայում կառավարությունը հայրենական ֆիլմերի արտադրությանն աջակցում է դեռ 1990-ականներից: Չնայած երկար տարիների ակտիվ աջակցությանը կորեական ֆիլմերը դեռ երկար ժամանակ համաշխարհային շուկայում հաջողության չէին հասնում: Կառավարությունն էլ չէր հիասթափվում: Երկարաժամկետ պլաններ էր մշակում: Մշակույթի նախարարությունը արտադրական պրոցեսին էր հետևում, արտգործնախարարությունը՝ արտասահմանում դրա տարածմանը: Եվ այս գործընթացը համակարգված կերպով շարունակվում է մինչև օրս: Դեսապանատներում օրինակ, կորեական ֆիլմերի օրեր են կազմակերպում, ցուցադրում են նոր ֆիլմերը, հրավիրում տարբեր երկրներում ոլորտի մասնագետների, քննարկումներ անցկացնում: 2019-ին մշակույթի նախարարությյան բյուջեն մոտ 10 տոկոսով ավելացել է ու հասել 5.4 միլիարդ դոլարի: Առյուծի բաժինը հատկացվում է հենց ֆիլմարտադրությանը:

Աջակցությունն ավելի համակարգված դարձնելու համար նախարարությունը ստեղծել է Կորեական Ֆիլմերի Խորհուրդը: Պետական ֆինանսավորմամբ գործող խորհուրդը ֆիլմարտադրողներին աջակցում է արտադրության բոլոր փուլերում՝ հետազոտություններ, ֆինանսավորում, ֆիլմերի PR արշավներ, միջազգային փառատոններում դրանց ներկայացում: Սա խորհուրդի միայն մեկ ուղղությունն է: Մեկ այլ ուղղությամբ խորհուրդի բյուջեն օգտագործում են կրթական ոլորտում երկարաժամկետ ներդրումների համար: Համալսարաններին անհրաժեշտ տեխնիկայով են ապահովում, վերապատրաստումներ են կազմակերպում այն ռեժիսորների, սցենարիստների կամ պրոդյուսերների համար, որոնք տվյալ փուլում աշխատանք չունեն: Կորեական Ֆիլմերի Խորհուրդը ֆինանսավորման հատուկ ծրագիր մշակեց նաև Քովիդ-19-ի հետևանքները մեղմելու համար: 2021-ին մոտ 18 միլիոն դոլար փաթեթը նախատեսված էր առաջնային անհրաժեշտության ծախսերի համար: Այդ ծախսերի թվում կրթական ծրագրերը շարունակում էին առաջնահերթությունների մեջ մնալ:

Պետական քաղաքականությունն ընդգծվում է մի քանի այլ նախաձեռնություններով ևս: Համաշխարհային կինոարտադրության քարտեզում իրենց տեղն ու դերը ընդգծելու համար Հարավային Կորեան պետության ֆինանսավորմամբ բազմաթիվ միջազգային փառատոններ է կազմակերպում: Եթե այլ երկրներում օրինակ ռեժիսուրա սովորելու համար պետք է համալսարան ընդունվել, ապա Հարավային Կորեայում անհրաժեշտ տեխնիկայով զինված դասարաններում մասնագետները դեռ տարրական դպրոցում սովորող աշակերտներին ֆիլմի ստեղծման փուլերին են ծանոթացնում: Ստեղծագործական թիմը հատուկ ուշադրության կենտրոնում է: Ռեժիսորները, սցենարիստները, կոմպոզիտորները և մոնտաժողները վարձատրվում են ոչ պակաս, քան արդեն մեծ ճանաչում ձեռք բերած դերասանները: Հայրենական ֆիլմարտադրությունը խրախուսելու համար Հարավային Կորեայում դեռ 1963-ին քվոտա էր ընդունվել, ըստ որի յուրաքանչյուր կինոթատրոն պարտավորվում է տարվա ընթացքում աենվազն 146 օր Կորեական ֆիլմարտադրանք ցուցադրել: 2006-ին պարտադիր օրերի թիվը կրճատվեց մինչև 73 օր: Սրա գլխավոր նպատակը մրցունակ և մեծ բյուջով Հոլիվուդյան ֆիլմերի արանքում հայրենական արտադրանքը չկորցնելն է:

Պետական ֆինանսավորումը մի քանի նպատակ ունի: Նախ, կորեական որակյալ արտադրանքը ֆինանսական մեծ հոսքեր է ապահովում: Հետո՝ այդ արտադրանքի արտահանումը փափուկ ուժի կիրառման ամենաարդյունավետ միջոցներից է: Աշխարհը ծանոթանում է Հարավային Կորեայի պատմությանը, ավանդույթներին, տեսնում է, թե որքան զարգացած է ժամանակակից Հարավային Կորեան, համեմատում է Հյուսիսային Կորեայի հետ և սկսում համակրել հարավկորեացիներին: Այս ամենն, իհարկե, բարեգործություն չէ: Հարավային Կորեայում ֆիլմարտադրության ոլորտը հարկվում է: Հարկերից խուսափել հնարավոր չէ, որովհետև փորձը հաստատ փորձանք կդառնա: Ամենահայտնի դերասանները նույնիսկ կարող են խաչ քաշել կարիերայի վրա, եթե փորձեն խորամանկել և չվճարել հարկերը:

Կորեական ֆիլմարտադրության աստեղային ժամը 2020 թվականի 92-րդ «Օսկար»-ն էր: Ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Մակաբույծ»-ը երեկոյի աստղն էր: Ամերիկյան կինոակադեմիայի պատմության մեջ առաջին անգամ օտարալեզու ֆիլմը տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց: Լավագույն ռեժիսոր անվանակարգում Պոն Ջուն Հոն հաղթեց Տարանտինոյին և Սկորսեզեյին: «Մակաբույծ»-ը հաղթեց նաև լավագույն սցենար և արտասահմանում նկարահանված լավագույն ֆիլմ անվանակարգերում: Ֆիլմի ռեժիսորը որոշեց մինչև լույս խմել և տոնել, բայց կորեացիները հաղթանակից չհարբեցին: Տոնեցին և նոր թափով շարունակեցին աշխատանքը: Արդյունքը՝ 2021-ին արտադրված «Կաղամարի խաղ» սերիալի ռեկորդային մեկնարկն էր: 27 օրում՝ 111 միլիոն դիտորդ: Սա Netflix-ի պատմության ամենամեծ սերիալային մեկնարկն էր: Ընդամենը ամիսներ անց՝ 2022-ի սկզբին այս ռեկորդը թարմացրեց հարավկորեական արտադրության մեկ այլ սերիալ՝ «Մենք բոլորս մահացած ենք»:

Մինչև համավարակը կորեական ֆիլմարտադրութունը և նաև սերիալների/դորամաների արտադրությունն արագ տեմպերով և առանց խնդիրների առաջ էին շարժվում: Ընդամենը 5 տարում՝ 2014-2019 թվականներին, արտահանման եկամուտը երկու անգամ մեծացել է, 5 միլիարդ դոլարից հասնելով 10 միլիարդի: Չնայած կորոնավիրուսի վնասներին, միայն 2020-ին Հարավային Կորեայում 807 ֆիլմ է արտադրվել, կինոարդյունաբերության եկամուտը շուրջ 900 միլիոն դոլար է կազմել:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես է արվեստի աշխարհն արձագանքում ռուս-ուկրաինական պատերազմին
Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
«Դուդուկի» մասով թուրք-ադրբեջանական հայտը դուրս է մնացել ՅՈւՆԵՍԿՕ-ի 2022-ի օրակարգից

«Դուդուկի» մասով թուրք-ադրբեջանական հայտը դուրս է մնացել ՅՈւՆԵՍԿՕ-ի 2022-ի օրակարգից Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․

 Բաժնի այլ նյութերը
Տորթապատ Մոնա Լիզան և դոլարով խաչը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Վաճառվում է «Համբույր»՝ 10,000 կտոր Ինչպես են թանգարաններն օգտվում NFT-ի բարիքներից
Ո՛չ թալանին Արևմտյան թանգարանների աֆրիկյան մշակույթը
---