Անկարայի սահմանամերձ գործողությունը մատնված է տապալման, գտնում են Քրդստանում

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի բանակցություններին օգնել է Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկության տապալումը

ԱՄՆ-ի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի բանակցությունները կանխատեսելի ավարտ ունեցան. Բուշը փաստորեն գործողությունների ազատություն է տվել թուրքական ներխուժմանը Հյուսիսային Իրաք` դա անվանելով սահմանամերձ հակաահաբեկչական գործողություն: Ջորջ Բուշի հետ բանակցություններից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական գործողություն անցկացնելու որոշում է կայացրել, այլ ոչ թե գտնվում է պատերազմի շեմին:
PanARMENIAN.Net - «Ես հատուկ ընդգծում եմ. այն, ինչ մենք պատրաստվում ենք իրականացնել, գործողություն է: Դրա բնույթը լավ հայտնի է մասնագետներին եւ գլխավոր շտաբի ներկայացուցիչներին»,- ասել է նա` հավելելով, որ «հնարավոր չէ», որ այդ քայլը դառնա «փորձանքների առիթ» Թուրքիայի հարավ-արեւելքում եւ երկրում ընդհանրապես:

Բացի այդ, Էրդողանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիան «օգտագործում է բոլոր իրավունքները, որոնք նրան երաշխավորել է միջազգային օրենքը Հյուսիսային Իրաքում գործող անջատողական կազմակերպությունների դեմ, որոնք սպառնում է երկրի տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը»: «Եթե ռազմական գործողություն անցկացվի, ապա այն բացառապես ուղղված է լինելու Քրդական աշխատավորական կուսակցության դեմ եւ չի վնասի քաղաքացիական բնակչությանը»,- հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքերով, Անկարան «շատ կարեւոր է համարում հետախուզական տվյալների տրամադրումը» ԱՄՆ-ի կողմից եւ նշել է, որ «Թուրքիան իր դաշնակիցների հետ արդյունավետ համագործակցություն է սպասում PKK-ի դեմ պայքարում», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Սակայն Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը այդքան կտրուկ չէ եւ հայտարարեց, որ «Թուրքիան դեռ հստակորեն չի կողմնորոշվել քրդական ահաբեկիչների դեմ քայլերի հարցում, սակայն միանշանակ է, որ PKK-ն սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի եւ Հյուսիսային Իրաքի համար»: Գյուլը նաեւ նշել է, որ Էրդողանի այցելության գլխավոր հաջողությունը նրանում էր, որ նա ստացել է ԱՄՆ-ի աջակցությունը հակաահաբեկչական գործողության անցկացման մեջ: «Իրաքի կայունացումը չի սահմանափակվում հանգիստ իրադրությամբ Բաղդադում եւ այլ շրջաններում: Ահաբեկիչները երկրի հյուսիսում նաեւ սպառնում են Իրաքի կայունությանը»,- Associated Press-ը մեջբերում է թուրք նախագահի խոսքերը:

ԱՊՀ-ում Իրաքի Քրդստանի պաշտոնական ներկայացուցիչ Բաբակր Խոշավիի կարծիքով, եթե Անկարան ամեն դեպքում սահմանամերձ գործողություն սկսի, ապա այն տապալման է մատնված: «Շատ տարիներ այդ լեռնային շրջանները ոչ մեկ չէր վերահսկում, եւ նա, ով տեղյակ է պարտիզանական պատերազմից, գիտի, թե որքան բարդ է նման պայմաններում ռազմական գործողություններ վարել: Թուրքիան բազմաթիվ անգամներ փորձել է մտնել այնտեղ, սակայն այդ գործողությունները հաջող ավարտ չեն ունեցել: Այդ պատճառով մենք կոչ ենք անում Թուրքիային, որպեսզի այդ հարցերը խաղաղ ճանապարհով կարգավորվեն, եւ չհանգեցնեն ողջ տարածաշրջանի ապակայունացմանը»,- ասել է Քրդստանի ներկայացուցիչը Մոսկվայում:

Եթե Թոււրքիան իրոք պատերազմ սկսի Իրաքի դեմ, իսկ ամեն ինչ դրան է տանում, ապա նրա առաջին նպատակը քուրդ գրոհայինների ոչնչացումը չէ, ինչը նվազագույն ծրագիրն է: Անկարան ցանկանում է հաստատվել տարածաշրջանային գերտերության կարգավիճակում եւ առաջին ջութակի դեր կատարել Մեծ Մերձավոր Արեւելք ծրագրում: Թուրքիան ավելի եւ ավելի է փորձում ընդհանուր լեզու գտնել արաբական աշխարհի հետ, որը Անկարայի եւ Թել-Ավիվի բարեկամության պատճառով այնքան էլ բարիդրացիական չէ Թուրքիայի նկատմամբ: Կատարվող ամեն ինչ լրիվ համապատասխանում է Թուրքիայի «նոր» արտաքին քաղաքականությանը, որը դեռ հետեւում է ԱՄՆ-ին, սակայն փորձում է դաշնակիցներ գտնել մոտակայքում. օրինակ, Ռուսաստանում:

Փորձագետների կարծիքով, Քրդստան անկախ պետությունն արդեն գոյություն ունի, մնում է այն իրավականորեն ճանաչել:«Քրդական պետության գոյությունը կդառնա ներկա Թուրքիայի Հանրապետության վերջը: ԱՄՆ-ի ջանքերը միեւնույն է ոչնչի չեն հանգեցնի, եւ Թուրքիան պատերազմ կսկսի Հյուսիսային Իրաքում: Դրա արդյունք կդառնա Իրաքի դաշնայնացումը: Սակայն միայն դա չի դառնա Թուրքիայի վերջը: Թուրքիային կպայթեցնի ազգային եւ կրոնական հարցը, քանի որ քրդերին կհետեւեն այլ էթնիկ համայնքների ներկայացուցիչները, որոնք ապրում են Անկարայի լծի տակ»,- գտնում է հայ պատմաբան Հայկազուն Ալվրցյանը:

Արժէ ընդգծել, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի բանակցություններին օգնել է Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկության տապալումը: Ճիշտ է, թուրքերը չափազանց «վիրավորված են», որպեսզի բավարարվեն օգնության մասին խոստումներով: «Միացյալ Նահանգների համար շատ բարդ կլինի կարգավորել իրադրությունը, եթե նրանք ինչ-որ բան չառաջարկեն PKK-ի սանձման համար: Թուրք-ամերիկյան հարաբերությունները, որոնք վերջին տարիներին ծանր են, ժամանակավորապես կայունացել են, սակայն առաջվա պես այլեւս չի լինի: Շատ երկրներ են 1915 թվականի իրադարձությունների հարցով օրինագծեր ընդունել, սակայն առաջին անգամ է, երբ երկիրը հասարակայնորեն որոշում է կայացնում` հրաժարվել հետագա քայլերից»,- ասել է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հյու Պոուպը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---