Ադրբեջանն ու Վրաստանը Սերբիայից շատ են վախենում Կոսովոյի անկախությունից

Միջազգային հանրությունը մի շարք էական դիրքեր ունի, որոնք կխանգարեն Բաքվին «ազատագրել իր հողերը»

Կոսովոյում խորհրդարանական ընտրություններին հաղթած Դեմոկրատական կուսակցության ղեկավար Խաշիմ Տաչին հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ից հետո տարածաշրջանի իշխանությունները անկախություն կհռչակեն: Տաչիի հայտարարությունները լրիվ կանխատեսելի ռեակցիա առաջացրեցին ԵՄ-ի մոտ` որպես Կոսովոյի կարգավիճակի որոշման հարցով միջազգային «եռյակի» անդամ, որը փոխարինեց ՄԱԿ-ին Ախտիսաարիի ծրագրի տապալումից հետո: Ճիշտ է, ներկա դրությամբ ՄԱԿ-ը չափազանց շատ է կենտրոնացած Մերձավոր Արեւելքի վրա, որպեսզի իրոք հետաքրքրվի Բալկաններով եւ այդ պատճառով ցանկանում է հնարավորինս արագ կարգավորել այդ հարցը:
PanARMENIAN.Net - ԵՄ անդամ-երկրների արտգործնախարարները կոչ են անում Կոսովոյի ալբանացիներին ձեռնպահ մնալ անկախության միակողմանի հռչակումից այն դեպքում, երբ Վաշինգթոնը խոստանում է ճանաչել շրջանի անկախությունը արդեն հունվարին: Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է. նա դեմ է Սերբիայից Կոսովոյի անջատմանը եւ կոսովցիներին առաջարկում է «ընդարձակ ինքնավարություն»: Փաստորեն, աշխարհը հայտնվել է դիվանգիտական փակուղում, որը հղի է լարվածությամբ Բալկաններում: Ճիշտ է, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ավելի լավատեսորեն է տրամադրված: «Ես հուսով եմ, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի դառնա ապակայունացնող գործոն Բալկաններում»,- հայտարարել է նա, նշելով, որ ԵՄ-ն այդ հարցում ելնում է այն հանգամանքից, որ Կոսովոյի խնդիրը յուրահատուկ դեպք է: «Յուրաքանչյուր հակամարտություն իր պատմությունն ունի, իր առանձնահատկությունը եւ պետք է համապատասխան որոշում գտնել ամեն մեկի համար առանձին` պահպանելով միջազգային իրավունքի նորմերը: Կոսովոյի խնդրի կարգավորումը չպետք է ազդեցություն ունենա այլ հակամարտությունների կարգավորման վրա, սակայն, երեւի թե, անխուսափելի է, որ Կոսովոն հույսեր կամ վախեր է առաջացնելու մյուս չկարգավորված խնդիրների համար: Այնուամենայնիվ, ԵՄ-ն հանդես է գալիս հօգուտ ցանկացած հակամարտության կարգավորման` բացառապես միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ընդգծել է ֆին դիվանագետը: Իր հերթին, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտարարել է լրագրողներին, որ Խաշիմ Տաչին պետք է հասկանա տարբերությունը ընդդիմադիր քաղաքական գործչի հայտարարությունների եւ վարչապետի պաշտոնում պատասխանատու գործողությունների միջեւ:

Կարլ Բիլդտը մի քանի տարի առաջ եղել է ակտիվ միջնորդ Կոսովոյի շրջանի կարգավիճակի հարցով բանակցություններին, որը նա անվանել է «Եվրոպայում ամենանուրբ եւ զգայուն տարածաշրջանը, որտեղ չի կարելի կտրուկ շարժումներ անել»: ԵՄ եւ Կոսովոյում ՄԱԿ-ի վարչակազմի ներկայացուցիչները ասում են, որ Տաչին հաստատ կհետաձգի անկախության հռչակումը ավելի ուշ ժամանակաշրջանի, որպեսզի հասնի մաքսիմալ աջակցության արտասահմանում: «Տաչին բավական շահավետ դիրք կգրավի, սակայն նա ոչինչ չի անի, քանի դեռ Վաշինգթոնը եւ ԵՄ գլխավոր պետությունները նրան «կանաչ լույս» չտան: Նա ուշադրությամբ լսում է ամերիկացիների ցուցումներին: Իսկ նրանք ընտրում են հունվարի կեսերը»,- բրիտանական The Guardian-ը մեջբերում է ՄԱԿ-ի ինչ-որ աշխատակցի խոսքերը, ով աշխատում է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում:

