2010 թ. Հայաստանի զբոսաշրջության բնագավառում նախատեսվում է 5 տոկոս աճ

Զբոսաշրջությունը Հայաստանում նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում խուսափեց անկումից

Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում մեկնարկել է զբոսաշրջությանը վերաբերող միջոցառում, որը տևելու է տասը օր: Այդ տասն օրերի ընթացքում հարևան պետություններից ժամանած հյուրերը կարող են ծանոթանալ Հայաստանի մշակույթին և այցելել տեսարժան վայրեր, զգալ «խոսող քարերի» երկրի ազգային կոլորիտը: Միջոցառումներն ուղղված են տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը, երկրում զբոսաշրջության խթանմանը, փորձի փոխանակման ու համագործակցության նոր հնարավորությունների ձեռքբերմանը, բնագավառում առկա արդիական հիմնախնդիրների բարձրացմանն ու դրանց լուծման ուղիների որոնմանը, ինչպես նաև հասարակությանը զբոսաշրջության նոր հեռանկարները ներկայացնելու գործին:

PanARMENIAN.Net - Առաջին անգամ այս միջոցառմանը մասնակցում են Թուրքիայից ժամանած մեծ թվով զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, մասնավորապես` Վանի նահանգից, ինչպես նաև Վրաստանից և Թունիսից ժամանած զբոսաշրջության և կրթության, հյուրանոցային տնտեսության և ռեստորանային բիզնեսի բնագավառների ներկայացուցիչներ ու փորձագետներ: Միայն Թուրքիայից այցելել է մի ողջ պատվիրակություն` Վանի առևտրաարդյունաբերական պալատի միության նախագահ Վահան Զահիր Կանդասօղլուի գլխավորությամբ: Այս կազմի մեջ են մտնում զբոսաշրջային 13 ընկերություններ, ինչպես նաև անհատ գործարարներ:

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն Վանը շահագրգռված է «սահմանի դռները» բացելու հարցում, որի արդյունքում Երևանի ԱԱՊ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրվեց:

Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Հայաստանն ու Թուրքիան կարող են համագործակցել զբոսաշրջության, ՏՏ և առևտրի բնագավառներում: Զահիր Կանդասօղլուն հայ ԶԼՄ-երի ներկայացուցիչներին և գործարարներին հրավիրել է Վան` մասնակցելու սեպտեմբերի 12-ին Աղթամար կղզու վերականգնված Սուրբ Խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո առաջին անգամ կայանալիք պատարագին: Վանի ԱԱՊ-ի ներկայացուցիչը խոստացավ, որ մինչ այդ շատ բան կարող է փոխվել, և հնարավոր է, որ նույնիսկ եկեղեցու վրա խաչ տեղադրվի:

Զբոսաշրջությանը նվիրված տասնօրյա միջոցառումների կազմակերպիչներն են` Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը` Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և այդ բնագավառի ընկերակցությունների օժանդակությամբ:

Նախաձեռնության շրջանակներում տեղի կունենան «Հայաստանի զբոսաշրջության մրցունակության 4-րդ համաժողովը», «CTS 2010» միջազգային զբոսաշրջային երկօրյա ցուցահանդեսը և Հայաստանի մասին «Polaris» իտալերեն անդրանիկ ուղեցույցի շնորհանդեսը: Տեղական և տարածաշրջանի զբոսաշրջային ընկերությունների համար կանցկացվեն թեմատիկ սեմինարներ և դասընթացներ, կկազմակերպվեն քննարկումներ ոլորտի խնդիրների շուրջ` ԱԺ պատգամավորների և համապատասխան նախարարությունների մասնակցությամբ:

Զբոսաշրջության զարգացման արդիական պահանջներից ելնելով, համաժողովի թեմատիկ ուղղվածություններն են` հայկական զբոսաշրջության հեղինակությանն օժանդակելը, բնագավառում լավագույն ավանդույթներ ու փորձ ունեցող երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: Վերջին 5 տարիների արդյունքներն ամփոփելով, USAID – CAPS ծրագրի ավագ փորձագետ Ալան Սաֆերին նշել է, որ Հայաստանը միջազգային մրցունակության մակարդակով գտնվում է ստորին աստիճանում, սակայն անվտանգության և այլ տարրերով մրցունակ է իրեն հավասարազոր երկրների հետ:

Հայստանն արդեն մի քանի տարի նպատակաուղղված զարգացնում է զբոսաշրջության բնագավառը` բարձրացնելով իր մրցունակությունը միջազգային մակարդակում: Այս տարի ևս զբոսաշրջության բնագավառում ծրագրված է 5 տոկոս աճ, այն դեպքում, երբ միջազգային զբոսաշրջությունը նախատեսում է 2 տոկոս աճ: 2010 թ առաջին եռամսյակի տվյալների համաձայն, երկիր են այցելել 93 հազ. զբոսաշրջիկ, ինչը 9,4 տոկոսով ավելի բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի այցերից: Հայաստանի զբոսաշրջային առավել շատ այցելության վայրերն են` Գառնին, Գեղարդը, Զվարթնոցը, Խոր Վիրապը:

Նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում հայկական զբոսաշրջությունը կարողացավ մնալ բարձր մակարդակի վրա` շնորհիվ զբոսաշրջության օժանդակմանն ուղղված կառավարության շարունակական ակտիվ քաղաքականության, մասնավորապես Հայաստանը ներկայացնող միջազգային տարբեր հեռուստատեսությունների, լրագրողների ճանաչողական այցերի և այլ միջոցառումների շնորհիվ:

Սակայն Հայաստանի զբոսաշրջային ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում: Բարդություններ են ծագում տրանսպորտային ենթակառուցվածքների, պատմական հուշարձանների պահպանության, ծառայությունների մատուցման որակի, սակագնային քաղաքականության և այլ հարցերում: Այս բնագավառում մրցունակությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ և երկրի նպատակաուղղված քաղաքականություն` մասնավոր հատվածի օժանդակությամբ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---