Սիսադմինը՝ հյուսիսից

Սիսադմինը՝ հյուսիսից

Ռուսական ՏՏ-ն ներգաղթում է ՀՀ` պատրա՞ստ ենք արդյոք ընդունել

Ուկրաինայում պատերազմն ու աննախադեպ ծավալի միջազգային պատժամիջոցների նկատմամբ հատկապես զգայուն են ռուսաստանյան ու բելառուսական ՏՏ շուկաները:

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին խ Ռուսաստանի խոշոր ընկերությունների ավելի քան հազար աշխատակից հրապարակել էին բաց նամակ՝ Ուկրաինայում պատերազմի դեմ։ Ըստ կանխատեսումների, ՏՏ մասնագետների մինչև 20%-ը կարող է լքել Ռուսաստանը։

Պատժամիջոցները հարվածել են հատկապես խոշոր ընկերություններին, որոնց արտադրանքը կողմնորոշված է դեպի գլոբալ շուկաներ ու այն ընկերություններին, որոնց գործունեությունը կախված է արևմտյան երկրներից ներմուծվող պրոդուկտներից ու կոմպոնենտներից։ Պատժամիջոցներն, ըստ էության, կտրել են այդ ընկերություններին խոշորագույն շուկաներից։ Ընկերությունները փորձում են ելքեր գտնել ստեղծված իրավիճակից, ու եթե ուկրաինական ՏՏ ոլորտը մեծամասամբ տեղափոխվում է արևմտյան երկրներ, Ռուսաստանն ու Բելառուսն այդ հնարավորությունը չունեն: Նրանց հնարավոր ուղղություններից մեկը բիզնես-ներգաղթի համար Հայաստանն է:

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ՏՏ ոլորտում առնչվում են օտարերկրյա ծրագրային ապահովման, կիսահաղորդչային կոմպոնենտներ ձեռք բերելուն, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։ Ստեղծված իրավիճակում ռուսական ՏՏ ընկերությունները դիմում են մի քանի միջոցների. զգալիորեն, մոտ 50%-ով աճել են ՏՏ ընկերությունների (հատկապես՝ փոքր) դիմումներն իրավաբանական կազմակերպություններին, դրոնք հիմնականում վերաբերում են ստեղծված իրավիճակում օտարերկրյա գործընկերների հետ աշխատանքը շարունակելու հնարավորություններին։

Խոսքը գնում է նաև արտասահմանում նոր իրավաբանական անձի ստեղծման միջոցով բիզնեսը տրոհելու մասին, ինչը թույլ կտա ընկերություններին բիզնեսի ֆունկցիաների մի մասը տեղափոխել այլ պետություններ։ ՏՏ ոլորտի աշխատակիցները անգամ միավորում են ջանքերը՝ Ռուսաստանը լքելու համար, նույնը փորձում են անել նաև խոշոր ընկերությունները։ Խնդիրը բարդանում է նրանով, որ ՌԴ նախագահի նոր հրամանն արգելում է Ռուսաստանի քաղաքացիներին ու ընկերություններին երկրից արտարժույթ դուրս բերել, ինչը ստիպում է ընկերություններին կապիտալը վերածել կրիպտոարժույթի՝ այն հետո դուրս բերելու համար։

Մասնագետները համոզված են, որ միայն նման կոսմետիկ միջոցառումները դժվար թե օգնեն պահպանել բիզնեսը, հատկապես, եթե խոսքը վերաբերում է պատժամիջոցներ կիրառող երկրների հետ աշխատանքը շարունակելուն, որովհետև վերջիններս Իրանի նկատմամբ պատժամիջոցներից հետո կուտակել են ահռելի փորձ ու տիրապետում են նման նախաձեռնությունները չեզոքացնելու գործիքակազմի։ Արևմուտքում կաջակցեն ռուսական ՏՏ ընկերությունների միայն ամբողջական ռելոկացիային, քանի որ, ի վերջո, պատժամիջոցների նպատակը ռուսաստանյան տնտեսության թուլացումն է։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ անհրաժեշտ է տարբերակել Ռուսաստանի և Ուկրաինայի իրավիճակը, որովհետև եթե Ուկրաինայում սա ավելի շուտ մարդկային ռեսուրսների և ճգնաժամային խնդիր է, այսինքն՝ մարդիկ մոբիլիզացվել են, կամ հեռացել են երկրից, կամ էլ չեն ուզում աշխատանքի դուրս գալ, սթրեսի մեջ են, և այլն, այսինքն՝ դա պարալիզացնում է աշխատանքը, ապա Ռուսաստանի դեպքում պատժամիջոցները կարող են առաջացնել տարբեր ազդեցություններ՝ ինչ-որ կազմակերպությունների համար կարող է լինել համագործակցության խզում, մյուսներին կարող են զրկել, օրինակ, լիցենզիոն սոֆթի օգտագործումից:

