Ռուսաստանը, ելնելով հավերժ շահերից, զոհում է «ռազմավարական» դաշնակցին

ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցելության ժամանակ եւս մեկ անգամ հաստատվեց հին ճշմարտությունը, որ քաղաքականությունում չկան հավերժ բարեկամներ ու դաշնակիցներ, կան հավերժ շահեր: Իսկ Ռուսաստանի շահերը միշտ էլ ուղղված են եղել դեպի Արեւելք

Եթե դատենք Ռուսաստանի եւ Թուրքիայի ԶԼՄ-ների հաղորդագրություններից, ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցելությունը Անկարա անցել է «եղբայրական» այցերի լավագույն ավանդույթներով, որոնք հայտնի են դեռեւս ԽՍՀՄ ժամանակներից: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ եղել է, քանի որ ռուս-թուրքական հարաբերությունները վերջին ժամանակներում վերընթաց զարգացում են ունենում: Դրանում կարեւոր դերակատարություն ունի նաեւ Եվրամիության դիրքորոշումը, որը համառորեն մերժում է Անկարային անդամակցության հարցում եւ շարունակվում է դա արդեն որեորդ տասնամյակը:
PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական կապերը պայմանավորված են նաեւ գազատարերի կառուցման հեռանկարներով, որոնք Թուրքիայով գնալու են Եվրոպա: Չնայած ենթադրվող շահույթին Nabucco-ից, որը գովազդվում է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից, «Երկնագույն հոսք» եւ North Stream նախագծերը եւս կարող են գրավել Թուրքիային. ինչու մեկ գազատարի փոխարեն չունենալ երկուսը կամ ավելին: ՆԱՏՕ-ի անդամ եւ ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիային իր կողմը գրավելը Մոսկվան համարում է իր գերակա խնդիրներից մեկը: Եւ եթե դա նրան հաջողվի, ապա արդեն կարելի է խոսել տարածաշրջանում աշխարհաքաղաքական դրության փոփոխությունից: «Ռուսաստանը կողմ է Իսրայելի եւ Սիրիայի միջեւ կամուրջներ կառուցելուն: Կողմ է նաեւ Թուրքիայի միջնորդությանը: Մենք գտնում ենք, որ դա փաստորեն այն սկզբունքի արտահայտությունն է, որի մասին մենք այսօր խոսում էինք, երկխոսություններում հակամարտության բոլոր կողմերի ներգրավելու անհրաժեշտության մասին, այլ ոչ թե փորձել մեկուսացնել որեւ մեկին»,- հայտարարել է Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Նախարարների հանդիպմանը նաեւ քննարկվել է Ղարաբաիղ հարցը: Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը «եզակի երեւույթ» որակեց այն փաստը, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Անկարա այցի առիթով «նման զգալի շեշտով բարձրաձայնվում է, որ ռուս - թուրքական բանակցությունների ընթացքում օրակարգի վրա պիտի գա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը եւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների բնականոնացման գործընթացի հեռանկարները»:

