ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈ՞ՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ

Պաշտոնական Բաքուն կենտրոնացված հիմնադրամ է ստեղծում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում լոբբիստական գործունեություն ծավալելու համար

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցը, որը խնդրել է անունը չհայտնել, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ օրերս հակահայկական հայտարարություններով ելույթ ունենալով` կոնգրեսական Դեն Բարթոնն իր ծառայության դիմաց Ադրբեջանի կառավարությունից քիչ գումար չի ստացել: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Ներկայացուցիչների պալատում Բարթոնը գործընկերներին կոչ արեց Խոջալուի դեպքերը գնահատեն որպես հայերի կողմից ադրբեջանցիների հանդեպ իրականացրած ցեղասպանություն: Ամերիկյան դիվանագետը տեղեկություններ ունի այն մասին, որ կոնգրեսականի ելույթից երկու շաբաթ առաջ Ադրբեջանի կառավարությունը վճարել է լոբբիստական կազմակերպությանը, որի հետ համագործակցում է Դեն Բարթոնը:
PanARMENIAN.Net - Բարթոնը երրորդ անգամ է Ինդիանի նահանգը ներկայացնում Կոնգրեսում: Ազդեցիկ հանրապետականը Ներկայացուցիչների պալատում ղեկավարում է պետական բարեփոխումների հանձնախումբը: Բիլ Քլինթոնի դեմ ուղղված Մոնիկա Լեւինսկու հետ կապված արշավի նախաձեռնողներից մեկն էր: Նա իրաքյան պատերազմի արմատական կողմնակիցներից է եւ Կոնգրեսում «բազեների» ոչ պաշտոնական առաջնորդն է: Ընդունված է նրան համարել հակառուսական կոնգրեսականներից մեկը: Բարթոնը բազմաթիվ անգամներ է հանդես եկել հայերի ցեղասպանության ճանաչման դեմ եւ ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի թուրքական համայնքի քաղաքական շրջանակների հետ: 2001թ.-ից Ներկայացուցիչների պալատի թուրք-հայկական բարեկամության խմբի համանախագահն է:

Դեն Բարթոնը սերտ կապեր ունի քաղաքական եւ տնտեսական շահերի լոբբինգով զբաղվող ամերիկյան խոշոր ընկերությունների հետ: Ներկայացուցիչների պալատում նրա ելույթի արդյունքում օրերս ադրբեջանցիները պայմանագիր կնքեցին այդ ընկերություններից մեկի հետ: Ամերիկյան դիվանագետը, որի հետ շփվել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, նշել է, որ դա այն ընկերությունն է, որի հետ նախկինում աշխատում էր ընտրություններում պարտություն կրած կոնգրեսական Լիվինգսթոնը: Նրա տեղն այժմ զբաղեցրել է Բարթոնը: Ամենայն հավանականությամբ, խոսքը կամ «Քեսսադի ընդ Ասոշիեյթս», կամ «Փաթթոն Բոգս» ընկերության մասին է: Տեղեկություններ կան այն մասին, որ պաշտոնական Բաքուն վաղուց էր փորձում հարաբերություններ հաստատել այդ ընկերությունների հետ, որոնք փողի դիմաց ի վիճակի են կոնգրեսում հնչեցնել ցանկացած բովանդակության հայտարարություն:

Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացրել է իր լոբբիստական գործունեությունը: Սա հաստատում է ԱՄՆ հանրապետական կուսակցության ընտրական շտաբի անդամ, Նյու-Յորքում տպագրվող ռուսալեզու «Նոր ռուսական խոսք» թերթի գլխավոր խմբագիր Վալերի Վայնբերգը: Իր հարցազրույցներից մեկում նա հայտարարել է. «Ադրբեջանն անցկացնում է հսկայածավալ լոբբիստական աշխատանք: Եվ դա իր արդյունքները տալիս է: Դուք պետք է հասկանաք` պետք է գումար ծախսել, սակայն այդ PR աշխատանքում ծախսած յուրաքանչյուր դոլարը վերադառնում է հազարներով: Սա ամենալավ ներդրումն է»:

Իր քաղաքական շահերի լոբբինգի համար Ադրբեջանը գումարներ է ծախսում նաեւ պետական բյուջեից, որոնք ի դեպ կարող էին ծախսվել փախստականների համար տներ կառուցելու վրա, որոնք արդեն 10 տարի է ապրում են վրաններում, մեռնում են ցրտից: Այն, որ Ադրբեջանի իշխանավորները սոցիալապես անապահովներից կտրել են գումարը եւ ծախսել են լոբբինգի վրա, կարելի է դատել նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի` մեկուկես տարի առաջ «Էխո» թերթին տված հարցազրույցից: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք բյուջեով գումար է նախատեսված Ադրբեջանի շահերը լոբբի անել արտասահմանում` Մամեդովն ասել է. «Իհարկե, որոշ ծախսեր եղել են այդ նպատակով, պարզապես վախենում եմ կոնկրետ թվեր նշելով սխալվել»: Ալիեւյան վարչակարգի բարձրաստիճան չինովնիկը համերկրացիներին կոչ է անում գիտակցել, որ միայն փողի շնորհիվ կարելի է ձեռք բերել արտասահմանյան քաղաքական գործիչների աջակցությունը: Նա հավաստում է, որ «մոտ ապագայում նման նպատակների համար պետական միջոցների ծախսումն Ադրբեջանում նորմալ կընդունվի»: «Մեզ անհրաժեշտ է ավելի շատ միջոցներ ծախսել այդ նպատակի համար, քանի որ մենք նման իրավիճակի մեջ ենք գտնվում եւ նման հարեւաններ ունենք»,- ամփոփում է Նովրուզ Մամեդովը:

Հասկանալի է, որ լոբբինգի համար ադրբեջանցիները ոչ միայն պետական բյուջեի փողերն են ծախսում: Խոսելով արտաբյուջետային աղբյուրների մասին` Մամեդովը հասկացնել է տալիս, որ առաջին հերթին նկատի ունի նավթի վաճառքից ստացվող եկամուտները: «Այստեղ Ադրբեջանի նավթային ռազմավարությունը, որը կյանքի է կոչում նախագահ Ալիեւը, հսկայական նշանակություն ունի»,- ասում է չինովնիկը: Դժվար չէ գլխի ընկնել, որ լոբբիի վրա ծախսվող գումարի զգալի մասը վերցվում է նավթային ֆոնդից, որի միջոցների բաշխումը չի վերահսկվում ոչ միայն միջազգային ֆինանսական կառույցների, այլեւ` երկրի խորհրդարանի կողմից: Այժմ Բաքվում քննարկվում է լոբբիստական գործունեության կենտրոնացված մեխանիզմների ստեղծման հարցը: «Կարծում եմ, որ շուտով այդ ռազմավարությանը կհամապատասխանի լիովին հստակ առանձնացված բյուջե»,- ասում է Նովրուզ Մամեդովը:

Այն, որ Բաքվում որոշել են ամբողջ աշխարհով գումար հավաքել արտասահմանյան քաղաքական գործիչներին կաշառելու համար, պատիվ չի բերում Ադրբեջանին: Այժմ արդեն լիովին ակնհայտ է, որ ադրբեջանցիներն այդպես չկարողացան ամերիկյան կոնգրեսականներին իրենց կողմը գրավել գաղափարներով: «Ադրբեջանական խումբը», որը ներկայացուցիչների պալատում փորձում էր «սարքել» զինվորական գործերով հանձնախմբի փոխնախագահ Կուրտ Ուելդոնը, այդպես էլ չկայացավ: Եվ այժմ ադրբեջանցիների ամբողջ հույսը միայն փողի վրա է:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---