Պարզվել է, որ ԲԹՋ նավթամուղը այնքան էլ լավ չի հսկվում

Այժմյան եւ ապագա ենթադրական պայթյունները կարող են հարվածել Nabucco նախագծին, թեեւ այն արդեն ձախողման եզրին է

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հրդեհը դեռեւս հանգցված չէ եւ կարող է տեւել եւս մի քանի օր: Թուրքական կողմի հաղորդումների համաձայն վերանորոգման աշխատանքները կշարունակվեն մինչեւ օգոստոսի 14-ը: Փաստորեն կատարվում է այն, ինչի մասին բազմիցս ասվել էր. նավթամուղը վտանգավոր գոտով է անցնում եւ հնարավոր են ահաբեկչություններ: Նավթամուղի անվտանգությունը ապահովելու մասին Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր վստահեցումները կասկածի տակ են առնված:
PanARMENIAN.Net - ԲԹՋ նավթամուղի պայթյունի պատասխանատվությունն իր վրա վերցրեց Քրդական աշխատավորական կուսակցությունը: Ներկա պահին նավթի արտահանման համար շահագործման է հանձնվել Բաքու-Սուպսա երթուղին: Ծրագրվում է ընդգրկել նաեւ երկաթուղային մատակարարումները: ԲԹՋ-ի նավթի գլխավոր մատակարարողը Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ԱՉԳ) հանքատեղին է, որտեղ օրական արտահանվում է ավելի քան 800 հազ. բարրել նավթ: Վթարը կարող է ստիպել BP Azerbaijan-ին շահագործման հանձնել Ջեյհանի բոլոր ճանապարհային այլընտրանքները` Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղերը (հզորությունը` օրական 100 հազ. բարրել), Բաքու-Սուպսա (հզորությունը` օրական 135 հազ. բարրել), Բաքու-Բաթում (տերմինալի անցումային հնարավորությունը` օրական 300 հազ. բարրել) եւ Բաքու-Կուլեւի երկաթուղային մայրուղիները (անցումային հնարավորությունը` օրական 200 հազ. բարրել):

Ստացվում է, որ նավթամուղն այնքան էլ անվտանգ չէ, որքան ցանկանում էր ներկայացնել ԱՄՆ-ն: Բայց այժմյան եւ ապագա ենթադրական պայթյունները կարող են հարվածել Nabucco նախագծին, թեեւ այն արդեն ձախողման եզրին է: Նախորդ ուրբաթ «Գազպրոմ»-ը թուրքմենական գազի մատակարարման նոր սխեմա ուրվագծող երկու խոշոր համաձայանագիր ստորագրեց Աշխաբադի հետ: Առաջին համաձայնագրում հանգամանորեն մշակված են այն պայմանների սկզբունքները, ըստ որոնց Ռուսաստանը Թուրքմենստանից գազ է գնելու մոտակա 20 տարիների ընթացքում: Երկրորդ համաձայնագիրը յուրահատուկ է նրանով, որ «Գազպրոմ»-ը թուրքմենական էներգետիկ նախագծերի համար տարածաշրջանային դոնոր է դառնում: Ըստ էության, երկու համաձայնագրերը ապահովում են Ռուսաստանի հսկողությունը թուրքմենական գազի մատակարարման նկատմամբ: Երկրորդ համաձայնությունը նախատեսում է, որ «Գազպրոմ»-ը պիտի ֆինանսավորի եւ կառուցի ճանապարհային ցանցեր եւ զարգացնի Թուրքմենստանի գազի հանքատեղիները: Փորձագետների գնահատմամբ, թուրքմենական նախագծերի ֆինանսավորման ծավալը կհասնի $4-6 միլիարդի: «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը ասել է. «Մենք հասել ենք մի շարք համաձայնությունների, որոնց համաձայն «Գազպրոմ»-ը ֆինանսավորում եւ կառուցում է երկրի արեւելյան հատվածից դուրս եկող նոր խոշոր խողովակաշարեր, զարգացնում է գազի հանքատեղիները եւ ընդլայնում կասպիական խողովակաշարով անցումային հնարավորությունները` մինչեւ 30 միլիարդ խորանարդ մետր հասցնելով թուրքմենական սեկտորի հնարավորությունները: «Գազպրոմ»-ն այդ տարածաշրջանային նախագծերի ֆինանսավորումն անցկացնում է 0 տոկոս ձեւաչափով: Թուրքմենստանի մաքուր եկամուտը գնահատվում է 240-280 միլիոն, գրում է oil.ru-ն:

