Արցախի հիմնախնդիրը եւ հայ-թուրքական մերձեցումը դարձել են երկրի քաղաքական իրադարձությունների հիմնաքարերը

2010 թ. ներքաղաքական գործընթացների վերլուծություն

Այս շաբաթ Հայաստանում ներքաղաքական գործընթացների ակտիվացման մեկնարկը տվեց մարտի 8-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցը: 2008 թ. մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած հետընտրական բախումներից հետո սկսված եւ շարունակվող դատավարությունները, բացահայտում են Հայաստանի դատական համակարգի թերությունները, այսպիսի եզրակացության է հանգել ԵԱՀԿ ժողովրդավարական իրավունքի գրասենյակը եւ հրապարակել զեկույց:

PanARMENIAN.Net - «Դատավարությունները տեղի են ունեցել բարձր լարվածության մթնոլորտում, ինչը դատարանների աշխատանքը բարդացրել եւ դժվարացրել է: Դատավորներից պահանջվում էր մասնագիտական գործունեության բարձր մակարդակ», - ասել է ԺՀՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Յանեշ Լենարչիչը եւ հույս հայտնել, որ այդ զեկույցը նոր լիցքեր կհաղորդի Հայաստանի իշխանություններին` «բարեփոխելու երկրի դատական համակարգը` համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին եւ ԵԱՀԿ հանձնառություններին»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-11-ը պաշտոնական այցով մեկնեց Ֆրանսիա: Մարտի 10-ին Հայաստանի նախագահին Ելիսեյան պալատում հյուրընկալեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին: Այցի շրջանակում նախագահ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի եւ Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի հետ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունները, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրներ: Ի պատիվ Հայաստանի նախագահի` Ֆրանսիայի նախագահը պաշտոնական ընթրիք է տվել: ՀՀ նախագահի մամլո ծառայությունը հաղորդել է, որ այդ այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը պետք է հանդիպումներ ունենար Ֆրանսիայի հայկական համայնքի հետ:

Նույն օրը Հայաստանի վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավճիռը: Այդ կապակցությամբ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել, որի մեջ մասնավորապես ասվում էր. «Մեղադրող կողմը չկարողացավ բերել մեղադրական որեւէ հիմնավոր ապացույց։ Դատավորը գործեց մեղադրողի հետ բացահայտ դաշնակցած, ապօրինաբար մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունները, անտեսեց բերված փաստերը»։

«Դատարանը հերթական անգամ կատարեց իշխանությունների պատվերը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը։ Հայ Ազգային Կոնգրեսը ոչ մի ջանք չի խնայելու պայքարելու համար ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների ազատության համար»,-ասվում էր ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։

Մարտի 9-ին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը նամակով երախտագիտություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին` Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կապակցությամբ:

Նամակում նշվում է, որ բանաձեւում տեղ է գտել մի անճշտություն: Այնտեղ, մասնավորապես, ասվում է, որ Հայոց ցեղասպանության արդյունքում հայերը զրկվել են իրենց 2500-ամյա բնօրրանից: Հարություն Առաքելյանը նշում է, որ այդ սխալը, ըստ երեւույթին, այն բանի արդյունք է, որ փաստաթղթի շուրջ աշխատող մարդիկ օգտվել են հայոց պատմությունը խեղաթյուրող, կասկածելի աղբյուրներից:

Ինչպես նշվում է նամակում, բազմաթիվ են օտար քաղաքակրթությունների վկայություններն այն մասին, որ հայ ազգը արարել ու ստեղծագործել է Հայկական Լեռնաշխարհում 4500-ից ավելի տարիներ, հետեւաբար` 252 բանաձեւում ավելի արդարացի կլիներ, որպեսզի հայ ազգի ծագումնաբանությանը վերաբերող որեւէ տարեգրություն չգրվեր, այլ ուղղակի փաստվեր, որ ցեղասպանության, թալանի ու կողոպուտի հետ մեկտեղ, տեղի է ունեցել հայրենազրկում:

