Հավերժական գոյություն

Հավերժական գոյություն

Ինչ է մետավերսն ու ինչպես այն կփոխի սովորական ինտերնետը

Նախորդ տարվա հոկտեմբերի վերջին՝ Facebook ընկերության ռեբրենդինգից ու Meta անվանումը ստանալուց հետո, տեղեկատվական հսկայի ղեկավարությունը հայտարարեց սեփական մետավերսի կառուցման ու զարգացման պլանների վերաբերյալ։

PanARMENIAN.Net - Խոսվում էր մոտ 10 մլրդ դոլար ներգրավելու միջոցով հարթակը կառուցելու ու զարգացնելու նպատակների մասին։ Սակայն սա ինտերնետի գլոբալ կերպարանափոխության նոր փուլի հերթական քայլերից մեկն է միայն, բուն պրոցեսը սկսվել է շատ ավելի վաղ։ Հակիրճ այն մասին, թե ինչ է մետավերսն ու ինչպես այն կփոխի մեզ ծանոթ ինտերնետը։

Ի՞նչ է Մետավերսը

Մետավերսը, ենթադրաբար, պիտի դառնա սովորական ինտերնետի էվոլյուցիոն հաջորդ փուլը: Եթե ներկայում համաշխարհային ցանցին հիմնականում միանում ենք մոնիտորի, սմարթֆոնի կամ պլանշետի երկչափ մակերևույթի միջոցով, ապա մետավերսի դեպքում ինտերնետը պետք է վերածվի եռաչափ վիրտուալ տարածության, ուր հնարավոր կլինի այցելել վիրտուալ իրականության սաղավարտների միջոցով: Տերմինը հորինել է ամերիկացի ֆանտաստ գրող Նիլ Սթիվենսոնը 1992 թ-ին՝ «Ձնահյուս» (Snow Crash) վեպում:

Հեղինակը նկարագրում է մետավերսը որպես ընդհանուր թվային աշխարհ, որը միավորում է իրական, լրացված ու վիրտուալ իրականությունները: Ըստ Սթիվենսոնի՝ մարդիկ կարող են միանալ մետավերսին ավատարների միջոցով ու անել այն ամենն, ինչ անում են իրական կյանքում. շփվել միմյանց հետ, տեղեկատվություն փնտրել, աշխատել, խանութ այցելել, խաղալ և այլն: Մետավերսի գաղափարը, որը հեռանկարում տեսնում են խոշոր ընկերությունները, այդ թվում՝ Meta-ն, քիչ է տարբերվում Սթիվենսոնի պատկերացումներից:

Սքրինշոթ Second Life-ից

Մետավերսի մեկ այլ օրինակ է Էռնեստ Քլայնի «Պատրաստվի առաջին խաղացողը» (Ready Player One) գրքում նկարագրված «Օազիսը»: Հենց այս տարբերակն է տեխնոհսկաների պատկերացրած մետավերսի միջինացված ամենաակնհայտ օրինակը: Այստեղ մարդիկ ոչ միայն խաղեր են խաղում, այլև աշխատում են, անցկացնում գործնական հանդիպումներ, այցելում համերգների, զվարճանքի վայրեր, խանութներ և այլն, այսինքն՝ գրեթե այն ամենն, ինչ հնարավոր է (ու նաև հնարավոր չէ) անել իրական աշխարհում: Մետավերսերի կառուցմամբ զբաղվող ընկերությունների նպատակն է, որպեսզի մարդիկ մետավերսում ոչ միայն հանգստանան աշխատանքային օրվանից հետո, այլև լուծեն իրենց բոլոր խնդիրները՝ կապված աշխատանքի, կրթության, բիզնեսի, սոցիալական շփման հետ:

Վերոնշյալն առայժմ, գոյություն ունի միայն կոնցեպտի տեսքով: Ավելին, մետավերսի մասին տարբեր ընկերությունների պատկերացումները դետալներում որոշակիորեն տարբերվում են: Սակայն մետավերսերի «սաղմնային» տարբերակներ արդեն իսկ գոյություն ունեն, ու բավականին վաղուց:

