Վերադարձնելով մարդկանց ժամանակը

Վերադարձնելով մարդկանց ժամանակը

ZERO-ն մտադիր է 1 մլրդ աշխատողի համար խնայել օրական նվազագույնը 1 ժամ

Ցանկացած պրոֆեսիոնալ աշխատանք բաղկացած է երկու մասից։ Մեկը տվյալ մասնագիտական հմտությունների վրա հիմնված գործունեությունն է, օրինակ, լրագրողի դեպքում, նյութի թեմայի որոշումը, հարցազրույցների կազմակերպումը, նյութի հեղինակային շարադրումը։ Մյուս մասն առօրյա ադմինիստրատիվ խնդիրներն են, որոնք բուն մասնագիտական գործունեության հետ քիչ են կախված, սակայն անհրաժեշտ են մասնագիտական աշխատանքի հաջող իրականացման համար, օրինակ՝ ձայնագրված հարցազրույցը վերծանելն ու սղագրելը։

PanARMENIAN.Net - Պարզվում է` ադմինիստրատիվ խնդիրների լուծումը հնարավոր է ավտոմատացնել արհեստական բանականության ալգորիթմերի շնորհիվ, ինչը զգալի խնայում է աշխատողի ժամանակը։ ZERO ընկերության մշակած AI ալգորիթմը հենց այդ խնդիրն է լուծում։ Ընկերությունը վենչուրային ֆոնդերից 12 մլն դոլար է ներգրավել, ինչը թույլ կտա ընդլայնել ու կյանքի կոչել հավակնոտ ծրագրերը։

Ընկերության համահիմնադիր Գևորգ Կարապետյանը PanARMENIAN.Net ին պատմեց, որ ներկայում ZERO-ն գործակցում է իրավաբանական ոլորտի ընկերությունների հետ, սակայն արդեն իսկ սկսում է ընդարձակել իր բիզնեսը դեպի հաշվապահական ու ֆինանսական շուկաներ։

«ZERO-ն մշակում է աշխատանքի արդյունավետության բարձրացման գործիքներ՝ հիմնված արհեստական բանականության ալգորիթմերի վրա։ Մենք ավտոմատացնում ենք աշխատակիցների առօրյա ադմինիստրատիվ գործերը: Ցանկացած աշխատող ունի երկու տիպի գործողություն՝ մեկը, որը հենց իր մասնագիտությունն է, իսկ մյուսը՝ ամբողջ ադիմինիստրատիվ մասն է, որը պետք է կատարել՝ մասնագիտական գործունեության մեջ հաջողակ լինելու համար: Մենք ավտոմատացնում ենք ադմինիստրատիվ մասը, սակայն, ի տարբերություն ավտոմատացման այլ լուծումների, ուշադրություն ենք դարձնում այն թասքերի վրա, որոնցում կա կոգնիտիվ կոմպոնենտ, այսինքն՝ որոնց հետ կապված մարդը որոշում է կայացնում», - նշում է Կարապետյանը։

ZERO-ի տեխնոլոգիայի յուրահատկությունն այն է, որ արհեստական բանականության ալգորիթմը շատ լավ կարողանում է կռահել, թե մարդ ինչ որոշում կկայացներ տվյալ դեպքում և նրա փոխարեն այդ որոշումը կայացնում է: Ըստ ընկերության հիմնադիրի, փորձը ցույց տվեց, որ ZERO-ի ալգորիթմերի ճշգրտությունը շատ բարձր է.

«Որպես ծրագրային լուծում, ստեղծողների, մեզ համար ամենամեծ մխիթարանքն այն է, որ մարդիկ վստահում են մեր լուծմանը, և նույնիսկ աշխատողներ կան, ովքեր համարում են, որ այն իրենց թիմի մի մասն ու գործընկերն է: Շատ կարևոր է ցույց տալ, որ արհեստական բանականության վրա հիմնված լուծումն ինչ-որ վտանգ չի, այլ ուղղակի մարդու ընդարձակումն է, նրան օգնող միջոց, որպեսզի նա ավելի արդյունավետ լինի իր առօրյայում։ Ինչն ամենակարևորն է, այն հնարավորություն է տալիս խնայել մարդկանց ժամանակը, որովհետև աշխատանքային ժամանակի 30-40 տոկոսն ադմինիստրատիվ թասքերի վրա ծախսելը բավականին անարդյունավետ է: Իսկ խնայված ժամանակը կարելի է ծախսել ավելի կարևոր բաների վրա»:

ZERO-ի համահիմնադիրը շեշտում է՝ իրենց թիրախն է պրոֆեսիոնալ աշխատանք կատարող 1 միլիարդ մարդու համար առնվազն օրական մեկ ժամ խնայելը, այսինքն՝ ընկերության առաքելությունն է խնայել օրական 1 միլիարդ ժամ մարդկանց համար.

«Սա շատ հավակնոտ նպատակ է, սակայն այն մեզ մոտիվացնում է ամեն օր զբաղվել նրանով, ինչով զբաղվում ենք»:

Վենչուրային ֆոնդերից ներգրավված 12 մլն դոլարը, ըստ Կարապետյանի, թույլ կտա ընկերությանն աճել այլ շուկաներում, մտնել հարակից շուկաներ։ Բնականաբար, դրա շնորհիվ կաճի նաև ընկերության թիմը.

«Մենք ունենք 80 հոգուց բաղկացած գլոբալ թիմ, ընդ որում՝ շատ կտրուկ աճ ենք արձանագրել, որովհետև նախորդ տարի աշխատակիցների թիվը 30 էր։ Աճը շարունակվելու է»։

ZERO-ի ամենամեծ գրասենյակը Երևանում է, իսկ գլխամասը՝ Սիլիկոնյան հովտում։ Կան գրասենյակներ նաև Նյու Յորքում ու Տորոնտոյում։ Թիմի աճն ու նոր շուկաներ մուտքը թույլ կտա ընկերությանն իրականություն դարձնել հավակնոտ ծրագրերը։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---