Ոչ միայն «Բայրակթարներ»

Ոչ միայն «Բայրակթարներ»

Էլ ինչ է առաջարկում Թուրքիան «դրոնային դիվանագիտության» շրջանակում

2000-ականների սկզբին Թուրքիայի զինուժում հայրենական արտադրության ռազմատեխնիկան միայն 20 տոկոս էր կազմում: Այսօր արդեն՝ շուրջ 80 տոկոս: Երկու տասնամյակից էլ ավելի քիչ ժամանակ պահանջվեց, որ թուրքական ԱԹՍ-ները մրցակից դառնան աշխարհի ամենահզորներին: Տարածաշրջանում սառը կոնֆլիկտները թեժացնելու մենաշնորհը Թուրքիան վերցրել է իր վրա, extra ինքնավստահության հովանավորն էլ սեփական արտադրության ԱԹՍ-ներն են:

PanARMENIAN.Net - Թուրքական ԱԹՍ-ներից խոսելիս առաջին հերթին Baykar-ի Բայրաքթարն են հիշում: Արդեն պատմել ենք ԱԹՍ Բայրաքթարի, փեսա Բայրաքթարի և այն մասին, թե ինչպես սկսվեց թուրքական ինժեներական մտքի անօդաչու թռիչքը: Հիմա հասկանանք, թե Baykar-ից ու Բայրաքթարից բացի ի՞նչ անուններ են պտտվում թուրքական արտադրության ԱԹՍ-ների շուրջ:

2016-ի պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայում տրամագծորեն փոխվեց ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականությունը: Էրդողանի բառի բուն իմաստով հեռուն գնացող և տարածաշրջանի տարբեր կետեր հասնող ծրագրերի համար ռազմական հզոր ներուժը ամենակարևոր նախադրյալն էր: Թուրքիան այլևս չէր էլ թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները: Ի պատասխան չուշացան նաև արևմտյան քննադատություններն ու զենքի էմբարգոն: Սա լավ առիթ էր, որ Թուրքիան վերջնականապես որոշի՝ պետք է նվազեցնել կախվածությունը զենքի մշտական մատակարարներից և կենտրոնանալ սեփական արտադրության վրա:

Հիմա Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիայի նպատակը մոտակա տարիներին աշխարհում մարտական ԱԹՍ-ների ամենամեծ արտադրողը դառնալն է: Այս փուլում խնդրահարույց է մի բան: Թուրքական անօդաչուների մասերը 100 տոկոսով թուրքական չեն: Սա նշանակում է, որ տարբեր փուլերում, քաղաքական տարբեր պատրվակներով ու պատճառներով գործակցությունը դադարեցնելու դեպքում Թուրքիան կարող է որևէ պահի փաստի առաջ կանգնել: Նման մի դեպք տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ Կանադայի կառավարությունը որոշեց Թուրքիային այլևս չտրամադրել Բայրաքթարի վրա կիրառվող CMX-15D դիտարկման եւ թիրախավորման համակարգերը: Սա Թուրքիային հիշեցրեց, որ ինքնաբավ ռազմական արդյունաբերությունը ոչ թե ճոխություն է, այլ անհրաժեշտություն:

Թուրքական դրոնների և այդ ոլորտում գրանցած մեծ քայլերի մասին պատկերացում ենք կազմում, երբ կարդում ենք, որ Թուրքիան փորձարկել է լազերային զենքով աշխարհում առաջին ԱԹՍ-ն կամ լսում, թե արդեն որերորդ երկիրն է գնում թուրքական անօդաչուները: Այս փուլում Թուրքիան հայրենական արտադրության շուրջ 130 տեսակի դրոններ ունի: Baykar-ից բացի ոլորտի հզոր խաղացող է պետական ֆինանսավորմամբ գործող Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն (TUSAŞ) ընկերությունը: TUSAŞ-ի ամենահաջողված արտադրաքներից մեկն ANKA ԱԹՍ-ների ընտանիքն է: Anka-A հետախուզական անօդաչուն առաջին փորձնական թռիչքն արել է դեռ 2010-ին: 2013-ին կնքված պայմանագրից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերը սկսել են կիրառել ԱԹՍ-ն: 2014-ին ներկայացվել է Anka-B-ն, 2017-ին՝ Anka-S-ը, որը կիրառում են երկրի ռազմաօդային, ռազմածովային ուժերը, ազգային հետախուզության կազմակերպությունը: 80 միլիոն դոլարով 3 Anka-S էլ գնել է Թունիսը: 2020-ից TUSAŞ-ը սկսել է նաև Aksungur երկշարժիչ ԱԹՍ-ի սերիական արտադրությունը: TUSAŞ-ի հավակնոտ պլաններից մեկն էլ թուրքական ազգային կործանիչ ստեղծելն է:

«Արտադրված է Թուրքիայում» պիտակը նաև Vestel ընկերության ԱԹՍ-ների վրա է: Առաջին՝ Efe mini ԱԹՍ-ն նախագծել է դեռ 2005-ին: Իսկ 2007-ին ընկերությունը նախաձեռնել է իր ամենահավակնոտ նախագծերից մեկը՝ ստեղծել Karayel ԱԹՍ-ն: Պատվիրատուն՝ Թուրքիայի զինված ուժերն էր: Քարայել հետախուզական ԱԹՍ-ի առաջին թռիչքն ուղիղ 7 տարի անց էր՝ 2014-ին: 2016-ին արդեն կիրառվում էր: Նախատիպը փորձարկվել է 2009-ին, բայց պատվիրատուի պահանջով փոփոխությունների է ենթարկվել:

ԱԹՍ-ների սերիական արտադրություն նախաձեռնում են նաև համեմատաբար ավելի փոքր խաղացողները: 2015-ից անօդաչուների արտադրությամբ զբաղվող Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունն օրինակ, 2021-ին Անկարայում բացեց սերիական արտադրության իր գործարանը: Փոքր քայլերով, բայց մեծ ախորժակով առաջ շարժվող այս ընկերությունների գերնպատակը ԱԹՍ-ների բոլոր բաղադրիչները ևս Թուրքիայում արտադրելն է:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---