«Սաղմնային» մետավերսեր

Մետավերսի գաղափարն իրականություն դարձնելու առաջին փորձերից մեկը տեղի ունեցավ 2007թ-ին՝ Linden Lab ընկերության մշակած Second Life խաղում: Այն իրենից ներկայացնում է սոցիալական ցանցի էլեմենտներով եռաչափ վիրտուալ աշխարհ, որում օգտատերերն ավատարների միջոցով շփվում են, այցելում հայտնի տեսարժան վայրերի վիրտուալ տարբերակները, զբաղվում են առևտրով, գումար աշխատում և այլն: Վիրտուալ աշխարհի օգտատերերի թիվը սկզբում կտրուկ աճ արձանագրեց՝ հասնելով մեկ միլիոնի, իսկ հետագայում սկսեց նվազել՝ 2017թ-ից կանգնելով 800-ից 900 հազարի սահմաններում: Second Life-ի նկատմամբ հետաքրքրության նվազումը պայմանավորում են ոչ միայն անվտանգության հետ կապված խնդիրներով, այլև՝ բազմաթիվ սկանդալներով, որոնք տեղի են ունեցել սոցիալական ցանցի գոյության ընթացքում:

Սքրինշոթ Decentraland-ից

Մետավերսի սաղմային վիճակում է նաև վիրտուալ իրականությունում գործող Decentraland ապակենտրոնացված պլատֆորմը, որի օգտատերերն ավատարների միջոցով վիրտուալ իրականությունում կարող են գնել ու վաճառել թվային անշարժ գույք, ուսումնասիրել աշխարհը, շփվել ու անգամ խաղեր խաղալ: Decentraland-ը շատ ավելի մոտ է մետավերս լինելուն, որովհետև այստեղ մուտք կարելի է գործել վիրտուալ իրականության սաղավարտներով:

Իրական Մետավերս

Սակայն իրական մետավերսը պետք է զգալիորեն տարբերվի այսօր գոյություն ունեցող հարթակներից՝ մի քանի առանցքային առումներով: Վենչուրային ներդրող ու մետավերսի գաղափարի հիմնական կրողներից Մեթյու Բոլլն առանձնացրել է դրա յոթ հիմնական հատկությունները:

1. Անվերջ գոյություն: Մետավերսը երբեք չի անջատվում, երբեք չի դադարում աշխատել ու երբեք չի ավարտվում:

2. Մետավերսն աշխատում է իրական ժամանակում ու կախված չէ արտաքին գործոններից, չնայած developer-ները կարող են ստեղծել կամ պլանավորել իրադարձություններ, որոնք տեղի կունենան մետավերսում:

3. Չկա օգտատերերի քանակի (այդ թվում՝ մետավերսում միաժամանակ գտնվող) սահմանափակում: Ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է միանալ մետավերսին ու մասնակցել դրա կյանքին՝ մյուսների հետ հավասար:

4. Մետավերսում պետք է լինի լիարժեք աշխատող տնտեսություն: Մարդիկ ու ընկերությունները պետք է ստանան ինչ-որ պարգև (փողի անալոգը) «աշխատանքի» համար, որն առաջացնում է ուրիշների կողմից ճանաչված «արժեքներ», ծախսել այդ պարգևը, ներդրումներ անել և այլն:

5. Մետավերսը միավորում է ֆիզիկական ու թվային աշխարհները, բաց ու փակ պլատֆորմերը, մասնավոր ու ընդհանուր հասանելի ցանցերը: Այն իրենից ներկայացնում է միասնական թվային ամբողջություն:

6. Վերոնշյալի համար անհրաժեշտ է թվային աշխարհների միջև փոխանցվող տվյալների, առարկաների, ակտիվների, կոնտենտի համադրելիություն: Օրինակ, օգտատերը պետք է հնարավորություն ունենա ավտոմեքենան GTA Online-ից տեղափոխել Need for Speed ու նվիրել այն իր ընկերոջը ֆեյսբուքում:

