ԿՀՎ նախագահը Բաքվի աջակցությո՞ւնն է ակնկալում Իրանի հարցում

Հարաբերություններն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս այնքան էլ լավ չեն դասավորվում: Բաքուն ավելի շատ ձգտում է դեպի Անկարան, իսկ ԱՄՆ-ն այդ ձգտումը ջանադրաբար խթանում է

Սեպտեմբերի վերջին «անակնկալ կերպով» Բաքու ժամանեց ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, գեներալ Մայքլ Հայդենը: Սովորաբար նման այցերը լայնորեն գովազդվում են կամ խիստ գաղտնի են պահվում, թույլ տալով տեղեկատվության նվազագույն արտահոսք: Այդպես էր նաեւ այս անգամ. նախապես գեներալ Հայդենի մեկօրյա այցի մասին չի հաղորդվել, ավարտին էլ քիչ բան հայտնի դարձավ: Այցը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին եւ ներառում էր հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի հետ:
PanARMENIAN.Net - Ըստ տեղեկացված աղբյուրների, ԿՀՎ տնօրենը Բաքու էր ժամանել սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան: Բաքվում Հայդենը կանգ է առել քաղաքաի կենտրոնում գտնվող մասնավոր հյուրանոցում, որտեղ ձեռնարկվել էին անվտանգության հատուկ միջոցներ, իսկ լքել է Բաքուն սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան: Հավանաբար, Հայդենը Բաքու է ժամանել, հստակեցնելու համար Ադրբեջանի վերջնական որոշումն Իրանի հարցում: ԱՄՆ-ն միանգամայն պարզ հասկացրել է համաշխարհային հանրությանը, որ Իրանի վրա հարձակումը զուտ ժամանակի հարց է: Իսկ մինչ այդ հարկավոր է ստանալ սահմանամերձ երկրների, առաջին հերթին Ադրբեջանի, աջակցությունը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները եւ քաղաքական մեկնաբանները վաղուց արդեն պնդում են, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել Ադրբեջանն որպես հարթակ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության համար: Ճիշտ է, ԱՄՆ կառավարությունը բազմիցս ժխտել է նման հնարավորությունը, ադրբեջանական իշխանությունները եւս ընդգծել են, որ իրենք շահագրգռված չեն մասնակցել Իրանի դեմ ռազմական գործողությանը` մի երկրի, որտեղ, ինչպես եւ Ադրբեջանում, բնակչության մեծ մասը շիաներ են, որոնք կապված են սերտ մշակութային եւ կրոնական կապերով:

Այդ հարցում ԱՄՆ-ն Հայաստանի վրա հույսը չի դնում եւ ճիշտ է անում: Ավելին, ԱՄՆ-ն հասկանում է, որ պատերազմի դեպքում Հայաստանը կարող է վերջնականապես դուրս մնալ ամերիկայն ազդեցության ոլորտից, ինչը նա չէր ցանկանա: Վրաստանը բավականին անվստահելի դաշնակից է, եթե հաշվի առնենք երկրի ներքաղաքական կյանքի վերջին իրադարձությունները: Վրաստանի համար ԱՄՆ-ն գլխավոր «կռվանն է» Ռուսաստանի դեմ պայքարում: Մնում է Ադրբեջանը, որին հարկավոր է ամեն գնով պոկել Ռուսաստանից եւ դարձնել իր «հենակետը» իսլամական աշխարհում: Դեռեւս Ամերիկան միայն երկու քիչ թե շատ հուսալի դաշնակից ունի իսլամական աշխարհում` դա Թուրքիան է եւ Սաուդյան Արաբիան: Սակայն Թուրքիան Հայոց ցեղասպանության պատճառով կարող է երես դարձնել նրանից: Մնում է Ադրբեջանը, որին պետք է սիրաշահել, եւ այդ իմաստով ԿՀՎ տնօրենի այցը լավ քաղցրաբլիթ է: Իսկ մտրակը միշտ կա` դա Լեռնային Ղարաբաղն է:

Այս ամենի հետ մեկտեղ, Հայդենի այցը շատ ժամանակին էր: Հարաբերություններն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս այնքան էլ լավ չեն դասավորվում: Բաքուն ավելի շատ ձգտում է դեպի Անկարան, իսկ ԱՄՆ-ն այդ ձգտումը ջանադրաբար խթանում է: Դա ավելի, քան տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանցիների 80-85 տոկոսը շիաներ են, ինչպես Իրանում, ոչ թե սունիներ: Չնայած, դավանանքի հարցն այս դեպքում երկրորդական է: Շատ ավելի մեծ նշանակություն ունեն Բաքվի տարածքային նկրտումները բոլոր հարեւանների հանդեպ, բացառությամբ Թուրքիայի:

Իրանի միլի մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության գծով հանձնաժողովի նախագահ Ալադին Բորուջերդին դժգոհություն է հայտնել Ադրբեջանում հրատարակված նոր աշխարհագրական քարտեզի առնչությամբ, եւ հայտարարել է, որ Իրանի եւ մերձակա որոշ երկրների տարածքների նշումը որպես Ադրբեջանի տարածքներ` տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի վարած քաղաքականության արդյունք է:

Բորուջերդին հավելել է նաեւ, որ Իրանը հարգանքով է վերաբերվում հարեւան երկրների տարածքային ամբողջականությանը, հաղորդում է Իրանի ISNA գործակալությունը: «Եթե տարածքային հավակնությունների հարց արծարծվի, ապա առաջին հերթին պետք է վերադարձվեն Իրանից օտարված տարածքները»,-հայտարարել է Բորուջերդին: ISNA գործակալությունը պնդում է, որ Ադրբեջանի ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից հրատարակված նոր ատլասում Իրանի եւ մի քանի մերձակա երկրների տարածքներ նշված են որպես Ադրբեջանի տարածքներ:


Սակայն հողերը, մշակույթը եւ նույնիսկ ծագումը յուրացնելու փաստն ինքնին լուրջ մարդկանց ուշադրությունը չի գրավում: Ուղղակի հետաքրքիր է, թե որքան կարող է Ադրբեջանը անել այն, ինչ խելքին կփչի, հույսը դնելով ԱՄՆ-ի աջակցության վրա: Եվ որքան ԱՄՆ-ն կհովանավորի Կովկասի «ամենադեմոկրատական նախագահին»: Անշուշտ, Սահակշվիլուց հետո:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---