ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ԿՏՐԵԼ ՆՐԱՆՑ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՆԵԼ ՔԱՐԵՐՈՎ,

- հաստատում է հայտնի ադրբեջանական իրավապաշտպան Էլդար Զեյնալովը` հանդես գալով Բաքվի ԶԼՄ-ի հակահայկական հիստերիայի դեմ:

Հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունների դադարեցման մասին Երեւանի Մամուլի ակումբի որոշումը, որը կայացվել էր Բաքվի ԶԼՄ-ի հակահայկական աննախադեպ հիստերիայի պատճառով, ոչ միանշանակ արձագանք ունեցավ Ադրբեջանում : Բաքվի մի քանի թերթեր չեն թաքցնում իրենց գոհունակությունը, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը խոչընդոտելու իրենց ջանքերը շոշափելի արդյունք տվեցին: Սակայն, հարկ է նաեւ նշել, որ երեւանյան լրագրողների դեմարշը ադրբեջանական մտավորականության մի մասի մոտ ոչ քիչ անհանգստություն է առաջացրել: Նյարդայնացել են նույնիսկ պետական այրերը: Ալիեւյան վարչակազմի միջազգային բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը բոլորովին էլ դեմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների շփմանը: Ընդ որում, նա բավականին անկեղծ խոստովանություն է արել. պարզվում է, որ ադրբեջանական իշխանությունները երկու հակամարտող երկրների հասարակական կառույցների եւ լրագրողների փոխհարաբերությունները իրականում խրախուսում են ոչ թե այն պատճառով, որ դրանցում իմաստ են տեսնում, այլ միայն ԵԱՀԿ-ի խաղաղարարների տրամադրությունները չփչացնելու համար, որոնք շատ են ուզում, որ հայերն ու ադրբեջանցիներն ապրեն համերաշխ:
PanARMENIAN.Net - Սակայն, բարեբախտաբար, Ադրբեջանում ոչ բոլորն են կարծում, որ ժողովրդական դիվանագիտությունը անհրաժեշտ է միայն եվրոպացիներին չվիրավորելու համար: Հայտնի իրավապաշտպան եւ լրագրող Էլդար Զեյնալովը հանդես է եկել տեղի ԶԼՄ-ի դիրքորոշման դատապարտմամբ, որոնք, ըստ նրա գնահատականի, ««վերեւից» կազմակերպված ժողովրդական դիվանագիտության դեմ արշավի կույր գործիքն են դարձել»: «Էխո» թերթում զետեղված Զեյնալովի հոդվածն իր երանգավորմամբ խիստ տարբերվում է Ադրբեջանում լայն մասսայականություն վայելող այդ թերթի հրապարակումների մեծ մասից: Իրավապաշտպանը նախ եւ առաջ իր ափսոսանքն է հայտնում, որ Բաքվի թերթերը, ոչ կառավարական կազմակերպություններն ու տեղի որոշ խաղաղարարներ իրենց ցուցադրական հայրենասիրությամբ «ավելացրել են խառնաշփոթը»: Զեյնալովը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող են միեւնույն մարդիկ մե'կ խաղաղության կոչեր անել, մե'կ պաշտպանել Ղարաբաղը ուժով ազատագրելու գաղափարը, «բայց այնպես, որ խաղաղ բնակիչները չտուժեն»: «Հետաքրքիր է` ի՞նչ եղանակով»,- հարցնում է իրավապաշտպանը:
«1994 թվականից Ադրբեջանի իշխանությունները խոսում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը կողմնակից լինելու մասին: Թվում է` պարզ է, որ «խաղաղ ուղին» բանակցություններն են, եւ որ միշտ էլ ժողովրդների հաշտեցման համար հարկ է լինում բանակցությունների սեղանի շուրջ նստել հակառակորդի հետ, այլ` ոչ թե բարեկամի: Բայց, չգիտես ինչու, մեզ մոտ դա համարում են անընդունելի, եւ կգերադասեին Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարել ավելի շուտ մարսեցիների, քան հայերի հետ: Սակայն համաշխարհային հանրությանն ուղղված անվերջանալի բողոքարկումները ոչ միշտ են օգնում, եւ ոչ մի միջազգային կազմակերպություն Հայաստանի վրա ճնշում չի գործադրի, եթե բանակցությունները չընթանան հենց հակամարտող կողմերի միջեւ»,- գրում է Զեյնալովը: Նրա խոսքերով` խոստումները, թե Ադրբեջանի կազմում ղարաբաղցիները ազատ կյանք կունենան, չունեն ոչ մի արժեք, եթե դրանք չեն հիմնավորվում իրական երաշխիքներով: «Մեզ մոտ խոսում են հայերի ինքնավարության մասին, իսկ մամուլում, այդ թվում` պաշտոնական, հայտարարում են Ղարաբաղը հայերից «մաքրելու» անհրաժեշտության մասին: Խոսում են ղարաբաղյան հայերի իրավունքների երաշխիքների մասին, միաժամանակ ցուցադրաբար հաճույքով ճնշում են Բաքվում մնացած հայերին` կոչ անելով կտրել նրանց ականջները եւ սպանել քարերով... Խոսում են Ղարաբաղի ապագա կառուցվածքում հայերի իրավահավասարության մասին, իսկ իրենք դատավարություններ են անում պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, երբ ենթադրել են, թե ինչ-որ մեկի նախնին հայ է եղել: Խոսում են խաղաղարարության մասին, բայց հակված են դեպի հիմնախնդիրը ուժով լուծելու հնարավորություն նախատեսող խարտիան»,- իր զարմանք է արտահայտում իրավապաշտպանը:

Ցանկանում ենք հոդվածի շարունակությունը մեջբերել առանց մեկնաբանությունների.
«Մեզ` իրավապաշտպաններիս հաճախ մեղադրում են, որ մենք, պաշտպանելով բոլորին, այդ թվում նաեւ հայերին, թշնամիներին զինում ենք տեղեկատվությամբ: Բայց ես ձեզ մի պարզ եղանակ կառաջարկեմ. մի' խախտեք քաղաքացու իրավունքները, եւ թշնամիներն ասելու ոչինչ չեն ունենա: ԻՆչպես նաեւ. այժմ երրորդ հազարամյակն է, եւ նույնիսկ ամենախիստ գրաքննությունը չի կարող զսպել տեղեկատվության հոսքը: Տեղեկությունը երկրից դուրս կտանեն արտագաղթող հայերը, հրեաները, այն ռուսները, որոնց փախստականները զրկում են բնակարաններից, իսկ դատարանները ծաղրանքով խոստանում են վերադարձնել դրանք «Ղարաբաղի ազատագրումից հետո»: Տասնյակ օտարերկրյա լրագրողներ, դիվանագետներ, գիտնականներ, որոնք աշխատում են մեր երկրում, նույնպես կույր ու խուլ չեն եւ հրապարակում են հարյուրավոր հոդվածներ ու հաշվետվություններ: Կռվել, կռվել անձամբ, երբ պետք է գնդակներին դեմ հանդիման դուրս գալ, ոչ ոք չի ցանկանում` ո'չ իշխանությունները, ո'չ ընդդիմությունը, ո'չ «հայրենասերները», ո'չ փախստականները, ո'չ ռազմատենչ լրագրողները... Այդ դեպքում ո՞րն է լուծումը. պետք է հաշտվել, այսինքն` փոխզիջման գնալ թշնամուն: Սակայն 1988-ից 1993 թվականների «ղարաբաղյան» կեցվածքով քաղաքական գործչի համար սա համազոր է մահվան: Այդ պատճառով նրանք կամ ձեւացնում են, թե իբր բանակցում են կամ էլ նախընտրում են լրիվ գաղտնիությունը...
«Ժողովրդական դիվանագիտության» գաղափարի հիմքն այն համոզմունքն է, որ հակամարտության ժամանակ ժողովրդները չպետք է պատասխանատվություն կրեն քաղաքական գործիչների եւ զինվորականների արածների համար, այլ քաղաքացիները պատասխանատու են խաղաղության հաստաման համար: Այս պատասխանատվության կրողները, որպես կանոն, այն անձիք են, որոնք ունեն ոչ թե պաշտոն, այլ` հեղինակություն են վայելում: Այդ թվում նաեւ մամուլը` «չորրորդ իշխանությունը»: Կարծում եմ, որ այս ամենը հասկանում է նաեւ Երեւանի Մամուլի ակումբի ղեկավարը, որը հայտարարել է, որ ակումբը «պատրաստ է աջակցել հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխադարձ աշխատանքային այցերին»: Եթե պատրաստ է, ապա ինչի՞ համար էր այս դեմարշը...
Այնտեղ, ուր պաշտոնական բանակցություններն արգելակվում են արդեն իններորդ տարին, «ժողովրդական դիվանագիտությունը» այլընտրանք չունի: Այնպես որ, գործընկերնե'ր, հեռու մի' դրեք ձեր ճամփորդական պայուսակները»:

Դժվար է որեւէ բան ավելացնել Զեյնալովի խոսքերին: Այսօրվա իշխանավորների` փակուղի հասցնող քաղաքականությամբ անհանգստացած մտավորականի ազնվությունը հույս է ներշնչում, որ Ադրբեջանում իրոք կան մարդիկ, որոնց վստահորեն կարելի է ձեռք մեկնել` չվախենալով, որ այն կկտրեն...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---