«Հնարավոր է նաև, որ շատ երկրներում կարող են հրաժարվել ռուսաստանյան կազմակերպությունների անուղղակի ծառայություններից: Իրականում, ռուսաստանյան ՏՏ-ի մի մասը շահելու է, որովհետև ներմուծման փոխարինման հարցում կստանան պետական գրանտեր ու պատվերներ»,- հավելում է մասնագետը:

Վերջին միտքն արդեն իսկ կյանքի է կոչվում, քանի որ, առայժմ միայն թղթի վրա, Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են դիմել աննախադեպ միջոցների՝ ՏՏ ոլորտի մասնագետներին ու ընկերությունները երկրում պահելու համար։ Խոսքը մասշտաբային արտոնությունների մասին է, որոնց մշակմանն անմիջապես մասնակցել են նաև ռուսաստանյան խոշորագույն ՏՏ ընկերությունները։ Մասնավորապես, նախաձեռնության հեղինակներն առաջարկել են ՏՏ ընկերությունների անխտիր բոլոր աշխատակիցներին երեք տարով ազատել եկամտահարկից։ Նույնը վերաբերում է նաև ՏՏ ընկերություններին, որոնք ոչ միայն ազատվում են եկամտային հարկից, այլև վերահսկող մարմինների ստուգումներից։ Մասնագետներին երկրում պահելու համար առաջարկվել է նաև ազատել նրանց ժամկետային ծառայությունից՝ ՏՏ ընկերություններում աշխատելու ամբողջ ընթացքում։ Բացի այդ, չնայած հիպոթեքային վարկի տոկոսադրույքների անդադար աճին, ՏՏ ընկերությունների աշխատակիցները կկարողանան աշխատանքի ամբողջ ընթացքում վարկ վերցնել 5% տոկոսադրույքով։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են նաև զգալիորեն հեշտացնել աշխատանքի տեղավորման ու բնակության իրավունքի ստացումն այն օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են աշխատել ռուսաստանյան ՏՏ ընկերություններում։ Առաջարկների փաթեթն առայժմ ընդունված չէ։

Իսկ մինչ այդ, պատժամիջոցների պատճառով ռուսաստանյան ՏՏ շուկան մեծամասամբ հայտնվել է անորոշության վիճակում։ Մասնագետների մի մասը կարծում է, որ սարքավորումների ու սոֆթի ներմուծման արգելքը կարող է դրական ազդեցություն ունենալ ոլորտի համար այն առումով, որ ներմուծման փոխարինման համար անհրաժեշտ կլինի ներսում ձեռնարկել ոլորտի զարգացման քայլեր, ինչպես նաև համագործակցել այն երկրների հետ, որոնք շահագրգռված են Ռուսաստանի հետ համագործակցել։ Սակայն սկզբում դժվար է լինելու։ Մյուս կողմից, մասնագետները կարծում են, որ խոշոր գլոբալ ընկերություններն, իրենց բիզնեսը հարվածի տակ չդնելու համար, իրենք կհրաժարվեն ռուսաստանյան ՏՏ շուկա կոմպոնենտներ մատակարարելուց։ Ամբողջ ռուսական ՏՏ շուկան կազմում է համաշխարհային շուկայի չնչին մասը, հետևաբար՝ գլոբալ ընկերությունների համար կորուստներն աննշան են լինելու։

