Բայրաքթար, Ջավելին և սովետական ինքնաթիռներ

Բայրաքթար, Ջավելին և սովետական ինքնաթիռներ

Ինչ բանակով է Ուկրաինան դիմավորում ՌԴ հետ պատերազմը

2014-ից հետո ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերություններում Կիևի գերնպատակն ի վերջո ՆԱՏՕ մտնելն էր։ Դրա համար երկրի զինուժը հետևողականորեն փորձում էին համապատասխանեցնել դաշինքի չափանիշներին։ Պատերազմը սկսվեց, Ուկրաինան առանց ՆԱՏՕ է, և սա քննություն է արևմուտքի՝ տարիների ներդրումը ստացած բանակի համար։

PanARMENIAN.Net - Պատերազմից օրեր առաջ Ուկրաինայի նախագահը Մյունխենի համաժողովի իր ելույթում նեղսրտել էր, թե ՆԱՏՕ-ն ասում է՝ իր դռները բաց են, բայց առայժմ կողմնակի անձանց մուտքն արգելված է։ Պատերազմի առաջին օրն էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահ ասաց, որ Հյուսիսատլանտյան ալյանսն Ուկրաինայի կողքին է, բայց Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան և չեն էլ լինելու։

ՆԱՏՕ-ն անվտանգության ուղիղ երաշխիքներ կարող է տալ միայն իր դաշնակիցներին։ Ուկրաինայի հետ էլ արդեն մի քանի տարի կիսվել է փորձով, խորհուրդներով, երբեմն նաև՝ զենք ու զրահով։ Մեծ հաշվով, ուկրաինական բանակն այսօր միայնակ դեմ առ դեմ է աշխարհի ամենահզորներից մեկի՝ Ռուսաստանի բանակի դեմ։

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալով՝ 2020֊-ին Ուկրաինայի ռազմական ծախսերը մոտ 5.9 միլիարդ դոլար են կազմել։ Սա կառավարության ընդհանուր ծախսերի 8.8 տոկոսն է, ինչը մոտ տասն անգամ փոքր է Ռուսաստանի ռազմական ծախսերից՝ 61.7 մլրդ դոլար։ Կառավարության ծախսերի 11.4 տոկոսը։ Աշխարհում Ռուսաստանն ունի երկրորդ ամենահզոր բանակը, Ուկրաինայի բանակը 22-րդն է։ Չնայած սրան, պետք է նշել, որ 2014-ից հետո Ուկրաինան չի խնայել ռազմական ներդրումները, եռապատկել է պաշտպանության բյուջեՆ։ Փաստ է, որ վերջին 7 տարում ռազմական ծախսերի թոփում Ուկրաինան Ռուսաստանից հետո երկրորդ հետսովետական երկիրն է։

2014-ի համեմատ Ուկրաինայի օդուժը արդիականացվել է արևմտյան գործընկերների օգնությամբ: Ռուսաստանի համեմատ թվերն այդքան էլ տպավորիչ չեն, բայց տարածաշրջանի մյուս երկրների, ինչպես նաև 2014-ի Ուկրաինայի համեմատ, առաջընթացը հստակ նկատելի է:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինան 318 ռազմական օդանավ ունի, այդ թվում՝ 69 կործանիչ: Համեմատության համար, Ռուսաստանն ունի մոտ 772 կործանիչ: Ուկրաինական բանակը 2600 տանկ և 12,000 զրահամեքենա ունի, ռուսականը՝ 12,500 տանկ և ավելի քան 30,000 զրահամեքենա: Թեև նավատորմերն այս պատերազմում մեծ դեր չունեն, Ռուսաստանն ունի ավելի քան 600 ռազմածովային նավ, այդ թվում՝ մեկ ավիակիր: Ուկրաինան 38 ռազմածովային նավ ունի:

Ռուսական առաջխաղացումը կանխելու համար Ուկրաինան մեծ հույսեր էր կապում Միացյալ Նահանգներից և Էստոնիայից գնված «Ջավելին» հակատանկային հրթիռային համակարգերի հետ: Միացյալ Նահանգներից Ուկրաինան մոտ 47 «Ջավելին» է ստացել, Էստոնիայից՝ հստակ թիվ չկա: Ընդհանուր առմամբ, 2014-ից հետո Միացյալ Նահանգները մոտ 2.7 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինայի ռազմական աջակցության վրա: Ուկրաինան հպարտանում է նաև թուրքական բայրաքթարներով: 2014-ին կիրառվող Mi-24 հարվածային ուղղաթիռը և ՍՈւ-25-ը փոխարինվել են 48 բայրաքթարով: Կա նաև համաձայնագիր՝ բայրաքթարների տեղական արտադրության մասին:

Սրա հետ մեկտեղ, ռազմական փորձագետները կարծում են, որ Ուկրաինային միայն մասնակիորեն է հաջողվել արդիականացնել բանակը, որոշ ուղղություններում ուկրաինական բանակը դեռ սովետական զինամթերք է օգտագործում: Ուկրաինայի զինուժում ռազմական ինքնաթիռների բազայի մեծ մասը Սովետական Միության արտադրանք է:Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալով՝ ուկրաինական բանակում մոտ 200,000 զինվորական կա, որոնցից 35 հազարը օդային անձնակազմն է, 15 հազարը՝ ռազմածովային ուժերը: Սրան գումարվում է նաև 900,000 հոգանոց պահեստազորը:

Ուկրաինան ՆԱՏՕ-ին փորձում է անդամակցել արդեն մի քանի տարի: Պաշտպանական ոլորտի արդիականացմանն ուղղված քայլերին նպաստել են նաև ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի համատեղ զորավարժությունները: Ուկրաինայում այդ զորավարժությունները ռազմավարական դասընթաց էին անվանում: Այսօր էլ ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ տարիներ շարունակ Ուկրաինային օգնել է ռազմական առումով ոտքի կանգնել։ Թեև աջակցում են Ուկրաինային և դատապարտում Ռուսաստանին, բայց այսօր միայնակ քայլելու ժամանակն է։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---