Բացի այդ, Ռուսաստանում վերակսկսվել է հետաքրքրությունը «գազային կարտելի» գաղափարի նկատմամբ: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այդ գաղափարն է վկայակոչել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի ` Մոսկվա կատարած այցի ժամանակ: «Գազի արտահանողների նման ֆորումը կնպաստի այդ հարցի շուրջ հավասարակշռությանը ամբողջ աշխարհում: Այդտեղ կարող են ստացվել այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են որտեղ եւ որքան գազ պետք է արտահանվի»,- գտնում է «Գազպրոմ»-ի ղեկավարը:

Մինչ այժմ Մոսկվան բավական զգայուն էր նման կարտելի գաղափարի նկատմամբ եվրոպական ընդդիմության հանդեպ, բայց գազի բարձր գները մեղմում են ԵԽ-ի բացասական դիրքորոշումը:

Թուրքմենստանի հետ համաձայնությունները առավել կոնսոլիդացրեցին ռուսական հսկողությունը կենտրոնասիական գազի արտահանման նկատմամբ: Այժմ «Գազպրոմ»-ը Ադրբեջանին նրա ողջ գազը եվրոպական գներով գնելու առաջարկ է արել (Մեդվեդեւը Բաքու էր այցելել հուլիսի 3-4-ին): Բաքուն կենդանի հետաքրքրությամբ ուսումնասիրում է աշխաբադյան համաձայնությունները: Ռուսաստանի նման քայլերի ընդհանուր իմաստը շատ լուրջ վերաբերմունքն է ԱՄՆ-ի եւ ԵԽ-ի` Nabucco նախագիծը կյանքի կոչելու քարոզչության նկատմամբ. այն պետք է Թուրքիայից անցներ Բուլղարիայի,
Ռումինիայի եւ Հունգարիայի տարածքներով, հիմնված էր թուրքմենական գազ ունենալու հույսի վրա, այն նավաթատարի վրա, որը պետք է կապեր Թուրքմանստանն ու Ադրբեջանը Կասպից ծոցի հատակով: Այն պետք է կապեր խողովակատարերի համակարգերը, որոնք անցնելու էին Կովկասով արդեն գոյություն ունեցող երթուղիներով, այնպիսին, ինչպիսին Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն է:

Սակայն առանց ելք ունենալու դեպի թուրքմենական գազ, Nabucco-ի կենսունակությունը կասկածի տակ է դրվում: Իսկ առանց Nabucco-ի ԱՄՆ-ի ողջ ռազմավարությունը` ուղղված ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածության նվազմանը, իմաստ չունի: Հետեւաբար, Վաշինգթոնը ընտրության առաջ հայտնվեց. կամ վերցնել այն, ինչ տալիս են, կամ ընդհանրապես ոչինչ չվերցնել: Աշխաբադում ուրբաթ օրը կայացած համաձայնությունների լույսի ներքո դա նշանակում է, որ այդ նախագծի իրականացումը ծայրահեղ կախվածության մեջ է գազի մատակարարումներից Միջին Արեւելքից. մասնավորապես` Իրանից: Թուրքիան հանգում է Եվրոպա իրանական գազի մատակարարման գաղափարին եւ առաջարկում է իր միջնորդությունը ԱՄՆ-Իրան դիմակայության հարցում:

Մինչդեռ, Economist-ը գրում է. «Վերնախավի էգոիզմի» խնդիրը, թերեւս, կարելի է համարել առավել վտանգավոր, քանի որ Ադրբեջանում պետական բարձիթողության ծավալները անցնում են բոլոր սահմանները անգամ այնպիսի երկրների չափանիշներով, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան եւ Ղազախստանը, կամ էլ հարեւան Վրաստանն ու Հայաստանը: Վերջին երկու տարիներին մի շարք խոշոր ձեռնարկություններ «հարձակումների են» ենթարկվել իշխանությունների կողմից «ՅՈՒԿՕՍ»-ի գործի ոճով: Azpetrol ընկերությունը, որը մասնագիտացած է նավթարտադրանքի վաճառքի վրա եւ հանդիսանում էր երկրի ամենաարդյունավետ ընկերություններից մեկը, պետական հարձակման ենթարկվեց 2005 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, իսկ ընկերության գլխավոր բաժնետերերը հայտնվեցին բանտում: Դրանից հետո թուրքական էլեկտրաէներգետիկ Barmek ընկերությանը ստիպեցին դադարեցնել գործունեությունը Ադրբեջանում: Դրանք միայն ամենահայտնի օրինակներն են, որոնք վկայում են գործնական մթնոլորտի վատթարացման մասին: Միձազգային ԶԼՄ-ներում, օրինակ, չի հաղորդվել հետեւյալ փաստի մասին. 2006 թվականի երկրորդ կեսից սկսվել է ադրբեջանական գործարարների արտահոսքը Վրաստան ու Ղազախստան, որտեղ գործնական մթնոլորտը, նրանց կարծիքով, ավելի գրավիչ է»:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---