Առաքելյանը նաեւ հույս է հայտնել, որ այսուհետեւ Հովարդ Բերմանի ղեկավարած հանձնաժողովը հայ ազգի պատմությանը վերաբերող բանաձեւեր կազմելիս կօգտվի զուտ հայկական ակադեմիական հաստատությունների ծառայությունից:

Մարտի 10-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:

Ողջունելով հյուրին` վարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ արդյունավետ գործունեություն մաղթել: Տ.Սարգսյանը կարեւորել է Լեհաստանի վարչապետի առաջիկա այցը Հայաստան` ընդգծելով, որ այն նոր խթան կլինի հայ-լեհական հարաբերությունների զարգացման համար` նպաստելով փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Լեհաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրին` նշելով, որ դա լավ հիմք է համագործակցության ընդլայնման համար:

Կողմերն անդրադարձել են տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը եւ երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:

Նույն օրը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը Երեւանում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ մինչ օրս Հայաստանի ղեկավարությունը համարժեք քայլեր չի ձեռնարկել 2008 թ. մարտի 1-ի ողբերգական հետեւանքների վերացման համար, երկու տարի ընթացող դատավարությունների ընթացքում կատարվել է միայն իշխանությունների քաղաքական պատվերը:

Ըստ Դեմիրճյանի, իշխանությունները համարժեք քայլեր չեն ձեռնարկում նաեւ տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: «Իսկ իշխանությունների բոլոր հայտարարությունները ճգնաժամի հաղթահարման մասին, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ մարդիկ գնալով ավելի վատ են ապրում»,-նշել է նա:

Միացյալ ազատական ազգային կուսակցությունը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ հույս հայտնում, որ այն կներառվի Կոնգրեսի նիստերի օրակարգում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Միացյալ ազատական ազգային կուսակցության քարտուղար Վահան Բաբայանը:

Բաբայանի խոսքով, ԱՄՆ Կոնգրեսի կողմից 252 բանաձեւի հնարավոր ընդունումը նշանակում է, որ Միացյալ Նահանգները քայլեր են ձեռնարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու համար:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 10-ին ընդունել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող, գեներալ Ալեքսանդր Մանիլովի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ:

Արթուր Բաղդասարյանն այդ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանում լուրջ բարեփոխումներն իրականացվում են սահմանային անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար, նախապատրաստվում է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու համագործակցությունը սահմանապահ զորքերի հրամանատարության հետ, ինչպես նաեւ` օգտագործել առկա փորձը` Հայաստանում բարեփոխումներ իրականացնելիս:

Մարտի 11-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 10-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: ՀՀ նախագահն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների առանձնահատուկ դերը հայ-ֆրանսիական բարեկամական եւ ջերմ հարաբերությունների հետագա խորացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի գործունեությունը եւ միջխորհրդարանական կառույցներում համագործակցության ներկա մակարդակը, կարեւորել է հայ եւ ֆրանսիացի խորհրդարանականների պարբերական փոխադարձ այցելություններն ու շփումները: Ժերար Լարշեն իր հերթին վերահաստատել է Սենատի պատրաստակամությունը` հայ-ֆրանսիական բարեկամության հետագա խորացմանը նպաստելու գործում:

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Սենատի նախագահի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, տարածաշրջանային խնդիրների եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Փարիզում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ:

Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդեն պատմություն է եւ այժմ հարկավոր է մտածել ու խոսել դրա հետեւանքների վերացման մասին: Ամենալավը մեզ համար կլինի դիմել Հաագայի Միջազգային դատարան»,-գտնում է պատմաբանը:

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային խնդիրները բացառապես խաղաղ միջոցներով, երկխոսության ճանապարհով լուծելու գաղափարին: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոթ»` «Տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում. Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարում, հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Հենց այդ նպատակով Հայաստանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայկական կողմը, որն անցել է 1915 թ. Ցեղասպանության ողբերգության միջով, իր մեջ ուժ եւ քաղաքական կամք գտավ` կարգավորելու համար հարաբերությունները Թուրքիայի հետ»,-ասել է ԱԱԽ քարտուղարը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Ա.Բաղդասարյանը հայտարարել է, որ Երեւանն այդ հարցում հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման օգտին` փոխզիջման միջոցով: «Մեզ համար անընդունելի են ռազմատենչ հայտարարությունները եւ մենք միշտ կառուցողական մոտեցում ենք դրսեւորում բանակցային գործընթացում»,-ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս մասին Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Ռոուզ Ռոթե 73-րդ «Տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում. Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Մեր համոզմունքն է, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Հիշենք, որ 2009 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում ընդունվել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» բանաձեւը, որի համահեղինակ երկրների թվում են նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը: Բանաձեւը վերահաստատում է ազգերի ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը եւ կոչ անում հատուկ ուշադրություն դարձնել դրա ոտնահարման դեպքերին»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահն իր ելույթում:

