Քնեսեթի պատմական որոշում թե՞ պատմական սխալ

Հայոց ցեղասպանության դեմ պայքարում իսրայելցի գիտնականները բավականին անշնորհակալ դեր են ստանձնել. նրանք համարում են Հոլոքոսթը եզակի երեւույթ, որն անհամեմատելի է մարդկության պատմության մեջ եղած եւ ոչ մի ցեղասպանության հետ

Մարտի 26-ի երեկոյան Իսրայելում տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին հայերն արդեն հույս չունեին լսել` Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներին հաջողվեց գրանցել առաջին հաջողությունը: Ինչպես գրում է «Haaretz» թերթը, արտգործնախարար Ցիպի Լիվնիի փոխարեն («Քադիմա») կառավարության դիրքորոշումը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Շալոմ Սիմխոնը («Ավոդա»): Նա շարադրեց առարկությունները այդ հարցը ընդլայնված նիստում քննարկելու վերաբերյալ, սակայն անսպասելիորեն համաձայնվեց պատգամավոր Զեեվ Էլկինի («Քադիմա») նախաձեռնության հետ, որը իսրայելա-հայկական բարեկամության խորհրդարանական ասոցիացիայի նախագահն է եւ առաջարկել էր փոխանցել Հայոց ցեղասպանության մասին հարցը:
PanARMENIAN.Net - Արդյունքում պատգամավորները միաձայն քվեարկեցին խորհրդարանական կրթության հանձնաժողովի նիստում այդ թեմայի քննարկման օգտին: Ճշտ է, պատգամավոր Իոսիֆ Շագալը («Մեր տունը Իսրայելն է»), իսրայելա-ադրբեջանական բարեկամության խորհրդարանական ասոցիացիայի նախագահը մտավախություն հայտնեց, որ այդ հարցի քննարկումը «բացասաբար կանդրադառնա Թուրքիայի հետ Իսրայելի, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները: Սակայն, Զեեվ Էլկինը պնդեց իր տեսակետը, հայտարարելով. «Ասյօրվա որոշումը կարող է համարվել պատմական, քանի որ Քնեսեթն առաջին անգամ օրակարգում ընդգրկեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ֆրանսիայի խորհրդարանն ու ամերիկյան Կոնգրեսը, ինչպես նաեւ բազում այլ երկրների օրենսդիր ժողովներ ճանաչել են հայ ժողովրդի ցեղասպանությունը, եւ եկել է ժամանակը, որ Իսրայելի Քնեսեթը գոնե սկսի քննարկել այդ թեման»:

Այդ առումով տեղին է հիշեցնել, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմությունը սկսվել է դեռեւս երկրի առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնի ժամանակ: 50-ականների սկզբին առաջին արաբա-իսրայելյան պատերազմից հետո հայտնվելով մեկուսացման մեջ Մերձավոր Արեւելքում, Իսրայելը չափազանց շահագրգռված էր այդ տարածաշրջանում դաշնակից գտնելու հարցում: Ընտրությունը սահմանափակ էր` մահմեդական երկրներից Իսրայելի անկախությունը 1919 թվականին ճանաչեց միայն Թուրքիան: Երկու երկրների հարաբերություններում բավականին մեծ դեր է կատարում ռազմա-տեխնիկական համագործակցությունն ու ջրային խնդիրը: Իսրայելում ջրի պաշարները շատ քիչ են եւ եթե Թուրքիան փակի ելքը դեպի Եփրատ, Իսրայելն ուղղակի կցամաքի:

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ մղվող պայքարում իսրայելցի գիտնականները բավականին անշնորհակալ դեր են ստանձնել. նրանք համարում են Հոլոքոսթը եզակի երեւույթ, որն անհամեմատելի է մարդկության պատմության մեջ եղած եւ ոչ մի ցեղասպանության հետ: Այդ նույն տեսակետը կիսում է նաեւ պաշտոնական Թել Ավիվը: Բոլորից լավ եւ սկզբունքներից զերծ դա արտահայտեց այն ժամանակվա արտգործնախարար Շիմոն Պերեսը 2001թ. ապրիլին` Թուրքիա այցելելուց առաջ: Նա հայտարարեց թե «անիմաստ է պնդել, թե հայերը, հրեաների պես, ցեղասպանության են ենթարկվել: Ցեղասպանության հարցում հայերի նույնացումը հրեաների հետ անթույլատրելի է»: Ըստ էության, նույնը հայտարարեց նաեւ Վրաստանում եւ Հայաստանում Իսրայելի այն ժամանակվա դեսպան Ռիվկա Կոենը. «Հոլոքոսթն աննախադեպ երեւույթ է, եւ ոչինչ, այդ թվում նաեւ հայերի ողբերգությունը չի կարելի համեմատել հրեաների ցեղասպանության հետ»: Այն ժամանակ Կոենի խոսքերը գրեթե դիվանագիտական սկանդալի պատճառ հանդիսացան Հայաստանի եւ Իսրայելի միջեւ:

Թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները դժվար չէ կանխագուշակել. Թուրքիան դրա համար փորձարկված մեխանիզմներ ունի: Երբեմն դրանք գործում են, ինչպես ԱՄՆ-ի դեպքում: Երբեմն` ոչ, ինչպես դա եղավ Եվրոպայում: Սակայն նրանում, որ Իսրայելը կոշտ ճնշման կենթարկվի Անկարայի կողմից, կասկած չկա:

Մինչդեռ, ըստ Իսրայելի Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիր, հոգեբանության պրոֆեսոր Իսրայել Չարնիի, Իսրայելի ժողովուրդն ու հասարակությունը ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: «Մեր պետության մեջ երեք մարդ է բացահայտ խոսում Հայոց ցեղասպանության մասին` պրոֆեսոր Յաիր Աուրոնը, Յոսսի Սարիդն ու ես: Մյուսները լռում են ելնելով քաղաքական նկատառումներից: Իսրայելը գտնվում է իսլամական շրջապատում եւ, ամենակարեւորը, կախված է Թուրքիայից ջրամատակարարման հարցում: Ելնելով դրանից, կառավարությունը լռում է 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ: Ճիշտ է, 2006 թվականին Երեւանում էր Իսրայելի գլխավոր ռավվի Յոնա Մեցգերը, որն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ փաստորեն ցեղասպանություն ճանաչեց 1915 թվականի ողբերգությունը: Ես դա հիանալի նախադեպ եմ համարում: Իսրայելի գլխավոր ռավվին մեծ կշիռ ունի, սակայն նա նույնպես չի ներկայացնում կառավարությունը»,-ընդգծել է պրոֆեսոր Չարնին: Իսրայելցի գիտնականն ընդգծել է, որ կատարված հանցագործության դեպքում կարեւոր չէ թե երբ եւ ում հանդեպ է այն կատարվել: «Ցեղասպանությունը մնում է ցեղասպանություն, լինի դա 1915 թվականը, Հոլոքոսթը, գնչուների ոչնչացումը հիտլերյան Գերմանիայում, Դարֆուրը, թե Ռուանդան: Ես միշտ ինձ հարց եմ տալիս` ինչո՞ւ են մարդիկ ճանաչում Հոլոքոսթը եւ լռում են Հայոց ցեղասպանության մասին»,-ասել է նա:

Նախօրեին Սան Ֆրանցիսկոյի հրեական կազմակերպությունների խորհուրդը (JCRC) հանդես եկավ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: JCRC-ին հաստատում է 1989թ. քաղաքական հայտարարությունը, որտեղ Խորհուրդն իր աջակցությունն էր հայտնել այն ժամանակ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին ընդունմանը: Ըստ Սենատի 212 բանաձեւի, ապրիլի 24-ը հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---