Հայաստանը եւս մեկ քայլ է կատարում դեպի քաղաքակիրթ աշխարհ

Շաբաթվա հիմնական իրադարձությունների տեսություն` 08.02-13.02

ԱՊՀ Արեւմտյան Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի երկրների շրջանում Հայաստանի տնտեսությունն ամենազգալի կորուստներն է կրել համաշխարհային ճգնաժամից: Այդ մասին են վկայում «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի հետազոտությունները: Ըստ կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի, ճգնաժամն անդրադարձավ բոլոր երկրների վրա եւ ոչ մի կառավարություն դրան պատրաստ չէր: Իսկ պատճառը գլոբալ անհամաչափությունն էր ֆինանսական եւ իրական հատվածների միջեւ, ինչպես նաեւ անհամաչափությունը ֆինանսական հատվածի ներսում, միջազգային առեւտրում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամենալուրջ անհամաչափությունը տնտեսության ձեւախեղվածությունն էր, մասնավորապես, այն, որ շինարարությունն չափազանց մեծ տեսակարար կշիռ ուներ տնտեսության ոլորտում:

PanARMENIAN.Net - Անդրադառնալով 2010թ. կանխատեսումներին` նա նշել է, որ եթե համաշխարհային տնտեսությունը չհայտնվի ճգնաժամի երկրորդ ալիքի ազդեցության տակ, Հայաստանի ՀՆԱ-ի տատանումը 2010թ. կարող է կազմել -3 տոկոսից մինչեւ +3 տոկոս: սղաճի ցուցանիշն այս տարի կարող է տատանվել 6-9 տոկոսի սահմաններում: Ինչ վերաբերում է ազգային արժույթի փոխարժեքին, ապա, ըստ նրա, հնարավոր են ճնշումներ, սակայն, ամբողջական արժեզրկման մասին խոսք չի գնումե:

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնն առաջարկում է Հայաստանի կառավարությանը մշակել Հայաստանի կայուն զարգացման ռազմավարական մոդել: Անհրաժեշտ է մշակել երկրի կայուն զարգացման մոդել, ոչ թե գնալ հնի հետքերով, այսինքն, ունենալ տնտեսություն, որտեղ դրամական փոխանցումների միջոցով սնվում է շինարարության ոլորտը, ունենալ ընթացիկ դեֆիցիտի եւ արտահանման խնդիր»: Այս կապակցությամբ Հերգնյանը հավելել է, որ տնտեսության կայուն զարգացման մոդելը պետք է հիմնված լինի այն դասերի վրա, որ Հայաստանը քաղեց ճգնաժամից, ինչպես նաեւ ռազմավարական եւ տեխնիկական ներուժի, գիտատար տնտեսության վրա:

«ՀՆԱ-ի 1,2 տոկոս աճը Հայաստանում անիրական է եւ երկրի անարդյունավետ քաղաքականության արդյունք է»,-լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, եթե հաշվի առնենք կառավարության անցյալ տարվա կանխատեսումներն, ապա դրանք չունեն լուրջ հիմնավորում: «Իսկ եթե քննենք այն, ինչ թաքնված է կանխատեսումների տակ եւ այն խոսոտումը, որը կառավարությունն արդեն իսկ խախտել է, ապա այժմ կարող ենք ասել, որ Հայաստանի կառավարության ծրագիրը չի կատարվել 180 տոկոսով»,-հավելել է նա: ՀՀ կառավարությունը, ըստ Մինասյանի, պետք է դասեր քաղի իր կանխատեսումների իրատեսության առումով: «Ավելի լավ է երկնքից իջնել, եւ ոչ թե խոսքով զարգացնել տնտեսությունը, այլ կոնկրետ գործողությունների հիման վրա»,-խորհուրդ է տվել նա ՀՀ կառավարությանը:

Այս շաբաթ Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի հետ քննարկել են Հանձնաժողովի եւ կազմակերպության համագործակցության ընթացքը, աջակցության կարիք ունեցող նոր ուղղությունները եւ այլն: Առաջիկայում Հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի համագործակցության հուշագիր կստորագրվի:

Հանձնաժողովը մտադիր է մարզերում տիրող մրցակցային իրավիճակը գնահատելու, առավել բարելավելու, արդյունավետորեն հսկելու միջոցառումներ իրականացնելու նպատակով մարզային այցելությունների շարք սկսել: ՀՀ տնտեսականմրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստում, հանձնաժողովը քննարկել եւմերժել է «Արֆարմացիա» ընկերության վարչական բողոքը` դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար հանձնաժողովի որոշման մի քանի կետերն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը մասնակցում է Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 9-10-ը անցկացվող «Ներդրումային եւ առեւտրային հնարավորությունները Հայաստանում» թեմայով` «Արմեքս 2010» միջազգային համաժողովին: Խոսելով ներդրումային ծրագրերի մասին` Գ.Սարգսյանն անդրադարձել է տրանսպորտի եւ հաղորդակցության բնագավառներին նշելով, որ այդ երկու ճյուղերը մեծ դեր ունեն տնտեսության ընդհանուր զարգացման գործում: Մասնավորապես, նախարարն առանձնացրել է «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի կառուցման եւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծերը: Գ.Սարգսյանը նշել է, որ երկու բարեկամական երկրների միջեւ ուղիղ երկաթուղային կապի ստեղծումը կհանդիսանա ոչ միայն խթանիչ ուժ երկկողմ բեռնաշրջանառության համար, այլեւ կկապի Պարսից ծոցի եւ Սեւ ծովի խոշորագույն նավահանգիստները` հնարավորություն ստեղծելով անհամեմատ մեծացնել Իրանի եւ Հայաստանի տարանացիկ նշանակությունը, իսկ «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը կբարձրացնի ներկայիս գործող Իրանի հետ սահմանամերձ Մեղրի քաղաքից մինչեւ վրացական Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ տանող ավտոմոբիլային ճանապարհի թե' որակը եւ թե' թողունակությունը:

Հայաստանի կառավարությունը փետրվարի 11-ին կայացած նիստում հաստատեց ինքնակամ շինարարության հետ կապված խնդիրների լուծման հայեցակարգը, որում ինքնակամ շինարարության դեպքերը նվազեցնելու, դրա դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու եւ հետագայում դրանք բացառելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները: Այդ կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի երկար սպասված այս հայեցակարգը հավուր պատշաճի ներկայացվի նաեւ ԱԺ պատգամավորների ուշադրությանը, քանի որ դրան հետեւելու են օրենսդրական մի շարք նախաձեռնություններ:

2009 թվականին Հայաստանի բանկային համակարգով կատարված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 30,6%-ով` համեմատած 2008-ի նույն շրջանի հետ եւ կազմել $1575,7 մլն: Փոխանցումների մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին` $950 մլն, ինչը 35%-ով քիչ է 2008 թվականի ցուցանիշից: Դրա հետ մեկտեղ 2009-ին Հայաստանից բանկային համակարգով արտասահման է փոխանցվել $752,4 մլն, ինչը 33%-ով քիչ է 2008 թվականի ցուցանիշից: Փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 15.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 19.3 մլն ԱՄՆ դոլար:

Ամերիաբանկը շարունակում է իր դիրքերն ամրապնդել ֆինանսական շուկայում, ինչի մասին վկայում է օրեցօր մեծացող հաճախորդների բազան: Ամերիաբանկի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, բանկի հաճախորդների թվաքանակը 2009թ. աճել է 57 %-ով եւ արդեն տարեվերջին հաճախորդների քանակը կազմել է 13 114, ընդ որում, իրավաբանական անձանց թվաքանակի աճը կազմել է 66.9%, ֆիզիկական անձանց աճը` 55.3%:

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2009թ. արդյունքներով ՀՀ բանկային համակարգում հաճախորդների բազան աճել է ընդամենը 11.9%-ով, իսկ իրավաբանական անձանց թվաքանակը`16.0%-ով, ֆիզիկական անձանցը` 11.7%-ով: Չնայած Ամերիաբանկը կորպորատիվ, ներդրումային բանկ է, սակայն մշակել է նաեւ ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների լայն տեսականի, որը շարունակ համալրվում է նորամուծություններով:

Բանկի կորպորատիվ հաճախորդների աշխատակիցներն օգտվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթից զեղչված սակագներով: Եվ այս ամենը նպաստել է ֆիզիկական անձանց թվաքանակի աճին, որոնք կազմում են Բանկի հաճախորդների 89.4%-ը: Ամերիաբանկի բանկային հաշիվների քանակը 2009թ. աճել է 79.7%-ով, ընդ որում, իրավաբանական անձանց գծով աճը կազմել է 67.9 %, ֆիզիկական անձանց գծով` 82.2 %, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում բանկային հաշիվների քանակական աճը կազմել է ընդամենը 11.3%, իրավաբանական անձանց բանկային հաշիվների գծով` 11.0%, ֆիզիկական անձանց գծով` 11.4%:

Հայաստանի «ՊրոԿրեդիտբանկը» փետրվարի 5-ին նշեց իր գործունեության 2 ամյակը: «Մենք բանկ ենք ոչ միայն մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, այլ նաեւ մեր մասնաճյուղերի հարեւանությամբ բնակվող եւ աշխատող բոլոր մարդկանց համար։ Հաճախորդների համար ստեղծված են թափանցիկ եւ մատչելի պայմաններ։ Մենք շատ ենք կարեւորում թիմային աշխատանքը, որպեսզի կարողանանք գերազանց սպասարկում մատուցել, եւ շնորհակալություն ենք հայտնում մեր հաճախորդներին մեզ վստահելու համար։ Հպարտ ենք, որ այս կարճ ժամանակահատվածում հասել ենք լավ արդյունքների եւ 2010թ.-ին ակնկալում ենք ավելի դինամիկ զարգացում», - ասել է «ՊրոԿրեդիտ բանկի» գործադիր տնօրեն Բերթոլդ Հերցֆելդը:

Յունիբանկը թողարկել է մինչեւ 1 մլն դրամ վարկային սահմանաչափով նոր վարկային քարտ` ArCa U-Buy: Վարկի առավելագույն գումարը կազմում է 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 22 տոկոս, որը հաշվարկվում է միայն հաշվի բացասական մնացորդի վրա: Ներկայումս թողարկված քարտերի քանակով «Յունիբանկ»-ն ընդգրկված է ՀՀ բանկային համակարգի լավագույն հնգյակում:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---