Հայաստանի անվտանգությանը վերաբերող ռազմական եւ ռազմաքաղաքական հիմնական գործընթացներն են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ ռազմաքաղաքական հակասությունների առկայությունը տարածաշրջանում եւ միջազգային կազմակերպությունների տարածաշրջանային քաղաքականությունը: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Rod 73-րդ «Տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում. Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա, Հայաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականությունն ուղղված են հարեւան երկրների հետ իրավահավասար եւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: «Այս համատեքստում Հայաստանը հատկապես կարեւորում է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կառուցողական դերը տարածաշրջանում, ուստի ձգտում է բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել այդ կառույցների հետ»,-ասել է Օհանյանը:

«ԱՄՆ-ն, որպես հայ-թուրքական մերձեցման «կնքահայր», շահագրգռված է, որ հայ-թուրքական արձանագրությունները շուտափույթ վավերացվեն»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ Սաֆարյանի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո, հայկական կողմը հասկացրեց ԱՄՆ-ին, որ միայն Ցեղասպանության վերջնական ճանաչումից հետո կշարունակի հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ: «Իսկ Թուրքիան երաշխիքներ է ակնկալում ԱՄՆ-ից առ այն, որ բանաձեւը չի ընդգրկվի Կոնգրեսի նիստերի օրակարգում»,-ասել է նա:

Ինչպես նշել է Սաֆարյանը, ստեղծված իրավիճակից երեք ելք կա` առաջին` ԱՄՆ-ն կբավարարի հայկական կողմի ակնկալիքները, երկրորդ` ԱՄՆ-ն կվարվի այնպես, ինչպես ցանկանում է Թուրքիան, եւ, վերջապես, փոխզիջումային տարբերակ` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դիմաց Թուրքիան կստանա տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրում Արցախի հարցում»,-ասել է նա:

«Ժառանգության» խմբակցության ղեկավարն ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ-ն այժմ ճնշում կգործադրի ղարաբաղյան կարգավորման հարցում` հասնելու համար արձանագրությունների վավերացմանը Հայաստանի կողմից, նշելով, որ, եթե Հայաստանն առաջինը վավերացնի արձանագրությունները, դա հնարավորություն կտա ԱՄՆ-ին ապագայում հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից»:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշին ու նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Պատվիրակությունը այցելել է Երեւանի պետական համալսարան: Ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում Ժոաո Սոարեշը պատմել է ԵԱՀԿ եւ կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի գործունեության ու նպատակների մասին: Նախագահի խոսքով, այսօր ԵԱՀԿ-ն կազմակերպության անդամ երկրների միջեւ հակամարտությունների եւ տարաձայնությունների լուծման համար արդյունավետ հարթակներից մեկն է: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Ժոաո Սոարեշը հայտնել է, որ հակամարտության կողմերը պետք է փորձեն շուտափույթ հասնել հիմնախնդրի խաղաղ լուծմանը:

Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերն իր հերթին հայտնել է, որ հիմա չի կարելի փոխել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձեւաչափը: «Մենք հասկանում ենք Ղարաբաղի ժողովրդի անհանգստությունը: Սակայն Հայաստանի նախագահը ծնունդով Ղարաբաղից է եւ լավագույն կերպով կարող է ներկայացնել Ղարաբաղի շահերը բանակցություններում»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը` ավելացնելով, որ ռազմական ճարտասանությունն ու ռազմատենչ հայտարարությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը` 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերությամբ, ճանաչել է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները:

