ԱՄԵՐԻԿԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

չնայած ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը առայժմ չի շտապում իրերն իրենց անուններով կոչել:

Ինչպես եւ սպասվում էր, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, խոսելով անցյալ դարասկզբի իրադարձությունների մասին, հերթական անգամ խուսափեց «ցեղասպանություն» բառից: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ուղերձով հանդես գալը, որն ուղղված է օսմանյան կառավարության կազմակերպած հայերի կոտորածների զոհերի հիշատակի օրվան, կիրառության մեջ է դրվել կոնգրեսի որոշմամբ: Սակայն թուրքական իշխանությունների վարած քաղաքականության արդյունքը ոչ Ջորջ Բուշը, ոչ նրա նախորդները երբեւէ չեն որակավորել որպես ցեղասպանություն:
PanARMENIAN.Net - Անցյալ դարասկզբի իրադարձություններին` Ջորջ Բուշի այս տարվա տրված գնահատականը գրեթե չէր տարբերվում անցյալ տարվա նրա ելույթից: «Այսօր մենք հիշում ենք 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործություններից մեկը...Ես եւ Ամերիկայի ողջ ժողովուրդը ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքի հետ կիսում ենք կորսված կյանքերի վիշտը»: Մեկ տարի առաջ նա խոսեց «սարսափելի սպանությունների մասին, որոնք մինչ օրս Հայաստանում Թուրքիայում եւ ամբողջ աշխարհում բնակվող մարդկանց ցավ պատճառող վերքեր են թողել»: Սակայն, նկատելի են մի քանի մանրամասներ, որոնք Բուշի նախորդ ելույթը տարբերում են վերջինից: Առաջին հերթին, այս անգամ նա հատուկ շեշտեց, որ իրադարձությունները «տեղի են ունեցել Օսմանյան կայսրության կառավարման վերջին շրջանում», չնայած հայտնի է, որ ցեղասպանության քաղաքականությունը սկսվել է իրականացվել դեռեւս Սուլթան Համիդի կառավարման օրոք: Ամենայն հավանականությամբ, նախագահը փորձում էր ակնարկել, որ իրադարձությունները տեղի են ունեցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այդպիսով, նա եւս մեկ անգամ թուրքերին անուղղակի առիթ տվեց պնդելու, որ հայերի կոտորածները ռազմական գործողությունների արդյունք էին: Միաժամանակ Ջորջ Բուշն իր ելույթում Երեւանին եւ Անկարային «խաղաղության եւ փոխըմբռնման» կոչ արեց եւ «աջակցություն հայտնեց նրանց, ովքեր ձգտում են կարգավորել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական, քաղաքական եւ մշակութային հարաբերությունները»: Իսկ սա արդեն նշանակում է, որ ԱՄՆ-ը հովանավորում է Հայաստանի շրջափակման վերացման ուղղությամբ աշխատող ուժերին: ԱՄն-ի նախագահն իր ուղերձում հիշատակեց նաեւ «Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական հարաբերությունների հաստատման»` վարչակարգի ձգտման մասին: Այս ձեւակերպումը բազմանշանակ չէր թվա, եթե Կովկասի տարածաշրջանում ազդեցության հաստատման համար ընթացող մեծ տերությունների սուր հակամարտությունը չլիներ: Մեկնաբանների կարծիքով, Հայաստանի իշխանությանը, որն ավանդաբար համարվում է Ռուսաստանի վստահելի գործընկերը, ներքաղաքական առաջնայնությունները վերանայելու ազդակ է ուղարկվել:

Պատահական չէր նաեւ այն, որ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուղերձում ԱՄՆ-ի նախագահը խոսում է Ղարաբաղի մասին: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության հիշատակումը կարելի է ընկալել որպես հայ-թուրքական հարաբերությունների եւ Ադրբեջանի հետ ունեցած խնդիրների հակամարտության միջեւ առկա կապի մասին ակնարկ: Չնայած ԱՄՆ-ի նախագահը դեռեւս խիստ հեռու է անցյալ դարասկզբի իրադարձություններին օբյեկտիվ գնահատականներ տալուց, ակնհայտ է, որ ընթացիկ տարում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման հեռանկարն առավել իրատեսական է: Ընդ որում, այդ ուղղությամբ առաջընթացը նակտելի է հենց նաեւ Ամերիկայում: Այս անգամ հայերի կոտորածները որպես ցեղասպանություն որակելու մասին` նախագահին ուղղված դիմումը ստորագրել են ներկայացուցիչների պալատի 169 անդամներ: Անցյալ տարի նրանց թիվը 167-էր, իսկ նախանցյալ տարի` 162: Նրանց միացել են 23 սենատորներ, որոնց թվում է դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Ջոն Քերրին: Այդպիսով, Վերին պալատի արդեն մեկ քառրոդը եւ ամերիկյան խորհրդարանի Ներկայացուցիչների ներքին պալատի գրեթե մեկ երրորդը երկրի ղեկավարից պահանջում է իրերն իրենց անուններով կոչել: Սա են պնդում նաեւ 35 նահանգների օրենսդիրները, որտեղ ընդունվել են համապատասխան բանաձեւեր: (Դեռեւս մեկ տարի առաջ դրանց թիվը 31-ն էր):

Ամեն ինչ տանում է նրան, որ ցեղասպանության 100-ամյակի օրը Ամերիկայում արդեն կխոսեն այն մասին, թե Թուրքիան հայ ժողովրդին ինչպես պետք է փոխհատուցի բարոյական եւ նյութական վնասները:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---