ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՈՀ Է ԷՐԴԱԳՈՆԻՑ

Թուրք վարչապետը ցանկություն է հայտնել հանդիպել հայ նախարարի հետ:

«Թուրքական իշխանության դիրքորոշման մեջ ակնհայտ փոփոխություններ կան: Անկարան ցանկություն է հայտնել նորմալացնել երկկողմ հարաբերությունները»,- Ստամբուլից վերադառնալուց հետո հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նախարարի նշած առաջընթացը նկատելի է նաեւ թուրք առաջնորդների հրապարակային ելույթներից: Չնայած Ռոբերտ Քոչարյանի դեմարշի, որ հրաժարվե էր մասնակցել Թուրքիայի տարածքում ընթացող գագաթաժողովի աշխատանքներին, Ռեջեբ Էրդագոնը գագաթաժողովի ընթացքում իրեն բավականաչափ զուսպ էր պահում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: Պաշտոնական Երեւանին հասցեագրված ազդակներն ընդունված են:
PanARMENIAN.Net - Առաջին հերթին հատկանշական է այն փաստը, որ Ռեջեբ Էրդագոնը ցանկություն է հայտնել հանդիպել Վարդան Օսկանյանի հետ, չնայած նման հանդիպում նախատեսված չէր: Հայ նախարարը բանակցություններ էր վարում իր թուրք գործընկերոջ հետ, եւ սա լիովին բավական կարող էր լինել, եթե հաշվի առնենք, որ Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չէր գտել շփվել թուրք վարչապետի հետ: Հատկանշական է մեկ այլ փաստ եւս: Գագաթաժողովն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ Էրդագոնը զերծ մնաց Երեւանի հասցեին ուղղված խիստ արտահայտություններից: Եթե սովորաբար նա Հայաստանն անվանում էր «ագրեսոր-երկիր», ապա այս անգամ Հայաստանին նա անվանեց «երկիր, որին Ադրբեջանը համարում է ագրեսոր»: Ամենայն հավանականությամբ, այս հանգամանքը դեռ երկար ժամանակ առիթ կլինի տարբեր մեկնաբանությունների համար: Սակայն փաստը մնում է փաստ. Էրդագոնը չի թաքցնում, որ ցանկանում է նորմալացնել Երեւանի հետ հարաբերությունները: Այս մասին նա հրապարակայնորեն է արտահայտվել: «Անկարան ցանկանում է մտերմանալ Հայաստանի հետ»,- հայտարարել է նա: Ճիշտ է, միաժամանակ նա նշել է, որ այդ մտերմությունը խոչընդոտող պատճառները պետք է վերացնի Հայաստանը: Էրդագոնը բավականին համարձակորեն հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս Հայաստանի հետ հարաբերություններում հնարավոր կլինի հասնել զգալի առաջընթացի:

Վարդան Օսկանյանը հաստատել է, որ թուրք վարչապետի հետ քննարկել է հայ-թուրքական սահմանի բացման հարցը, մասնավորապես Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհի շահագործման հեռանկարը: Եվ չնայած նախարարը դեռեւս չի խոսում Թուրքիայի կողմից շրջափակման վերացման կոնկրետ ժամկետների մասին, թունելի ծայրում լույսն արդեն նշմարելի է: Այս մասին վկայում են նաեւ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները: «Զերկալո» թերթը, հղում անելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրին, գրում է, որ «Անկարան Բաքվից համաձայնություն է խնդրում թուրք-հայկական սահմանի բացման համար», եւ ափսոսանքով գալիս է այն եզրակացության, որ այդ հարցում «որոշակի առաջընթաց» կա: Կարծես թե, Բաքվում արդեն հաշտվել են հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման անխուսափելիության մտքի հետ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---