Շվեդական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած 252 բանաձեւը վկայում են այն մասին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անդառնալի է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, այդ գործընթացը չի կարող խանգարել հայ-թուրքական հարաբերություններին, այլ հակառակը, դրանց նոր լիցք է հաղորդում: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կստիպի Թուրքիային վերանայելու իր հայացքները սեփական պատմության նկատմամբ եւ կօգնի Թուրքիային առաջ շարժվել»,- ասել է Շարմազանովը:

Մարտի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը Սերժ Սարգսյանին է փոխանցել նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած եւ ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու հրավերը: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը:

Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը հայտարարել է, որ ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը, այնպես էլ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ցույց տվեցին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունն արդեն տալիս է իր պտուղները:

Բաբուխանյանի խոսքով, չնայած, որ այժմ հայ-թուրքական մերձեցման գործընթացում Թուրքիան կառուցողական մոտեցում չի ցուցաբերում, սակայն մինչեւ ապրիլի 24-ը կարող է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: «Թուրքիան պետք է հասկանա, որ քանի դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը, այդ փաստն օգտագործվելու է իր իսկ դեմ: Տարեցտարի Ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվն ավելանում է, իսկ Թուրքիան չի կարող իր դեսպաններին հետ կանչել աշխարհի բոլոր երկրներից»,- ընդգծել է նա:

Բաբուխանյանը բոլոր հայ պաշտոնատարներին կոչ արեց շատ զգոն լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում, քանի որ Թուրքիայի վերնախավը մինչ օրս ցեղասպանական մտածելակերպ ունի: «Ու քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նա Հայաստանի համար թշնամական երկիր է մնալու»,- նշել է «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության առաջնորդը:

ԵԱՀԿ (ԺՄԻԳ) զեկույցում, որը վերաբերում է Հայաստանում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների դատավարություններին, ասվում է, որ բոլոր դատավարություններն անցել են մարդու իրավունքների զգալի խախտումներով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Ըստ Զուրաբյանի, ԺՄԻԳ զեկույցից պարզ է դառնում, որ մարտի 1-ի գործով ընդդիմության բոլոր ներկայացուցիչները անարդար են դատապարտվել: «Սակայն զեկույցն ուշացած է, քանի որ այն պատրաստ է եղել մի քանի ամիս առաջ, իսկ հրապարակվել է միայն մարտի 8-ին: Եթե ԺՄԻԳ-ն այն ավելի վաղ հրապարակեր, դա կարող էր զգալի ազդեցություն թողնել դատավարության ընթացքի վրա»,-ասել է նա:

Զուրաբյանը նշել է նաեւ, որ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ժոաո Սոարեշի հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Հանդիպմանը մենք ընդգծել ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս ծրագրում ընդդիմադիր դաշինքը համաձայն չէ անվտնագության գոտում խաղաղապահների փոխարեն դիտորդների տեղակայմանը, քանի որ նրանք չեն կարողանա երաշխավորել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը»,-ասել է Զուրաբյանը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ Զուրաբյանը նշել է, որ այդ հարցում զգալի դերակատարություն ունի միայն ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Այս շաբաթ Հայաստանի ներքաղաքական կյանքը երկկողմանի եւ բազմակողմ հարաբերություններով էլ կավարտվեր, եթե չլիներ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը. «Մարտի 3-ին, ժամը 01:30-ի սահմաններում Տավուշի մարզի Կոթի գյուղի տարածքում ՀՀ զինծառայողները բացահայտել են Ադրբեջանի տարածքից ներթափանցած, քաղաքացիական հագուստով եւ դիվերսիոն խմբին հատուկ սպառազինությամբ հանդերձավորված 5 հոգուց բաղկացած խումբ: Գնահատելով իրավիճակը` մեր զինծառայողները նախազգուշական կրակ են բացել: Սկսվել է փոխհրաձգություն, ինչի հետեւանքով հակառակորդի դիվերսիոն խմբի անդամներից մեկը վիրավորվել է եւ գերեվարվել»:

Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը եւ Ժոաո Սոարեշը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, նաեւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու մասին: Այս մասին հաղորդել է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---