Թուրքիան տարօրինակ պահանջներ է ներկայացնում Հայաստանին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը, ապա նման հնարավորությունը կասկածելի է թվում, եթե միայն Երեւանը չհրաժարվի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից, ինչը չարժե ակնկալել տեսանելի ապագայում

Թուրքիան բարդ իրավիճակում հայտնվեց` մի կողմից նա հոգնել է եւս 10-15 տարի սպասել ԵՄ-ին անդամակցելուն, մյուս կողմից կտրուկ հրաժարվել դրանից եւս ցանկալի չէ: Թուրքիային ԵՄ-ի կողմից առաջադրվող պահանջները, ի վերջո, ոչ թե պաշտոնյաների քմահաճույքն է, այլ անհրաժեշտություն: Ինչպես արդեն բազմիցս ասվել է, Թուրքիան պետք է գործով, ոչ թե զուտ խոսքերով, ապացուցի, որ գնում է ժողովրդավարական եվրոպական զարգացման ճանապարհով:
PanARMENIAN.Net - ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենի խոսքերով, այժմ Թուրքիան ամենակրիտիկական շրջանն է ապրում բանակցային գործընթացում, «սակայն եթե նա շարունակի ակտիվորեն կյանքի կոչել եվրաբարեփոխումները, ապա տասնամյակներ անց կարող է անդամակցել Եվրամիությանը»: Ի դեպ, այդ 10-15 տարին կարող են դեռեւս երկար հոլովվել, քանի որ այդպես էր նաեւ մինչ բանակցությունները: «Մենք ակնկալում ենք խոսքի ազատություն յուրաքանչյուրի համար, կանանց եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն: Դրա համար անհրաժեշտ է ակտիվ ջանքեր գործադրել: Պետք չէ հուսալ, որ այդ եւ այլ խնդիրները իրենք կլուծվեն»,-հայտարարել է Ռենը:

Բավարիայի Քրիստոնյա-սոցիալական միության փոխնախագահ եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Ինգո Ֆրիդրիխն արտահայտվել է երրորդ ուղու օգտին այն երկրների համար, որոնք Եվրամիության անդամներ են: Միջերկրածովյան միության նմանությամբ ստեղծվել է նաեւ արեւելաեվրոպական միություն: Նրա խոսքերով, նման միության կարող էին անդամակցել Ուկրաինան, Մոլդովան եւ Հարավային Կովկասի երկրները: «ԵՄ-ն այս պահի դրությամբ սպառել է իր ընդլայնման իր հնարավորությունները, սակայն անազնիվ կլիներ առանց հեռանակրի թողնել եվրոպական երկրներին»,-գտնում է Ֆրիդրիխը, հաղորդում է Deutsche Welle-ն: Միջերկրածովյան միություն ստեղծելու մտադրության մասին հայտարարվել է մարտին: Նրա կազմի մեջ կմտնեն, բացի ԵՄ-ի երկրներից, նաեւ միջերկրածովյան տարածաշրջանի մի շարք երկրներ, որոնց թվում են Թուրքիան, Լիբիան, Լիբանանը եւ Իսրայելը: Նախատեսվում է կանոնավոր համաժողովներ անցկացնել էներգետիկայի, միգրացիայի, ահաբեկչության եւ առեւտրի թեմաներով: Պաշտոնապես այդ միության ստեղծման մասին կհայտարարվի հուլիսին: Նրա ստեղծման նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին է: Բնականաբար, Թուրքիային, ինչպես նաեւ ԵՄ-ին անդամակցելու մյուս թեկնածուներին, կառաջարկեն հենց այդ միությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը, ապա նման հնարավորությունը կասկածելի է թվում, եթե միայն Երեւանը չհրաժարվի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից, ինչը չարժե ակնկալել տեսանելի ապագայում: «Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ երկխոսության հարցում դեռեւս հստակ չէ, չնայած Անկարայի կոչերին նոր դարաշրջան բացել երկու հարեւան երկրների միջեւ հարաբերություններում, որոնք այժմ դիվանագիտական հարաբերություններ չունեն»,-գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը» «Հայաստանն անտարբեր է երկխոսության մասին Թուրքիայի կոչերի հանդեպ» հոդվածում: Հոդվածի հեղինակը նշում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը շնորհավորել է Հայաստանի ԱԳ նոր նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Թուրքիան բաց է երկխոսության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Կասկած չկա, որ երկու երկրների հարաբերություններում կան խնդիրներ, սակայն լուծումը հնարավոր է երկխոսության միջոցով: Մեր դռները բաց են երկխոսության համար»,-ասել է Բաբաջանը Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկի հետ համատեղ մամլո ասուլիսում: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ավելի վաղ ասել էր. «Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ցեղասպանությունը մեր ընդհանուր պատմության սեւ էջն է, եւ մենք պետք է համատեղ թերթենք այդ էջը եւ կառուցենք մեր կայուն ապագան: Ցանկանում եմ մեկ անգամ եւս Հայաստանի պատրաստակամությունը հայտնել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ»:

«Թըրքիշ դեյլի նյուսը» նաեւ մեջբերում է մի հայ դիվանագետի կարծիքը, որը ցանկացել է անհայտ մնալ, այն մասին, որ երկխոսության կոչը պետք է գործով լինի, ոչ թե խոսքով: «Մենք գործ ենք ակնկալում»,-ասել է հայ դիվանագետը` հավելելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում հարաբերություններ հաստատելու իր դիրքորոշմանը եւ առանց նախապայմանի հայ-թուրքական սահմանը բացելուն: «Սա առանցքային տարրերից միայն մեկն է: Դա նոնսենս է, երբ ԵՄ-ի անդամակցության թեկնածու երկիրը փակ է պահում սահմանը հարեւանի հետ»,-ասել է նա:

Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես նշել է, որ Անկարայի կողմից Ցեղասպանոսւթյան փաստի ճանաչումը չափազանց կարեւոր է Երեւանի համար, սակայն այդ ճանաչման բացակայությունը չպետք է խոչընդոտի երկու պետությունների հարաբերություններին: «Մենք միշտ ասել ենք եւ շարունակում ենք հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Այդ Թուրքիան է տարօրինակ պահանջներ ներկայացնում Հայաստանին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար»,-հայտարարել է նա:

Մինչդեռ, ապրիլի 21-ին Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն լսեց Թուրքիայում «առաջընթացի» մասին ավանդական զեկույցը: Կոմիտեի անդամները քննարկել են հոլանդացի պատգամավոր Ռիա Օօմեն-Ռյույտենի բանաձեւի նախագիծը, ինչպես նաեւ 262 ուղղումները: Ներկայիս փաստաթուղթն այդքան լակոնիկ չէ, ինչպես անցյալ տարվանը, որն իբր բարի կամքի դրսեւորում էր Թուրքիայի նոր կառավարության հանդեպ, սակայն այնուամենայնիվ այն հեռու էր եվրոպացիների ակնկալիքներից, քանի որ բավականին մակերեսորեն է հիշատակում Թուրքիայի լուրջ խախտումները: Այդպես, «միջազգային հարաբերություններ» բաժնում բանաձեւի նախագիծը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը հանել տնտեսական շրջափակումը եւ բացել սահմանը Հայաստանի հետ, սակայն ձեռնպահ է մնում Թուրքիային դատապարտելուց: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ապա փաստաթղթի հեղինակը խուսափում է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» տերմինը եւ սահմանափակվում է «Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին ուղղված կոչերով` սկսել անցյալի եւ ներկայի հարցերի համաձայնեցման գործընթացը եւ բաց բանավեճ վարել պատմական իրադարձությունների շուրջ»: «Այդ ձեւակերպումը միանշանակորեն թելադրված է Անկարայի կողմից: Ցեղասպանության հիշատակումից հրաժարվելը նշանակում է Ցեղասպանության ժխտում»,-հայտարարել է Եվրոպայի Հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: EAFJD-ն հիշեցնում է, որ Եվրախորհրդարանի դիրքորոշումը, հաստատված 1987 եւ 2005 թթ., ենթադրում է Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Մինչդեռ, Անկարան երբեք առաջընթաց չի գրանցել այդ հարցում, եւ ցանկացած թողտվություն Թուրքիայի կողմից մեկնաբանվում է որպես կանաչ լույս ուրացման քաղաքականությունը շարունակելու համար ոչ միայն բուն Թուրքիայում, այլ նաեւ Եվրոպայում: 262 ուղղումներից 6-ն ուղղակի կապ ունի Հայկական հարցի հետ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության հարցի հետ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---