7. Մետավերսերը պետք է լցված լինեն կոնտենտով ու փորձով՝ ստեղծված իրենց իսկ օգտատերերի կողմից, այդ թվում՝ անհատների, խմբերի կամ կոմերցիոն կազմակերպությունների:

Մետավերսյան տնտեսություն

Օգտատերերն արդեն այսօր գոյություն ունեցող «սաղմնային» մետավերսերում հնարավորություն ունեն իրական գումարներով ձեռք բերել վիրտուալ հողատարածքներ, անշարժ գույք կամ այլ թվային առարկաներ: Նման հարթակներում ձեռք բերվող թվային ակտիվները կոչվում են փոխադարձ չփոխարինվող թոքեններ (NFT), որոնք պատկանում են տվյալ օգտատիրոջը՝ անկախ նրանից, թե այդ ակտիվը որ հարթակում է երևում: Կրիպտոարժույթի հետ սերտորեն կապված տնտեսական այս մոդելն է, որ գրավել է խոշոր ընկերությունների ուշադրությունը:

Աշխատանքային խորհրդակցություն եռաչափ վիրտուալ տարածքում

Մետավերս ստեղծելու մասին Ցուկերբերգի հայտարարությունից հետո թեմայի մեջ մտան նաև մյուս խաղացողները: Այսպես, սեփական մետավերսն ունենալու մասին հայտարարությամբ հանդես եկավ Microsoft-ը. սոֆթվերային հսկան որոշեց սկսել ավանդական օֆիսային կյանքն իր Azure ամպային տեխնոլոգիայի հիման վրա փոխելուց: Ընկերությունը հայտնեց, որ արդեն 2022-ի առաջին կիսամյակում տեսակոնֆերանսների իր Teams ծառայությունում կհայտնվեն վիրտուալ տարածություններ ու եռաչափ ավատարներ շփման, տվյալների փոխանակման ու աշխատանքի համար:

Մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ Epic Games-ը մետավերսի է ցանկանում վերածել իր Fortnite օնլայն խաղը, ինչի համար ներգրավել է մեկ մլրդ դոլար: Ու խոսքը միայն եռաչափ վիրտուալ տիրույթում խաղեր խաղալու մասին չէ: Epic Games-ի ղեկավար Թիմ Սուինին իրենց հարթակը բնորոշել էր հետևյալ կերպ. «պատկերացնենք վիրտուալ աշխարհ, որում ավտոմեքենա արտադրողը, գովազդելով իր նոր մոդելը, տեղադրում է այն վիրտուալ աշխարհում, ու ինչ-որ մեկը կարող է այն վարել: Կամ, ուղևորվելով օնլայն շոփինգի՝ օգտատերը կարող է հագուստը թվային միջավայրում փորձել, հետո նոր գնել այն»:

Խոշոր առևտրային գործարքներ մետավերսերում արդեն տեղի են ունենում։ Օրինակ, The Sandbox մոբայլ խաղում թվային հողատարածքը ձեռք էր բերվել ավելի քան 57 հազար դոլարով, իսկ Decentraland հարթակում ռեկորդային 2.4 մլն դոլարով ձեռք է բերվել վիրտուալ հողատարածք՝ այդտեղ մոդայիկ հագուստների թվային ցուցադրություններ անցկացնելու նպատակով:

Խնդիրներ ու ռիսկեր

Որոշ հեղինակներ կարծում են, որ մետավերսն այն տեսքով, որը պատկերացնում են խոշոր ընկերությունները, առաջիկա տարիներին անհնար է, քանի որ գոյություն չունեն ապարատային ու ծրագրային ապահովման համար անհրաժեշտ միասնական ենթակառուցվածքներ, ինչպես նաև կառավարման միասնական ստանդարտներ:

Կարող են խնդիրներ առաջանալ նաև կոնֆիդենցիալության, սոցիալական ցանցերից կախվածության, օգտատերերի անվտանգության հետ կապված, սակայն դրանք դեռ ուսումնասիրության փուլում են:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---