Անցյալ շաբաթը հայկական կինոյի և միջմշակութային համագործակցության շաբաթ էր

Մայիսի 31-ից հունիսի 6-ը տեղի ունեցած մշակութային հիմնական իրադարձությունների ամփոփում

Անցած շաբաթվա Հայաստանի մշակութային կյանքում ամենահիշարժանն այն հաղորդումն էր, ըստ որ «Մոսկվա» կինոթատրոնում «Արարատից Սիոն» ֆիլմի դիտումները գերազանցել են «Ավատարի» դիտումներին. ֆիլմը դիտել են 20.000 մարդ: «Մայիսին կինոթատրոնի այցելուների 92տոկոսը եկել էր հենց այդ ֆիլմը դիտելու», - հաղորդել է կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մարտուն Ադոնյանը` տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Այդ նույն ասուլիսում հայտնի դարձավ նաև, որ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած Swansea Bay Film Festival կինոփառատոնում ֆիլմը ստացել է «Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակը: Այն նաև անցել է 8 այլ փառատոների եզրափակիչ փուլ և դեռ ներկայացվելու է Մոսկվայի կինոփառատոնում ու Կոլորադոյի Docuwest կինոփառատոնում:

PanARMENIAN.Net - Շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրամանագիր է ստորագրել , որի համաձայն` «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի ստեղծման համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել են` Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմական խորհրդի անդամ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի տնօրենը, ֆիլմի հեղինակը և պրոդյուսերը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Կաննի փառատոնի կինոշուկայում ցուցադրվել են հայկական գեղարվեստական ֆիլմեր: «Կաննի կինոփառատոնի մրցութային հիմնական ծրագրին մասնակցելուց առաջ, մենք երկար ճանապարհ պետք է անցնենք: Սակայն այնտեղ չորս ծրագիր կա, որից յուրաքանչյուրին մասնակցելը ազգային տոն պետք է դառնա», - ասել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը` մայիսի 31-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ փառատոնի նպատակը կինոշուկայի փառատոնին մասնակցելն է: Այսպես ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում ֆիլմեր ներկայացնելու և այլ երկրների հետ դրանք փոխանակելու համար:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն իր հերթին նշել է, որ հայկական կինոյի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել Անգլիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների կինոընկերությունները: Կաննի կինոփառատոնում ցուցադրվել է հայկական երկու ֆիլմ` Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» և Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ»:

Երևանում հունիսի 2-ին մեկ համերգով ավարտվեց «Ազգային պատկերասրահ» վեցերորդ փառատոնը և անմիջապես հայտարարվեց «Հենրիկ և Հերոնտի Թալալյանների անվ. ալտ և թավջութակ» փառատոնի բացման մասին; Փառատոների կազմակերպիչները նշեցին, որ երաժշտական տոն լինելուց բացի, դրանք նաև հիանալի միջոց են նոր անուններ բացահայտելու համար, ինչն էլ մեծ հաջողությամբ արդեն երկար տարիներ իրականացվում է: «Ալտ և թավջութակ» փառատոնի նպատակը այդ երկու գործիքները ուշադրության արժանացնելն էր:

Այս տարվա հոկտեմբերին կմեկնարկի Աղասի Այվազյանի դրամատուրգիայի թատերական փառատոնը: Ներկայացվելու են թատրոնների խաղացանկերում տեղ գտած ներկայացումները, ինչպես նաև հատուկ մրցույթի համար նախատեսված Ա. Այվազյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ: Փառատոնի հիմնական նպատակը նոր ներկայացումների բեմադրումն է: Սակայն դեռևս լուծված չէ ֆինանսավորման հարցը, քանի որ ՀՀ մշակույթի նախարարությունը շատ քիչ գումար է տրամադրել փառատոնի անցկացման համար:

Փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 18-28-ը, մասնակցելու են մոտ 11 հայկական թատրոններ: Փառատոնը սահմանելու է մրցանակներ, անվանակարգեր, դիպլոմներ: Փառատոնի հանձնաժողովի կազմում են քննադատներ և գրականագետներ, իսկ պատվավոր անդամներն են` Սոս Սարգսյանը, Զորի Բալայանը, Արմեն Ջիգարխանյանը, Պերճ Զեյթունցյանը, Տիգրան Մանսուրյանը և այլք: Հանձնաժողովի նախագահը Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է:

Այս տարի մշակութային մի շարք հայ գործիչների հոբելյանն է նշվում: Միջնադարյան ճարտարապետ, մանրանկարիչ և խաչքարերի կերտման վարպետ Մոմիկի 750-ամյակին և Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման հոբելյանական հանձնաժողովի անցյալ շաբաթ տեղի ունեցած նիստի ընթացքում, որը վարում էր հոբելյանական հանձնաժողովի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշվեց հոբելյանական միջոցառումների ծրագիրը: Մոմիկի հոբելյանի առթիվ միջոցառումների մեծ մասը կանցկացվի նրա ծննդավայրում` Վայոց ձորում: Այնտեղ մեծ վարպետին նվիրված թանգարաններ, ցուցահանդեսներ կբացվեն, կանցկացվեն նկարների և ստեղծագործությունների մրցույթներ: Գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված ցուցահանդես է նախատեսվում բացել Հայաստանի ազգային պատկերասրահում և հրատարակել նրա աշխատանքների կատալոգը:

Անուշադրության չի մատնվել նաև ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը: Հունիսի 6-ին անցկացվեց Պուշկինի պոեզիայի հանրապետական հինգերորդ տոնը` «Բարև, Ալեքսանդր Սերգեևիչ» խորագրով` նվիրված Ա.Ս. Պուշկինի ծննդյան 211- ամյակին: Տոնակատարությունն անցկացվել է Լոռու մարզի Գարգառ գյուղում, Պուշկինի լեռնանցքում:

Հայ և թուրք մասնագետները արևմտահայ գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանին նվիրված գիտաժողով անցկացրին մայիսի 5-ին, Թուրքիայի Բողազիչի համալսարանում: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել են թուրք և հայ հետազոտողներ, մասնավորապես, պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը` Միչիգանի համալսարանից, «Մեծապատիվ մուրացկաններ» և «Պաղտասար Աղբար» պիեսների թարգմանիչները` Տրապզոնի լեզվի ու թարգմանությունների կենտրոնից, Պարոնյանի ստեղծագործության մասին զեկույցով հանդես է եկել «Ակոս» թերթի աշխատակից Զաքարիա Միլդանօղլուն:

Այսպիսով, հայկական ֆիլմերը շարունակեցին հաղթական արշավն աշխարհի փառատոներում, իսկ արդեն հայտնի ու նոր թատերական և երաժշտական փառատոները հաջողությամբ անցկացվում են Հայաստանում: Միևնույն ժամանակ ակտիվանում են Հայաստանի և այլ երկրների միջև մշակութային միջոցառումների փոխանակումները` մենք հարգանքի տուրք ենք տալիս ու հիշատակման երեկոներ ենք անցկացնում մշակույթի արտասահմանյան գործիչներին նվիրված, իսկ ուրիշ երկրներում հիշատակման ու հարգանքի տուրք են մատուցում մեր գործիչներին:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---