Իդեպ, ՆԱՏՕ-ի հրամանատարությունը եւ ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում գործողությունների ծրագրեր են նախապատրաստել արտակարգ դրությունների դեպքում` հաշվի առնելով իրադարձությունների զարգացման մի շարք տխուր սցենարներ, այդ թվում միջէթնիկական բռնությունն ու ջարդերը, երկու կողմերի ընդհատակյա ռազմական խմբավորումների հարձակումները, Կոսովոյի հիմնական տարածքից սերբերի դուրս հանումը, գաղթականների ճգնաժամային դրությունը եւ Սերբիայի կողմից Կոսովոյի հյուսիսային հատվածի գրավումը, ինչը կբերի շրջանի բաժանմանը: Այն փաստը, որ Հարավսլավիայի ավերակների վրա յոթերորդ պետության գոյացումը կատարվում է միջազգային հանրության համաձայնությամբ, կարող է որոշիչ նշանակություն ունենալ հարեւան երկրներում: Հատկապես դա վերաբերում է Բոսնիային, որտեղ պահպանում է Դեյթոնում մտածված եռամաս պետության չաշխատող մոդելը, ուժեղանում է քաղաքական անկայունությունը, իսկ Բոսնիայի սերբերը լարված սպասում են Կոսովոյի ճգնաժամի հանգուցալուծմանը:

Բազում հայտարարությունները «Կոսովոյի նախադեպի» մասին, որը կարող է օգտագործվել հակամարտությունների կարգավորման համար հետխորհրդային տարածքում, մասնավորապես, Ղարաբաղի հակամարտության հարցում, լավ ուսումնասիրման դեպքում չեն դիմանում քննադատությանը: Ամենակարեւորը. ԼՂՀ անկախությունը գրավել են, այն չի տարմադրվել: Իսկ դա հակամարտությունների կարգավորման մեջ շատ կարեւոր է: Մի բան է` ազատություն ստանալ օտարի ձեռքից եւ ողջ կյանքը պարտական լինել նրան, եւ այլ բան է` չլինել պարտք որեւէ մեկին: Լեռնային Ղարաբաղը ոչինչ ոչ մեկին պարտք չէ: Այդ պատճառով Ադրբեջանը, եւ Վրաստանը եւս, ավելի շատ են վախենում Կոսովոյի անկախությունից, քան, կխիզախեմ ենթադրել, ինքը` Սերբիան: Այնտեղ ամեն ինչ պարզ է. կանջատվի Կոսվոն, պատերազմ կսկվի: Ղարաբաղի դեպքում, ռազմական գործողությունների վերսկսումը կավարտվի նույնքան արագ, ինչպես եւ սկսվել է: Եւ գործը նույնիսկ բանակի մեջ չէ. Միջազգային հանրությունը մի շարք էական դիրքորոշումներ ունի, որոնք կխանգարեն Բաքվին «ազատագրել իր հողերը». Մերձավոր Արեւելքը` Քրդստանի անկախության ուրվականը եւ, ինչը ամենակարեւորն է` Բաքու-Թբիլիսի-Ջայհան նավթամուղը, Բաքու-Էրզրում գազատարը եւ Թուրքիայից Հունաստան եւ ապա դեպի Եվրոպա նոր գազատարի անցկացումը: Նման պայմաններում, տարածաշրջանում նոր պատերազմի սկիզբը աշխարհի կեսը կդնի անկումի եզրին, ինչը, հասկանալի է, ոչ ոք չի ցանկանում... Պիտեր Սեմնեբիի խոսքերով, Ադրբեջանը շատ արագ է զարգանում եւ իրեն հզոր է զգում, սակայն դա չի նշանակում, որ նա կարող է կարգավորել հակամարտությունը ռազմական ճանապարհով կամ տնտեսական ճնշմամբ: Ադրբեջանի այդ հույսերը չափազանցված են:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---