«Բնականաբար, այստեղ մի կարեւոր մանրամասնություն էլ կա` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որ վերջերս Մոսկվա պաշտոնական այց կատարեց, հայ - թուրքական հարաբերությունների տեսակետից իսկապես շատ ուշագրավ, այսպես կոչված` օրակարգ որոշող հայտարարություններով հանդես եկավ, այդ «Հայոց ցեղասպանության փաստերն ուսումնասիրող պատմաբանների» հանձնաժողովի նկատմամբ իր դրական վերաբերմունքը արտահայտեց: Սերժ Սարգսյանի կողմից այդ հայտարարությունն էլ Մոսկվայում կատարված լինելով` Լավրովի Անկարա այցելության շեմին, կարեւոր նշանակություն ունեցավ», - կարծում է Արա Գոչունյանը: Նման հայտարարությունների լույս ներքո բնական հնչեց ադրբեջանական կողմի առաջարկությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների շարքում ընդգրկել նաեւ Թուրքիային: Ճիշտ է, առաջարկությունը պաշտոնական Բաքվինը չէր: Սակայն չարժէ մոռանալ, որ Ադրբեջանում որեւէ քաղաքական հայտարարություն, հատկապես Ղարաբաղի հակամարտության մասին, չի հնչում առանց հավանություն ստանալու փոխարտգործնախարար Արազ Ազիմովի կողմից, ում միջոցով ստացվում են նախագահի հրահանգները:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցելության ժամանակ եւս մեկ անգամ հաստատվեց հին ճշմարտությունը, որ քաղաքականությունում չկան հավերժ բարեկամներ ու դաշնակիցներ, կան հավերժ շահեր: Իսկ Ռուսաստանի շահերը միշտ էլ ուղղված են եղել դեպի Արեւելք, որի համար միշտ զոհողություն է արվում ժամանակավոր «ռազմավարական դաշնակիցների» տեսքով , ինչպիսին Հայաստանն է:

Մինչ դեռ, Աստանայում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանում ընդունվել է Թուրքիայի առաջարկած փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ պատմական իրադարձությունները, ինչպես, օրինակ, ցեղասպանությունը, պետք է ճանաչվեն պատմաբանների կողմից մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Այդ մասին, ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում Թուրքիայի ղեկավար Ալահաթթին Բույուկայը: «ԵԱՀԿ-ի կողմից թուրքական թեզի ընդունումը էական նվաճում է հայերի մեղադրանքների դեմ: 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ թուրքական թեզը առաջին անգամ ընդունվեց միջազգային հիմքի վրա: ԵԱՀԿ 56 անդամ պետություններից միայն Հայաստանը դեմ քվեարկեց մեր առաջարկությանը»,-հայտարարել է նա: Ալահաթթին Բույուկայի խոսքերով, ընդունված փաստաթղթում ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է անում ձեւավորել երրորդ երկրների պատմաբաններից եւ փորձագետներից կազմված համատեղ հանձնաժողով` քաղաքական եւ ռազմական արխիվների ուսումնասիրման համար, որպեսզի լույս սփռվի վիճահարույց պատմական շրջանի վրա, ինչը կնպաստի փոխըմբռնմանը ԵԱՀԿ անդամ երկրների միջեւ:

Մեկ այլ կողմից, ԵԽ-ն կոչ է արել Անկարային հարգանք ցուցաբերել իր քաղաքացիների նկատմամբ եւ Իմվրոս եւ Տենեդոս կղզիների շուրջ առաջացած իրավիճակը դարձնել թուրք-հունական համագործակցության օրինակ: Պատմական քվեարկությունը կայացել է անցյալ շաբաթ Ստրասբուրգում` Եվրախորհրդում. խոսքը նախկին հունական կղզիներ Իմվրոսի եւ Տենեդոսի մասին է, որոնք միակ կղզիներն են Էգեյան ծովում, որոնք պատկանում են Թուրքիային (թուրքական տարբերակում` Գյոկչեադա եւ Բոզջադա): Երկու կղզիների նախկին բնակիչները խոսում են 85-ամյա լռությունից հետո հաղթանակած արդարության մասին: Զեկույցի հեղինակն է Անդրեաս Գրոսսը:

Այստեղ պետք է խոսել Հայաստանի դիվանագիտական պարտության եւ Հունաստանի հաջողության մասին: Դժվար թե Թուրքիան կատարի ԵԽ որոշումը կղզիների հարցում, սակայն ինքը` բանաձեւի ընդունման փաստը, շատ բան է ասում: Հայաստանի դեպքում Անկարան ուրախությամբ կհիմնվի ԵԱՀԿ որոշման վրա եւ հարեւան պետության, ինչպես նաեւ ԵԱՀԿ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարելի է հեռավոր ապագայի հարց համարել...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ

Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---