Վատ է իրավիճակը նաև ռուսաստանյան խոշոր ՏՏ ընկերությունների շուկայական կապիտալիզացիայի հետ կապված։ Օրերս NASDAQ-ն ու Նյու Յորքի ֆոնդային բորսան կասեցրին ռուսական խոշոր ՏՏ ընկերությունների բաժնետոմսերի առքուվաճառքը։ Հարվածի տակ ընկան Циана, МТС, HeadHunter, Ozon, Яндекс և այլ ընկերություններ։ Դրա արդյունքում բաժնետոմսերի գները կտրուկ ընկել են, օրինակ, Яндекс-ի դեպքում, ավելի քան 50%-ով:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, այստեղ իրավիճակը պայմանավորված է արդեն բուն ռազմական գործողություններով։ ՏՏ ընկերությունների հազարավոր աշխատակիցներ տեղափոխվում են երկրի արևմուտք՝ պատերազմի թատերաբեմից հնարավորինս հեռու, կամ այլ երկրներ։ Շատ ընկերություններ շարունակում են աշխատել անգամ այս իրավիճակում։

Տեղեկատվական անվտանգության մասնագետը նշում է՝ ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսք դեպի Հայաստան արդեն իսկ կա, ու այն շարունակական է լինելու: «Կարծում եմ, ներհոսքը դեռ կշարունակվի, ավելի շատ՝ Ռուսաստանից, հետո՝ Բելառուսից, ավելի քիչ՝ Ուկրաինայից, որովհետև վերջիններիս համար ավելի բարենպաստ պայմաններ կլինեն եվրոպական այլ երկրներ տեղափոխվելու համար: Տեղափոխվում են ինչպես անհատներ, այնպես էլ կազմակերպություններ ամբողջությամբ, ու, իհարկե, սա բազմաթիվ լոգիստիկ խնդիրներ է առաջացնելու Հայաստանում, որպեսզի կարողանանք ապահովել այդ ներգաղթը»,- նկատում է Սամվել Մարտիրոսյանը:

Թե ինչ քանակների մասին է գնալու խոսքը, ըստ փորձագետի, այս պահին դժվար է կանխատեսել. «Իմ կարծիքով, արդեն խոսքը գնում է հազարների մասին, սակայն թիվը կարող է վերածվել տասնյակ հազարների, եթե այս իրավիճակն ու պատժամիջոցները շարունակեն խորանալ»:

Մարտիրոսյանի խոսքով՝ կա հատկապես մեծ ներհոսք Ռուսաստանում բնակվող ՏՏ ոլորտի մասնագետ հայերի ու բիզնեսների, որտեղ հայերը շատ են ու դրդում են, որպեսզի ավելի շատ մարդ գա հենց Հայաստան, որովհետև ընտրելու մի քանի երկիր ունեն: Փորձագետը համոզված է՝ մի մասը գալու է Հայաստան, հետո՝ հետ վերադառնա, եթե իրավիճակը սկսի շտկվել.

«Մի մասն էլ Հայաստանը կօգտագործի, որպես տրանզիտ, հատկապես դա վերաբերում է ռուսաստանցիներին, ովքեր նաև տեղաշարժի խնդիր ունեն հիմա: Կարծում եմ՝ ոչ մի երկիր էլ նման բանի պատրաստ չէր, այլ հարց է, որ անհրաժեշտ է արագ պատրաստվել: Արդեն ինչ-որ շարժ կա, օրինակ, նույն տելեգրամյան ալիքները, որոնք բացվել են, որպես անհատական նախաձեռնություններ, արդեն այնտեղ կան ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, մարդիկ կառավարությունից, ովքեր փորձում են տեղում օժանդակել»:

Մարտիրոսյանը համոզված է՝ բազմաթիվ խնդիրներ կան ու լինելու են, որովհետև անհրաժեշտ է հասկանալ, ինչպես ինտեգրել օտարերկրյա աշխատակիցներին: Ինչ-որ հարցերում Հայաստանի համար ավելի հեշտ է, այլ երկրների համեմատությամբ, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ անդամ է ու այստեղ, զուտ թղթաբանության տեսանկյունից, ավելի հեշտ կինտեգրվեն ՌԴ-ից ու Բելառուսից ներգաղթողները: Ուկրաինացիների համար այս գործընթացը մի փոքր ավելի բարդ է լինելու, բայց կարելի է այս ամենը հեշտացնել, ստեղծել միջավայր, որպեսզի ոչ միայն աշխատակիցներն ու ընկերությունները գան, այլև ներդրողները:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---